Արդեն երկրորդ տարին է ինչ Իլիա Ճավճավաձեի անվան №3 հանրային դպրոցում տարվում են վերանորոգման աշխատանքներ: Ըստ ուսուցիչների և դպրոցի տնօրինության՝ աշխատանքները դանդաղ են ընթանում, նրանք վախենում են, որ ստիպված կլինեն նոր ուսումնական տարին կրկին սկսել ուրիշ դպրոցում:

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուն պես, Ախալքալաքի վրացական դպրոցում սկսվեցին վերանորոգման աշխատանքները, եռահարկ նոր շենքը կառուցվել էր 2012 թվականին, բայց շուտով պարզվեց, որ շենքը վերանորոգման կարիք ունի, Jnews-ը այս մասին նյութ էր պատրաստել 2017 թվականին:

Դպրոցում դռների ծածկը պոկվել էր, խողովակները ծռվել էին, տանիքից ջուր էր հոսում, իսկ շենքի ճակատային մասը սեւացել էր… հենց ճակատային մասից էլ վերանորոգման աշխատանքները սկսվեցին: Դպրոցի փայտե ծածկույթը հանվեց: Հետո նրանք սկսեցին ամբողջովին նոր ջեռուցման համակարգ անցկացնել, և միայն դրանից հետո գործը հասավ ներքին հիմնանորոգմանը, տեղափոխվել են նույնիսկ պատերը: Այդուհանդերձ, կորոնավիրուսի պատճառով, 2020-ի սկզբին դպրոցներում դասեր չանցկացվեցին, բոլոր դպրոցներն անցան առցանց կրթության, այնուհետև վրացական դպրոցի աշակերտները սկսեցին երկրորդ հերթափոխով գնալ թիվ 5 դպրոց: Թե՛ ուսուցիչները, թե՛ դպրոցի ղեկավարությունը կասկածում են, որ սեփական դպրոց կկարողանան հաճախել այս տարվա սեպտեմբերից, նրանց կարծիքով` վերանորոգման աշխատանքները շատ դանդաղ են ընթանում:

DSC_9422

«Ես չգիտեմ, թե երբ կավարտեն վերանորոգումը: Ըստ երևույթին, այն պիտի ավարտեն սեպտեմբերին, բայց գործերն այնքան դանդաղ են ընթանում, որ ես կասկածում եմ, որ դպրոցի շենքն աշակերտներին ընդունելու համար պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր: Մեկ այլ դպրոցում մենք սովորեցինք մի ամբողջ տարի, մինչ այդ մենք առցանց էինք սովորում, ինչպես և բոլոր դպրոցները: Վերանորոգումը սկսվեց 2020-ի գարնանը, երբ սկսվեց համավարակը: Մենք անցանք առցանց դասերի, այդ ժամանակվանից նրանք աշխատում են: Մենք գոհ չենք աշխատանքի տեմպից, իսկ որակը` մենք դեռ չենք կարող գնահատել: Վերանորոգումը սկսվել էր ջեռուցման համակարգից, այնուհետև՝ սեպտեմբերից, անցել էին ամբողջ դպրոցի վերականգնմանը: Նախագիծն այսպիսին էր՝ նախ կատարեցին առաջին նախագիծը, հետո` երկրորդը», – ասում է թիվ 3 դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլին:

Ըստ վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության, դպրոցի շենքը պատրաստ կլինի մինչեւ վերջնաժամկետը, այսինքն՝ մինչեւ սեպտեմբեր: Երկու տենդեր է անցկացվել դպրոցում վերանորոգման աշխատանքների համար, առաջինը` ջեռուցման համակարգը կարգավորելու և շենքի արտաքին ապակեպատ մասերում ապակին ապամոնտաժելու համար` հավանաբար շենքում ջերմությունը պահպանելու նպատակով: Երկրորդ տենդերը՝ հիմնանորոգման համար:

«Ախալքալաքում աշխատանքը չի ձգձգվել, ըստ պայմանագրի մենք պետք է ավարտին հասցնենք մինչև սեպտեմբեր: Այնտեղ որոշակի աշխատանքներ են տարվում, ամեն ինչ կավարտվի սահմանված ժամկետներում: Նախատեսվում են նաև փոփոխություններ: Կային երկու պայմանագրեր, որոնց համաձայն նախատեսված էին տարբեր աշխատանքներ: Երկրորդ պայմանագրով նախատեսվում էր վերանորոգում կատարել դպրոցի ներսում», – մեկնաբանում է «Մեդմշենի» ընկերության ներկայացուցիչը:

DSC_9433

Դպրոցը հիմնանորոգվում է Մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի միջոցներով: Վրաստանը ֆինանսավորում է ստացել Սկանդինավյան շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայից (NEFCO) Վրաստանում հասարակական շենքերի էներգաարդյունավետությունը բարելավելու և վերականգնվող և այլընտրանքային էներգետիկ ծրագրեր իրականացնելու համար: Վերանորոգման աշխատանքների էլեկտրոնային տենդեր-մրցույթները շահել է «Մեդմշենի» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի վրացական թիվ 3 դպրոցը կառուցվել է 2012 թվականին՝ «Խուրո» շինարարական ընկերության կողմից: Վրացական դպրոցի շենքը բազմաֆունկցիոնալ է: Շենքի մի մասում գտնվում է Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը: Դպրոցի մարզադահլիճում «Մուրջի» պարային համույթը անցկացնում է իր փորձերը: Այս պահին համույթը չի կարող մշտական տեղ գտնել իր փորձերի համար:

Քրիստինե Մարաբյան