Ախալքալաքի դպրոցներում չկան հոգեբաններ, որը հանգեցնում է նրան, որ շատ հաճախ երեխաները ենթարկվում են հոգեբանական ճնշման՝ ուսուցիչների կամ հասակակիցների կողմից, մասնագետ չկա, որը կկարողանա կանխել այդպիսի դեպքերը կամ դրան տալ ճիշտ լուծում:
Jnews-ը ներկայացնում է իրավիճակ, որը շատ հաճախ կրկնվում է դպրոցահասակ երեխաների շրջանում, դեպքը հիմնված է իրական պատմության վրա:
Դասարանում Արամը (խմբ. անունները դիտմամբ փոխված է) միակ աշակերտն է, ով պատրաստվել է դասին, իսկ մնացածը անպատրաստ են և ստիպում են, որ Արամն էլ այդպես ասի, բայց նա հրաժարվում է և ցույց տալիս կատարած առաջադրանքը, որից հետո ուսուցիչը նրան գովաբանում է, և նկատողություն տալիս մնացածներին, արդյունքում դասընկերները որոշում են այլևս չշփվել Արամի հետ: Դեպքի մասին Արամը որոշում է պատմել մայրիկին, որն էլ իր հերթին ավելի է ճնշում երեխային, որը բերում է նրան, որ Արամը որոշում է այլևս դաս չսովորել, որպեսզի ընկերներ ունենա:
Ի՞նչ անել այսպիսի իրավիճակում, ինչպե՞ս պետք է վարվի ծնողն ու ուսուցիչը, երբ դասարանում նմանատիպ իրավիճակ է ստեղծվում: Սա տիպիկ հոգեբանական ճնշում է, երեխայի վրա ազդեցություն է ունենում՝ և հասակակիցների կարծիքը, և ծնողի կողմից հնչող մեղադրանքը:
Jnews-ը կոնկրետ այս դեպքը փորձեց վերլուծել հոգեբան Զարուհի Զադոյանի հետ, ով իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց այս հարցի շուրջ:
Ինչ վերաբերվում է ուսուցչին, հարկ եմ համարում նշել, որ նրանց կողմից ավելի հեշտ է կանխարգելել իրավիճակը քան վերահսկել և լուծել այն, շատ կարևոր է միշտ խոսել երեխաների հետ այդպիսի հարցերով, որ նրանք պատկերացում կազմեն այդ ամենի մասին քանի որ երբեմն երեխաները իրականացնում են ճնշում իրենցից անկախ և առանց իմանալու, որ դա վատ երևույթ է, և կարող է վատ հետևանքներ ունենալ:
Կոնկրետ դեպքը տեղի է ունենում դասարանի ներսում, իսկ հոգեբանական ճնշումը իրականացվում է հուզականորեն՝ խոսքի տեսքով, եթե վերլուծենք երեխաների վարքը, ապա երեխայի քայլը միանշանակ արդարացված է:
Բայց, եթե արդեն ունենք այն ինչ ունենք, ապա ճիշտ եմ համարում այն, որ ծնողը երեխային ճնշելու փոխարեն ուսուցչի հետ հանդիպի, միասին մշակեն և իրականացնեն բացատրական աշխատանք երեխաների հետ, ոչ թե պատժելու տարբերակով, այլ հանգիստ տոնով բացատրելու: Ծնողը, ով երեխային խրախուսելու և աջակցելու փոխարեն ավելի մեծ ճնշում է գործադրում նրա վրա շատ սխալ է, որը կարող է հանգեցնել բազմաթիվ հոգեբանական խնդիրների, օրինակ՝ կարող է առաջանալ անտեղի մեղքի զգացում:
Իսկ երեխան ընկնելով ներանձնային կոնֆլիկտի մեջ, որոշում է այլևս դաս չսովորել, քանի որ սոցիումը նրան ստիպել է մտածել, որ ինքը սխալ է: Նրա մոտ պայքարելու փոխարեն ձևավորվում է համակերպվելու ցանկություն, որից դուրս գալու միջոցը ծնողի և ուսուցչի համատեղ աշխատանքն է՝ ոչ միայն տուժող երեխայի, այլ ամբողջ դասարանի հետ:
Ախալքալաքի դպրոցներում հոգեբաններ չկան
Լիդա Ալմասյան