Ախալքալաքի շրջանի մանկապարտեզներն այսօրվանից՝ մարտի 9-ից, սկսել են աշխատել սովորական ռեժիմով, բացի Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզից և 4 գյուղերի նոր մանկապարտեզներից:

Դաստիարակները պատմում են, թե ինչպիսի ուրախությամբ են երեխաները հանդիպել միմյանց, գրկախառնություններով, նրանք հենց այդպես էլ հրաժեշտ տվեցին իրար մինչ վաղը:

Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում նոր զուգարանակոնքեր դեռ չեն տեղադրվել: Արձակուրդներին, ցուրտ եղանակների պատճառով վնասվել էր մանկապարտեզի սանհանգույցի ջրագիծը: Այս հարցը շուտով կլուծվի:

«Պայմանագիրը նոր է կազմվել, այսօր կբերեն, մեկ շաբաթից աշխատանքները կավարտեն», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:

Վերջինիս խոսքով, սննդի հետ կապված հարցը լուծված է:

Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 13 մանկապարտեզ, որից 9-ը գործում է, այստեղից 3-ը քաղաքում են գտնվում, իսկ մնացածը՝ գյուղերում: Այլընտրանքային մանկապարտեզները 3 գյուղերում են՝ Կոթելիյա, Խանդո և Կարտիկամ: Եվս 4 նախադպրոցական հաստատություններ կբացվեն առաջին անգամ: