Աշխատասենյակի դիմաց հերթեր, հիվանդների հետ խորհրդակցություններ, ստուգումներ. այսպես է անցնում մեր հերոսուհու աշխատանքային առօրյան: Խոսքը Օկսանա Նահապետյանի մասին է, ով 4 ամիս է ինչ աշխատում է Ախալքալաքի հոսպիտալում որպես սրտաբան և համարում է, որ եթե ամեն մասնագիտությունից գոնե մեկ բժիշկ ունենա մեր հիվանդանոցը, ապա մարդիկ ստիպված չեն լինի գնալ այլ քաղաքներ՝ բուժօգնություն ստանալու նպատակով: Մեր հերոսուն բարձրագույն կրթությունն ստացել է Թբիլիսիում, հետո որոշել է վերադառնալ իր ծննդավայր և օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը խոսելով սրտաբան Օկսանա Նահապետյանի մասին ասում է․ «Ես շատ-շատ բավարարված եմ իր աշխատանքից, կիրթ, կոռեկտ, շատ մոտիվացված իր աշխատանքի մեջ, մասնագիտության մեջ խորը գիտելիքների տիրապետող անձնավորություն է։ Ես երկար տարիների ղեկավարի փորձ ունենալով հանդերձ շատ քիչ մասնագետների եմ հանդիպել, որ այպիսին են, ինչպիսին մեր սրտաբանն է։ Նրա աշխատասենյանի դիմաց հերթեր են, հիվանդները շատ գոհ են իրենից։ Իմիջայլոց ասեմ, որ իր գալու հենց հաջորդ օրվանից նա հարցեր դրեց հիվանդանոցի ղեկավարության առաջ, որ սարքավորումներ են հարկավոր, որպեսզի հիվանդները ժամանակին ճիշտ ախտորոշում ստանան։ Իր օգնությամբ ու պահաջով կարգավորել ենք այդ հարցերը։ Ես շատ դրական եմ գնահատում նրա աշխատանքը մեր հիվանդանոցում»։
Հատկանշական է, որ մինչ այս Ախալքալաքի հիվանդանոցը սրտաբան չուներ։
2010 թվականին «1+4» ծրագրով ընդունվել է ԹՊՀ-ի վրացերեն լեզվի նախապատրաստական կուրս։ Չնայած, որ Օկսանան ռուսական կրթություն է ստացել, նրան հաջողվել է հայերեն լեզվով հանձնել քննությունը և անվճար համակարգով կրթությունը շարունակել բուհում:
Բժիշկ դառնալու որոշումը դեռ մանկուց է կայացրել և հիմա համոզվել է, որ իր ընտրությունը ճիշտ էր։ Անցնելով մի շարք դժվարությունների միջով, մեր հերոսուհին ժպիտով է հիշում այն բարդ ճանապարհը, որն այլևս հետևում է:
Առանձնացնելով մեր շրջանում տարածված խնդիրները և գանգատները նա նշում է, որ դրանք հիմնականում սրտանոթային համակարգի հետ կապված գանգատներ են, այն է՝ արյան բարձր ճնշում, կրծքավանդակի շրջանում ցավեր, վարժությունների ժամանակ շնչահեղձություն և այլն։
Մեր հերոսուհին նախքան Ախալքալաքում աշխատանքի անցնելը, որոշ ժամանակ աշխատել է մայրաքաղաքում և ծանոթ լինելով տարբեր իրականությունների հետ, նշում է՝ մարդկանց հետ աշխատելիս, բնականաբար, և տարբերություններ, և դժվարություններ կան։
«Տեղի բնակչության մոտ ժամանակի ախտորոշման փուլը խնդրահարույց է, քանի որ կորոնարոգրաֆիա չենք անում, իսկ սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդին պետք է տեղափոխենք 250 կմ։ Միշտ խորհուրդ եմ տալիս ժամանակին գալ և հետազոտվել՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար», – ասում է Օկսանան:
Բոլորի համար պարզ է, որ բժիշկ դառնալու ճանապարհը լի է բազում փորձություններով, որոնք գալիս են ուսանողական տարիներից և ուղեկցում աշխատանքային ամբողջ գործընթացի ժամանակ:
Ախալքալաքի հիվանդանոցի սրտաբանը կիսվում է իր անցած ճանապարհով, որը շատերի համար կարող է օրինակ դառնալ, նա բակալավրն ավարտել է Թբիլիսիում, ապա գնացել ՌԴ և այնտեղ շարունակել օրդինատուրան, այնուհետև վերադառնալով Վրաստան, ռեզիդենտուրան շարունակել է մայրաքաղաքում:
«Շատ բարդ է նույն հարթության վրա մնալ, երբ քո շրջապատում սովորում են առանց լեզվական խնդիրների, իսկ դու ինչ-որ բան լսելիս փորձում ես գլխումդ պարզել, թե ինչի՞ մասին է խոսքը, հատկապես երբ թեման բժշկությանն է վերաբերվում, ապա կրկնակի բարդ է, որը հոգեբանորեն շատ դժվար է հաղթահարել: Ես հիշում եմ, երբ ամեն առարկայից հանձնարարում էին մոտ 80-100 էջ կարդալ վրացիներից շատերն այն ամբողջությամբ չէին էլ կարդում, իսկ մենք ստիպված էինք դրանք թարգմանել, հասկանալ ու սովորել»:
Մեր այն հարցին, թե ի՞նչն է մեր բժշկուհուն այդ ժամանակ ուժ տվել շարունակելու, նա պատասխանեց․ «Երբ դու ունես երազանք, ձգտում ես դրան, ապա ուժ ես գտնում հաղթահարելու բոլոր դժվարությունները, բացի այդ երբ ծրագրի առաջին շահառուներից ես, կոպիտ ասած քո վրա ընկնում է պատասխանատվություն և դու դառնում ես շրջանիդ դեմքը, իսկ մեր շրջանում ինչպես գիտենք մեծ սենսացիա է դառնում, եթե չես կարողանում սովորել»:
Շատ հաճախ մարդիկ երբ ասում են «բժշկականում սովորել», պատկերացնում են ամբողջ օրը գրքերի հետ անցկացնող, համալսարանից և տնից բացի այլ տեղ չգնացող և անդադար կարդացող մարդկանց, սակայն մեր հերոսուհին լրիվ այլ իրականության մասին է պատմում։
«Ես շատ վառ և հետաքրքիր ուսանողական կյանք եմ ունեցել, չեմ հրաժարվել ոչ մի միջոցառումից, միշտ ակտիվ եմ եղել, մասնակցել եմ տարբեր էքսկուրսիաների և փորձել համատեղել կրթությունս ու հետաքրքրություններս։ Հիշում եմ սկզբնական շրջանում շատ ծիծաղելի դեպքեր էին տեղի ունենում, երբ փորձում էի վրացերեն խոսել և սխալներ էի թույլ տալիս, բայց վրացիները երբեք չէին ծիծաղում այլ ընդհակառակը, միշտ քաջալերում էին և ասում, որ շատ լավ է ստացվում, դասախոսները միշտ ասում էին, որ հայերը ավելի աշխատասեր և համառ են իրենց նպատակին հասնելու ճանապարհին»:
Նրա խոսքով, դա շատ ինդիվիդուալ հարց է և կախված է մարդու հնարավորություններից, քանի որ մարդիկ կան, ովքեր մեկ անգամ կարդալով են սովորում, ոմանց մի քանի անգամ է անհրաժեշտ նյութն ամբողջովին ընկալելու համար, բայց եթե մտադրված ես սովորելու, ապա կարծում եմ ոչինչ չի կարող խանգարել:
Օկսանան նեղ մասնագիտությամբ սրտաբան է։ Սրտաբան դառնալու որոշումը պատահական է կայացրել։
«Համակուրսեցիներիցս շատերն աշխատում էին, նրանք պատմում էին, թե ինչպես է այնտեղ անցնում ժամանակը, ինչպես են մարդկանց կյանքեր փրկում, ցանկություն ունեցա մասնակցել այդ ամենին և սկսեցի աշխատել առանց վարձատրության, ավելի շատ պրակտիկա ունենալու համար։ Հետո ստացվեց այնպես, որ նոր սրտաբանական մասնաճյուղ բացվեց և ես որոշեցի դիմել այնտեղ որպես բուժքույր աշխատելու համար, ինձ մոտ ստացվեց, ես անցա բոլոր մրցույթային փուլերը և սկսեցի աշխատել որպես հերթափոխի ավագ»։
Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ Վրաստանում հնարավոր չէ առանց կապեր ունենալու դառնալ բժիշկներ և աշխատել հիվանդանոցներում, սակայն մեր հերոսուհին պնդում է հակառակը և բերում օրինակներ իր անցած փորձից:
«Վրաստանում առողջապահական համակարգը ինձ շատ է դուր գալիս, եթե դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, պայքարում ես, ապա դա նկատում են և քեզ օգնում են առաջ շարժվել առանց որևէ կապեր ունենալու։ Վստահեցնում եմ, որ սխալ կարծրատիպ կա տարածված այն մասին, որ Վրաստանում հայկական ազգանունով այն էլ բժշկական ոլորտում սեփական խելքով անհնար է առաջ գնալ, հաճախ մարդիկ հորինում են հազար պատճառ, թե ինչու հաջողության չհասան, բայց չեն ուզում պատճառն իրենց մեջ փնտրել: Ես շատ հիվանդանոցներում եմ աշխատել, հանդիպել եմ տարբեր ոլորտենրից մարդկանց, բայց իմ ազգանվանը ոչ ոք ուշադրություն չի դարձրել, ոչ էլ նրան, որ վրացերենին իդեալական չեմ տիրապետում, բոլորին հետաքրքրել է միայն այն, թե ինչի եմ ընդունակ և ինչ ունակություններ ունեմ»։
11 տարի ուսանելուց հետ, մինչև բժիշկ դառնալը Օկսանան իրեն փորձել է տարբեր հիվանդանոցներում։ Աշխատել է որպես բուժքույր, կրտսեր բժիշկ, և արդեն 4 ամիս է ինչ աշխատում է որպես թերապևտ-սրտաբան Ախալքալաքի հիվանդանոցում:
Բժշկուհին ասում է՝ ամեն մարդ իր պատճառներն ունի որևէ քայլ անելիս, իմանալով, որ Ախալքալաքում չկա սրտաբան և մեր շրջանին շատ են անհրաժեշտ այդպիսի մասնագետներ որոշել է վերադառնալ Ախալքալաք։
«Եթե դու լավ մասնագետ ես, ապա ամեն տեղ էլ կկարողանաս գտնել լավ աշխատանք, ամեն տեղ կունենաս պացիենտներ, ովքեր կուզենան քեզ մոտ բուժվել։ Եթե դու շրջանում մեկն ես, ապա մեծ քաղաքներում քեզ պես տասն են և պետք չէ մտածել, որ փոքր քաղաքում աշխատելով քո հնարավորությունների շրջանակը նեղանում է: Ես իմ անհրաժեշտությունն եմ զգացել այստեղ, շատ հիվանդներ մասնագետ չլինելու պատճառով ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր անցնել ստուգումների համար, իսկ հիմա մենք տեղում կարողանում ենք սպասարկել»։
Ազատ ժամանակ մեր հերոսուհին սիրում է նկարել, ճանափորդել և լսել երաժշտություն։ Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին և Օկսանայի աշխատանքին, ասում է՝ դա կախված է ժամանակից և ոչ ոք չգիտի վաղն ինչպես կդասավորվի կյանքը, բայց 4 ամսվա աշխատանքից ելնելով ասում է, որ այստեղ զգում է իր կատարած աշխատանքի կարևորությունը։ Գոհ պացիենտներ ունենալը նրան մեծ ուժ է տալիս մնալ այնտեղ որտեղ հիմա է՝ Ախալքալաքի հիվանդանոցում: