Ախալքալաքի լողավազանում այցելուների տեղատարափ է, ընդ որում՝ երկու սեռի։ Աշխատակիցները հայտնում են, որ լողավազան այցելել ցանկացողներն ավելի շատ են, քան նրանք հնարավորություն ունեն ընդունելու:
Ախալքալաքի լողավազանում, ելնելով մտածելակերպային առանձնահատկություններից, կան տղամարդկանց և կանանց օրեր։ Այսինքն՝ շաբաթական երեք օր լողավազան կարող են այցելել տղամարդիկ և ևս երեք օր՝ կանայք, մեկ օր էլ հանգիստ է այստեղ:
Լողավազանը բացվում է 15:00-ին և փակվում երեկոյան 19:00-19:30-ին: Լողավազանից օգտվելու ամսեվճարը մեծերի համար 40 լարի է, իսկ երեխաների համար՝ 20։
Արձակուրդների և ամառային տաք եղանակներով պայմանավորված՝ լողալ ցանկացողների թիվը կտրուկ ավելացել է։ Տղամարդկանց օրվա ընթացքում մեկ ժամվա մեջ լողավազանից օգտվում է 40 մարդ։ Կանանց օրը ամեն ժամ լողավազանից օգտվում է 25 մարդ։ Ընդհանուր առմամբ, ամսվա ընթացքում լողավազան այցելում է 118 տղամարդ և 102 կին։ Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում համեմատաբար քիչ թվով կանայք էին հաճախում լողավազան, սակայն վերջին շրջանում նրանց թիվն զգալիորեն աճել է։ Կին այցելուները նշում են, որ միտումներն ու մտածողությունը փոխվում է։
Նշենք, որ Ախալքալաքի լողավազանը բացվել է ապրիլին՝ 2-3 տարի դադարից հետո, սկզբում այն տեխնիկական պատճառներով չէր աշխատում, իսկ հետո կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կիրառված սահմանափակումների պատճառով։