Հունվարի 24-ին, Աբուլ գյուղի հանրային դպրոցում «Պատահաբար են հանդիպում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս» խորագիրը կրող միջոցառում է անցկացվել։ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Խոցանյանն է։
mijocarum

Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի հանրային դպրոցում այսօր առանձնահատուկ օր էր։ Միջանքներում, դասասենյակներում ամենուր Սևակ էին արտասանում։

«Պատահաբար են հանդիպում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս» խորագիրը կրող միջոցառման մեկնարկը տրվեց «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել» տողերով։ Այնուհետև ավարտական դասարանների աշակերտները (10-11-12-րդ) նախ ներկայացրին ականավոր բանաստեղծի կյանքն ու կենսագրությունը, ապա ասմունքեցին նրա «Մարդը ափի մեջ» ժողովածուից հայտնի տողեր ու սիրային բանաստեղծություններ։

Abul

Հունվարի 24-ին լրանում է հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, սցենարիստ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) 100-ամյակը։

dproc

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը, իսկ 1955 թվականին՝ ավարտել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսել է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում:

1948 թվականին տպագրվել է Սևակի անդրանիկ գրքույկը՝ «Անմահները հրամայում են», 1953-ին՝ «Անհաշտ մտերմություն» պոեմը, 1954-ին՝ «Սիրո ճանապարհը», 1957-ին՝ «Նորից քեզ հետ» ժողովածունները և այն։

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։

Պարույր Սևակի գրական ժառանգության մեջ առանձնակի նշանակություն ունեն «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, «Եղիցի լույս» ժողովածուն։

Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969 թվականին, բայց… հրապարակ հանվում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:

1963-ից մինչև 1971 թթ. աշխատել է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։