Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում բացվում է «Մաքսային գործ» նոր ծրագիրը: Համալսարանի կենտրոնական բազայում, ուսումնառություն ցանկացողների համար գրանցումը հասանելի կլինի հուլիսի 26-ից:

Ըստ Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեի, այս ծրագիրը կիրականացվի միայն Ախալքալաքում: Շրջանավարտները կստանան մաքսային գործի բարձրագույն որակավորման դիպլոմ: Պետական ծրագրով կրթությունն անվճար կլինի:

«Հուլիսի 25-ին կավարտվի արտոնագրման գործընթացը, մենք իրավունք կստանանք իրականացնել այս ծրագիրը, և հուլիսի 26-ին կհայտարարենք ցանկացողների ընդունման մասին: Մենք ուզում ենք, որ առաջին ուսանողները ցույց տան, որ մասնագիտական կրթությունը նույնպես կարող է լինել ամենաբարձր որակի: Մեզ մոտ ուսումնառությունը եվրոպական չափանիշներին համապատասխան է», – ասում է Մակա Բերիձեն:

Ուսանողները սովորելու են ավելի քան մեկ տարի, առաջին տարում համալսարանը մտադիր է ընդունել 14 ուսանողի: Եթե 14 դիմորդ լինի, համալսարանը նրանց կընդունի հարցազրույցով, եթե 14-ից ավելի դիմորդ լինի, ապա նրանք քննություն կհանձնեն:

Ռեկտորի խոսքերով, ծրագրով դասավանդելու են ապագա գործատուները:

«Այս վայրերում, մեզ թվում է կադրերի պակաս կլինի, և տեղի բնակչությունը մեծ հնարավորություն ունի: Եթե ուսանողները լավ սովորեն և լավ անցնեն պրակտիկան, ապա նրանց աշխատանքի կընդունեն», – ասում է Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն:

Գրանցումն իրականացվելու է Սամցխե-Ջավախքի համալսարանի կայքում և կբացվի հուլիսի 26-ին:

Սամցխե-Ջավախքի համալսարանը բացվել է 1990-ին՝ Ախալցիխեում, իսկ 2002 թ-ին բացվել է համալասարանի Ախալքալաքի մասնաճյուղը: Այնուհետև տեղի է ունեցել վերակազմավորումը, և այժմ համալսարանն ունի երկու շենք, երկու քաղաքում՝ Ախալցիխեում և Ախալքալաքում: Սամցխե-Ջավախքի համալսարանում սովորում է 1800 ուսանող, որից 240 ուսանող Ախալքալաքի մասնաշենքում են: Ուսանողների մեծ մասը մեր շրջանից են: