Մեր օրերում ծնողների մի ստվար զանգված պայքարում է երեխաներին էկրաններից և համացանցից հեռու պահելու և կախվածության դեմ, սակայն միշտ չէ, որ հեշտությամբ է դա ստացվում:
Jnews-ն այս անգամ զրուցել է մայրիկների հետ, ովքեր տարբեր տարիքային խմբի երեխաներ ունեն և բավականին երկար ժամանակ պայքարում են ինտերնետային կախվածության դեմ: Ընդհանրացնելով լսված կարծիքները կարող ենք վստահորեն նշել, որ երեխաների մեծ մասը կախվածություն է ձեռք բերում օնլայն խաղերից, որոնք բացասական ազդեցություն են ունենում նրանց վարքի վրա: Ծնողները փաստում են, որ այդ խաղերը իրենց բալիկներին դարձնում են ավելի ագրեսիվ և անուշադիր շրջապատի հանդեպ:
Մեր հերոսը 13 տարեկան Աշոտն է (ծնողի խնդրանքով անունը փոխված է), ով իր օրը չի պատկերացնում առանց առցանց խաղերի և վիրտուալ ընկերների:
«Դպրոցից տուն վերադառնալուց հետո արագ դասերս եմ պատրաստում, որ շատ ազատ ժամանակ ունենամ և կարողանամ խաղեր խաղալ: Իմ ամենասիրելի խաղը PUBG-ն է, որտեղ խմբեր ենք կազմում և կռվում հակառակորդի դեմ, այդ խաղի շնորհիվ ես շատ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր կողմերից: Մենք իրար զենք ենք նվիրում, օգնում ենք, որ հաղթենք, բայց երբեմն խաղի ամենահետաքրքիր պահին մայրիկս սկսում է բարկանալ ինձ վրա, որ անջատեմ համակարգիչը, իսկ ես ստիպված մենակ եմ թողնում ընկերներիս և պարտվում եմ: Ինչն ինձ շատ է բարկացնում»:
Աշոտը նշում է, որ այդ խաղի միջոցով կռվել է սովորել, իսկ երբ մեծանա իրական կյանքում է հաղթելու թշնամուն:
Նրա մայրը շատ է անհանգստանում երեխայի անընդհատ լարված վիճակից՝ երբեմն իրեն շատ ագրեսիվ է պահում, երբ արգելում ենք միացնել համակարգիչը սկսում է լացել այնքան, մինչև թողնենք խաղալ:
Jnews-ը զրուցել է մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ այն միջոցների մասին, որոնց կիրառման շնորհիվ ծնողները կկարողանան երեխաներին դուրս բերել ինտերնետային կախվածությունից:
«Առաջին բանը, որը պետք է ունենաք, դա այն միտքն է, որ մենք պետք է երեխայի բնական կյանքը լեցուն դարձնենք, իր առօրյան բավականին համակարգված պետք է լինի ցանկացած տարիքային փուլում: Անգամ ավագ դպրոցական տարիքում երեխան պետք է հստակ զբաղվածություն և ներգրավվածություն ունենա: Դպրոցից հետո՝ իր ժամանակը, գործունեությունը, շփումը ապահովելու համար: Մյուս բանը, որ կա որոշակի վերահսկելի տարիքային փուլն է, դա մինչև միջին դպրոցական տարիքն է, այսինքն՝ մինչև 7-րդ 8-րդ դասարան: Երբ մենք կարող ենք վերահսկել և համացանցից օգտվելու վերահսկողությունն էլ պետք է հստակ սակմանափակվի մինչև մեկ ժամ՝ ցանկալի դիտմամբ: Բայց այդ մեկ ժամը ևս պետք է ընդհատումներով և հանգստանալով լինի, պետք է հետևել, թե երեխան ինչ տիպի, ինչ բնույթի նյութեր է դիտում, ինչ խաղեր է խաղում, որովհետև այդ ամբողջը անդրադառնում է իր հոգեկանի և զարգացման վրա: Փորձել ոչ թե կտրուկ զրկել համացանցից կամ հեռախոսից, այլ պարզապես ունենալ 50-50 բալանսավորված վիճակ, այսինքն՝ հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը պետք է լինեն «քաղցրավենիքն» իր օրվա ավարտի կամ իր օրվա մի մասի, այլ ոչ հիմնական «ուտեստը»»:
Հայտնի են բազում հետազոտություններ երեխաների վրա տեսախաղերի բացասական ազդեցության վերաբերյալ ապացույցներ, դրանցից մեկն է մանկաբույժ դոկտոր Սինդի Գելների հոդվածը, որը խոսում է երեխաների վրա դրանց թողած բազմաթիվ ազդեցությունների մասին: Ըստ հոդվածի՝ չնայած նրան, որ որոշ խաղեր կրթական բովանդակության են, միևնույն է մեծ մասամբ նմանատիպ խաղերը երեխաների վարքագծի վրա բացասական ազդեցություն են թողնում: Մանկաբույժի կարծիքով խաղերը նպաստում են սպանությունների, պատերազմի նմանվող սցենարներով, երբեմն հանցավոր վարքագծի, օրենքի և այլ հեղինակավոր գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, կանանց նկատմամբ սեռական շահագործման կամ բռնության, ռասսայական, սեռական և գենդերային կարծրատիպերի, ինչպես նաև գարշելի խոսքի ու անպարկեշտ ժեստերի:
Հոդվածում խորհուրդ է տրվում տեսախաղեր խաղալ երեխայի հետ՝ խաղի բովանդակությունը զգալու և հստակ իմանալու համար, թե կոնկրետ ինչ է խաղում երեխան: Սահմանել հստակ կանոններ խաղի բովանդակության վերաբերյալ՝ ինչպես տանը, այնպես էլ դրսում խաղալու համար:
Լիդա Ալմասյան