Ախալքալաքի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ծառայությունում անցած տարվանից սկսել է գործե երեխաների հոգեբանական աջակցության ծրագիր, որն ուղղված է այն երեխաների օգնությանը, որոնք ենթարկվում են հոգեբանական բռնության՝ դպրոցում, ընտանիքում և առհասարակ շրջապատում:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք գրանցվում են նմանատիպ դեպքեր մեր շրջանում, բաժնի հոգեբանը նշում է, որ ոչ շատ բայց լինում են դեպքեր, ներկա դրությամբ նա աշխատում է երկու դպրոցահասակ երեխայի հետ: Հոգեբանական խնդիրներ նկատելու դեպքում բացի դպրոցի տնօրենից, բոլորը կարող են դիմել մասնագետին խնդրի լուծման և երեխաների համապատասխան բուժման համար, դրա համար պետք է առաջին հերթին դիմել քաղաքապետարանի սոցիալական բաժնին:

Jnews-ը զրույցել է Ախալքալաքի շրջանի դպրոցներից մեկում սովորող երեք երեխայի ծնողի հետ: Ծնողի կարծիքով, դպրոցներին շատ է անհրաժեշտ հոգեբանի աշխատնքը, քանի որ ծնողները միշտ չէ, որ կարողանում են տեղյակ լինել երեխայի խնդիրներից:

«Ինչքան էլ երեխայի և ծնողի մեջ վստահություն լինի, միևնույն է կան խնդիրներ, որոնց մասին երեխաները չեն կիսվում ծնողների հետ, դրանք հիմնականում այն խնդիրներն են, որոնք սերտ կապ ունեն դասընկերների կամ ուսուցիչների հետ: Եթե դպրոցում հոգեբան լինի համոզված եմ, որ երեխաները ավելի ազատ կլինեն իրենց կարծիքների մեջ և կկիսվեն պրոֆեսիոնալ մարդու հետ: Իմ կարծիքով ուսուցիչներից շատ քչերն են ուշադրություն դարձնում այն փաստին, որ յուրաքանչյուր անզգույշ բառ մեծ ազդեցություն է ունենում երեխայի հոգեկան ներաշխարհի վրա»:

Չնայած այս ամենին, Ախալքալաքի դպրոցներում չկան հոգեբաններ, որը հաստատում է Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը:

Ինչ վերբերվում է նախակրթարաններին՝ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը պարզաբանում է, որ ունեն լոգոպետ, բոլոր նախակրթարաններում աշխատում են հատուկ մանկավարժներ, ունեցել են նաև հոգեբան, սակայն այս պահին այդ հաստիքը թափուր է: