Ախալքալաքում Իլիա Ճավճավաձեի անվան №3 հանրային դպրոցում տարվող վերանորոգման աշխատանքների պատճառով աշակերտները ստիպված կլինեն նոր ուսումնական տարին կրկին սկսել ուրիշ դպրոցում:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Դպրոցի եռահարկ նոր շենքը կառուցվել է 2012 թվականին, սակայն հիմնանորոգման կարիք ունի: Նոր ուսումնական տարվա սկզբին մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել, սակայն դպրոցի ներքին հարդարման աշխատանքները դեռ չեն ավարտվել:
Jnews-ը պարբերաբար անդրադառնում է դպրոցի նորոգման աշխատանքների ընթացքին՝ պարզելու, թե աշակետները վերջապես, ե՞րբ կկարողանան վերադառնալ իրենց դպրոց։
«Ըստ պայմանագրի, աշխատանքները ավարտին պետք է հասցնեն մինչև նոյեմբերի վերջ: Նոր ուսումնական տարին ստիպված ենք սկսել Ախալքալաքի №1 հանրային դպրոցում, դեռ շատ աշխատանքներ կան իրականացնելու», – ասում է թիվ 3 դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլին:
Ըստ վերանորոգման աշխատանքներն ացկացնող ընկերության աշխատակից Դաթո Աբրամիշվիլիի՝ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, սեպտեմբերի 15-ը վերանորոգումն ավարտված կլինի: Շենքի արտաքին հատվածի վերանորոգումն արդեն վերջացրել են, մնացել է միայն դպրոցի ներսի հատվածը։
Դպրոցը հիմնանորոգվում է Մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի միջոցներով: Վրաստանը ֆինանսավորում է ստացել Սկանդինավյան շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայից (NEFCO) Վրաստանում հասարակական շենքերի էներգաարդյունավետությունը բարելավելու և վերականգնվող և այլընտրանքային էներգետիկ ծրագրեր իրականացնելու համար: Վերանորոգման աշխատանքների էլեկտրոնային տենդեր-մրցույթները շահել է «Մեդմշենի» ՍՊԸ-ն:
Վրացական դպրոցի շենքը պետք է պատրաստ լինի մինչեւ սեպտեմբեր
Հիշեցնենք, որ Ախալքալաքի վրացական թիվ 3 դպրոցը կառուցվել է 2012 թվականին՝ «Խուրո» շինարարական ընկերության կողմից: Վրացական դպրոցի շենքը բազմաֆունկցիոնալ է: Շենքի մի մասում գտնվում է Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը:
Վարդուհի Կուրղինյան