Ախալքալաքում ծաղիկներ խոնարհեցին Վաչագան Վանցյանի հուշարձանին, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ուղղեցին 1941-1945թթ Հայրենական պատերազմի մասնակիցներին:

Վաղ առավոտից Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հաղթանակին նվիրված երգեր էին հնչում, իսկ քաղաքում «Պոբեդա» մակնիշի ավտոմեքենաներ էին շրջում: Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները ծաղիկներով, քայլերթով, հաղթական երաժշտության ներքո այցելեցին Հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանին: Իսկ երբ վետերանները եկան ծաղիկներ խոնարհելու, բոլորը ի նշան մեծարանքի ծափողջյուններով ընդունեցին:

Ախալքալաքի շրջանում այսօր ապրում է ընդամենը 13 պատերազմի մասնակից: Նրանցից միայն երկուսը՝ Ղազար Խանոյանն ու Աշոտ Ալագուլյանն էին եկել մասնակցելու իրենց նվիրված միջոցառմանը:

94 տարեկան Ղազար Խանոյանը ելույթ ունենալով ասաց. «Հարգելի հասարակություն, գնա ու չգա 41-45 թվականները: Մենք շնորհակալ ենք Վրաստանի կառավարությունից, որ ամեն տարի գալիս ենք այստեղ և մեր հոգու տուրքն ենք մատուցում մեզանից բաժանվող եղբայրներին: Այսօր էլ Ղարաբաղում 17-18 տարեկան տղերք են մահանում, ազատ աշխարհ է, թող բոլորն էլ խաղաղ ապրեն, լավ մարդիկ, բարի մարդիկ, ովքեր աշխարհի խաղաղության մասին են մտածում կյանքերը երկար լինի: Աշխարհում խաղաղություն տիրի, մարդիկ լեզու գտնեն միմյանց հետ, ազգամիջյան հարաբերությունները կարգավորեն համերաշխ կերպով, աշխատեն բոլորն իրենց գաղափարով ու հանգիստ: Ցանկանում եմ, որ ոչ ոք չտեսնի պատերազմ, անտանելի բան է, ես էլ 18 տարեկան գնացի հայտնվեցի պատերազմական գոտում, խելառ տղա էի, զենքն ինչ գիտեի, կռիվն ինչ գիտեի»:

Ախալքալաքի շրջանայաին Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շնորհավորելով Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, ասաց. «Մարդիկ շատ երիտասարդ հասակում, 17-18 տարեկան զորակոչվեցին բանակ և կերտեցին մեր բոլորիս ապագան, շատ-շատերը չվերադարձան: Շնորհավոր նաև Շուշիի հաղթանակը, մեր կամեցողությունն է, որ ոչ մի մոր աչքերից արտասուք չհոսի, խաղաղություն տիրի աշխարհին, հարգենք և մեր ուշադրությամբ գուրգուրենք ու մեծարենք մեր վետերաններին»:

Վրաստանի կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հատկացրել է 600 լարի, իսկ Ախալքալաքի տեղական իշխանությունները 500 լարի, արդյունքում Ախալքալաքի շրջանի վետերանները այսօր ստացան 1100 լարիի չափով դրամական աջակցություն: Վրաստանում այսօրվա դրությամբ ապրում է ընդամենը 948 մարդ, ովքեր մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին:

vachagan vancyan

Ashot u xazar

husharcan

xazar pap

papikner

pabeda

Աղունիկ Այվազյան