Երեկ, Ախալքալաքի Սակրեբուլոյում տեղի ունեցավ Սակրեբուլոյի Գենդերային խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց մասնագիտական կրթության կարևորությունը կանանց տնտեսական հզորացման համար հարցը։ Նիստին մասնակցում էին Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն, համալսարանի այլ ներկայացուցիչներ և Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Գենդերային խորհուրդը խորհրդարանի համանուն խորհրդից ստացել է նամակ֊առաջարկ: Առաջարկությունում նշվում էր շրջանավարտ դասարանների դպրոցականներին և երիտասարդներին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորության մասին տեղեկացնելու անհրաժեշտության մասին: Նաև այն մասին, թե ինչպես և որտեղ կարելի է ձեռք բերել մասնագիտական կրթություն, ինչ մասնագիտություններ կան և այլ հարցեր: Խորհուրդը երեկ քննարկեց այս նամակ֊առաջարկը և հրավիրել էր Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտորին և այլ հյուրերի:
«Քանի որ Սամցխե-Ջավախքի համալսարանի երրորդ մասնաշենքը գտնվում է Ախալքալաքում և այստեղ կան մասնագիտական ուսուցման ծրագրեր, մեր խորհուրդը, խորհրդարանի Գենդերային խորհրդի առաջարկով, մասնագիտական ուսուցման մասին իրազեկելու նպատակով, սկսում է տեղեկատվական արշավ: Դրա համար մենք դիմել ենք Սամցխե-Ջավախքի համալսարանի ղեկավարությանը, որպեսզի նրանք մեզ ներկայացնեն մասնագիտական ուսուցման համալսարանի բոլոր ծրագրերը », – ասաց Սակրեբուլոյի Գենդերային խորհրդի անդամ Սեդա Մելքումյանը:
Համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն խոսեց ընթացիկ մասնագիտական ծրագրերի, անվճար կրթության հնարավորության, մասնագիտական ուսուցման առավելությունների, ուսանողների քվոտաների, ինչպես նաև այն մասնագիտությունների մասին, որոնք պատրաստվում են բացել Սամցխե-Ջավախքի համալսարանում:
«Օրինակ, մենք մտցրել ենք «Մաքսային գործ» մասնագիտությունը, քանի որ Նինոծմինդայում կա անցակետ, այս ծրագրում ընդգրկել ենք նույնիսկ պրոֆեսիոնալների, որպեսզի հետո նրանք իրենք ընտրեն աշխատողներին: Սկզբում նրանք կուսանեն վրացերենը, այնուհետև կսկսվի մասնագիտական ուսուցումը: Երբ մենք հայտարարեցինք այս ծրագիրը, կասկածում էինք, թե կլինեն դիմորդներ, մրցույթը 14 տեղի համար էր հայտարարվել, բայց դիմորդներն ավելի շատ էին », – ասաց Մակա Բերիձեն:
Ըստ Մակա Բերիձեի, իրենք սահմանել են քվոտա, համաձայն որի ուսանողների 70% -ը լինելու են կրթություն չունեցող մարդիկ, իսկ 30% -ը` կրթություն ունեցողները (ուսանողներ կամ բարձրագույն կրթություն ունեցող անձինք): Սա որոշվել էր այն բանից հետո, երբ տեսել էին, որ «Մաքսային գործ» ծրագրի դիմորդների մեջ, արդեն ինչ-որ կրթություն ստացած մարդկանց թիվն ավելի շատ է:
Առաջարկ հնչեց նաև քննարկել որոշ մասնագիտական ծրագրերում կանանց համար քվոտաներ մտցնելու հարցը:
Համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանը խոսեց պրոֆեսիոնալ մասնագիտությունների մասին, ինչ մասնագիտություններ կան, քանի տեղ է բացվել այս ուսումնական տարում Սամցխե-Ջավախքի համալսարանում, նաև խոսեց կրթաթոշակների մասին:
Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) համակարգող Սերգեյ Խաչատրյանը խոսեց, կանանց ուսման և նրանց հասարակական կյանքին ներգրավելու, միջազգային կազմակերպությունների դերի մասին:
Նա պատմեց, թե ինչ ծրագրեր է իրականացրել և իրականացնում Ախալքալաքի զարգացման խումբը (LAG)՝ մասնագիտական ուսուցումը հանրամատչելի դարձնելու համար, և նշեց կանանց առանձնահատուկ դերը դրանում:
Հանդիպմանը պայմանավորվեցին բարձր դասարանի աշակերտների համար ճանաչողական էքսկուրսիա կազմակերպել համալսարան:
Ախալքալաքում կպատրաստվեն մաքսային գործի մասնագետներ
Այսօր սկսվել է «Մաքսային գործ» ծրագրի գրանցումը
Ախալքալաքում սկսվել է մասնագիտական կրթության ծրագրերի ընդունելությունը