Շատ հաճախ մանկական հասակում երեխաները ստանում են հոգեբանական տրավմաներ, որոնք ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում, իսկ ծնողները միշտ չէ, որ կարողանում են ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով օգնել երեխաներին հաղթահարելու հոգեբանական ծանր ապրումները:
Jnews-ը վերլուծելով տարբեր դեպքեր, առանձնացրել է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների կողմից առավել հաճախ տրվող հարցեր, որոնց պատասխանները քննարկել է մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ:
Ինչպե՞ս մոտիվացնել երեխային մանկապարտեզ գնալու համար:
Ցանկացած տարիքային փուլում երեխայի համար դժվարություն է ներկայցնում այն միտքը, որ ինքը պետք է բաժանվի իր ընտանիքից, հատկապես՝ մայրիկից ու այստեղ առաջին մեծ և ծանրակշիռ գործոնը ծնողինն է: Ծնողը պետք է իսկապես ձևավորի և ունենա այդ տրամադրվածությունը, համբերատարությունն ու հանգստությունը, սպասի, որ երեխան մի օր կես ժամ մնալով, մի օր մեկ ժամ մնալով, մի օր ամբողջությամբ մնալով կարողանա հարմարվել նոր միջավայրին: Շատ կարևոր է, որ առաջին այդ այցը ոչ թե սպառնալիքի, վախի ֆոնի ուղեկցությամբ լինի, որ օրինակ՝ եթե չգնաս քեզ հետ ինչ-որ բան կլինի: Դա կրկնակի սթրեսի է ենթարկում երեխային, այդպիսով կրկնակի ցավոտ ենք դարձնում, այսինքն՝ երեխան առաջինը հասկանում է, որ բաժանվելու է իր մայրիկից և երկրորդ՝ հասկանում է, որ այնտեղ ինչ-որ վտանգավոր բան է կատարվելու իր հետ: Հակառակը, երեխան պետք է վստահ լինի, որ մանկապարտեզը դա լուսավոր ու գեղեցիկ տեղ է, ուր ինքը պետք է հաճախի:
Երբեմն հենց դայակներն են հոգեբանական ճնշում գործադրում երեխաների վրա, ինչպե՞ս պետք է վարվի ծնողը այդ պարագայում:
Բնական է, որ շատ հաճախ մասնագետները, ովքեր աշխատում են խմբերի հետ, որտեղ երեխաների քանակը շատ է լինում, իրենք իրենց ռեսուրսները դժվարանում են հավասար տեղաբաշխել, իրենց մարդկային ջանքերը շատ քիչ են իրենց օգնում, դժվարանում են և դա արդեն անկառավարելի է դարձնում երեխաների հետ աշխատանքը:
Պետք է հասկանալ մի պարզ բան, որ ինչքան դու քեզ անճար ես զգում և ինչքան դու փորձում ես խստության և պատժամիջոցների ճանապարհով լուծել առաջացած խնդիրը, այդքան քո և երեխայի հարաբերությունները վատանում են: Ավելի լավ է փորձել կառուցել հանգիստ համբերատար ընկերական հարաբերություններ երեխաների հետ, որպեսզի քո գործը այսպես ասաց մի քիչ հեշտանա, որ դու կարողանաս ստանալ այդ ցանկալի արդյունքը, որը քեզ պետք է: Այսինքն, ո՞րն է քո նպատակը, որ երեխան գա տվյալ հաստատություն, կարողանա քեզ լսել, հասկանալ, հաղորդակցվել և շփվել: Բայց իրականում շատ մանկապարտեզներում ունենում ենք իրավիճակ, երբ դաստիարակը հոգեբանական ազդեցություն է ունենում երեխայի վրա: Այստեղ խնդիր է նաև այն պետական միջամտություն և աջակցություն երբեմն չի լինում, արդյունքում՝ և ծնողը, և երեխան հայտնվում են մի իրավիճակում, երբ շատ երկար ժամանակ «տանում» են իրենց բաժին բռնությունը մանկապարտեզից: Եվ ոչ ոք ոչինչ չի կարողանում անել:
Առաջին բանը, որ պետք է անել, դա բռնության դեպքում չլռելն է, հատկապես փոքր համայնքում, փոքր միջավայրում մեկս մյուսին ճանաչում ենք ու որոշում ենք, որ չխոսենք դրա մասին: Բայց ինչքան մենք լռում ենք, այդ վնասելու շղթան այնքան շարունակվում է, և դա դառնում է ընդունված լռություն և ընդունված ձևակերպում: Չլռել, բարձրաձայնել, ավելի լավ է հրաժարվել այդ մանկապարտեզից և այդ միջավայրից, քան երեխային տանել ու ամեն օր, ամեն ժամ ենթարկել սթրեսի: Պետք է երեխայի հետ փորձել գնալ կոմպրոմիսի, փորձել գնալ որոշակի հասկացման: Եթե դուք հասկացել եք Ձեր երեխայի բնույթը, գիտեք ինչն է իրեն ոգևորում, ոգեշնչում, մոտիվացնում, ապա համագործակցելով դաստիարակի հետ, կարող եք ցանկալի արդյունքի հասնել և երեխայի հետ համագործակցությունը կստացվի:
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս երեխային հանել համացանցի կախվածությունից
Ի՞նչ պետք է անել, որ երեխան վստահի ծնողին
Խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս դպրոցներում հոգեբանների բացակայության պատճառով
Ախալքալաքի դպրոցներում հոգեբաններ չկան
Լիդա Ալմասյան