Ծնունդով Ջավախքի Գոնդուրա գյուղից, 27-ամյա Ռոման Խոդերյանը պատերազմի հենց առաջին օրերին ընկերների հետ կամավոր մեկնում է Արցախյան ռազմաճակատ: Նա ասում է՝ ես պետք է իմ հայրեինքը պաշտպանեի, ես կամավոր գնացի, բայց մեզանից ոչ ոք իրադարձությունների նման ընթացքի մասին մտքի ծայրով անգամ չէր կարող անցկացնել:
Սեպտեմբերի 29-ին Ռոմանն ընկերների հետ Արցախում էր: Մեր զրույցը Ռոմանի հետ կարծես չի ստացվում: Բնավորությամբ զուսպ ու քչախոս երիտասարդի համար առավել ևս պատերազմի մասին խոսելը դժվար է:
Երկուստեք լռում ենք, փորձում եմ նրա մտքերը ցրել և հարցնում ապագայի ու երազանքների մասին: Նա միանգամից պատասխանում է՝ չի ուզում այդ մասին բարձրաձայնել: Նորից լռություն է տիրում, որն այնքան երկար է թվում: Ռոմանը շարունակում է՝ կռվի ժամանակ Մատաղիսում եմ եղել, ուզում եմ գնամ տեսնեմ իմ պահած դիրքում ինչ է կատարվել:
«Ստորագրությունից 4-5 օր առաջ մենք իջանք դիրքերից, որ մի քանի օր հանգստանանք ու նորից բարձրանանք: Ինչ իմանայինք, որ էլ հետ չենք գնալու», – պատմում է Ռոման Խոդերյանը:
Հարցնում եմ, ինչպիսին էր իրավիճակը Ձեր պահած դիրքերում: Բայց ծնունդով Ջավախքից կամավորը
դժվարանում է պատմել իր ծառայության մասին, ներկայացնել իր տեսած ու կռված պատերազմը:
«Մեր մոտ այնքան լարված էր իրավիճակը, դեպքերն այնքան արագ էին ծավալվում, որ օրինակ՝ նայում եմ մարդիկ հարյուրներով նկար ունեն մարտի դաշտից, իսկ մենք քիթ սրբելու ժամանակ չունեինք, մենք դրա ժամանակը պարզապես չունեինք», – ասում է նա:
«Կռվի դաշտում երկմտանք չկա, եթե դու մեկնել ես կռվի դաշտ, ուրեմն պետք է հաղթես, անես անհնարինը հաղթելու համար: Քեզանից անկախ դու այլ կերպ ես մտածում ու գործում: Մոռանում ես ամեն ինչի մասին և մտածում միայն հաղթանակի մասին: պատերազմը քեզ սառնասիրտ է դարձնում, դու տեսնում ես բաներ, որ երևակայությանդ մեջ անգամ չի տեղավորվում», – ասում է Ռոմանը:
Նա կռվել է Մատաղիսում, ամեն կերպ խուսափում է պատերազմից որևէ դրվագ պատմելուց, ասում է՝ ժամանակը կգա կպատմեմ, հիմա չէ:
«Հիմա ավելի դժվար է, երբ ամեն ինչ գիտակցում ես, դու մտածելու ժամանակ ունես, իսկ կռվի դաշտում, դու չես հասցնում մտածել»:
Կամավոր Արցախ մեկնած Ռոմանը մարտական ընկերների մասին խոսելիս՝ նշում է. «Մենք շատ շատ ենք եղել, բայց դիրքերից մոտավոր 45 հոգի ենք իջել, շատերը զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս, շատերը վիրավորվեցին, բայց պարտվեցինք»:
Արցախյան երկրորդ պատերազմը զինվորին կյանքի բարդ դասեր է տվել: Կամավոր զինվորը ոչ միայն հայրենիք է կորցրել, այլև վստահությունը մարդկանց հանդեպ: Անկեղծանում է, պատերազմից հետո, շատերն են իրեն ասում, որ ավելի դյուրագրգիչ է դարձել և ամեն հասարակ բանից կարող է բորբոքվել:
Մեր խոսակցությունն ընդհատում է Ռոմանի ընկերը՝ Անդրանիկը, հաստատում է. «Նրա հետ խոսելը դժվար է, կոպիտ մարդ է դարձել, ինքնամփոփ ու լուռ: Իմ ընկերը նախկինում այդպիսին չէր, ընդակառակը՝ աշխույժ ու բարի մարդ էր»:
Կամավորականի ընտանիքն անգամ մինչև պատերազմի ավարտը չի իմացել, որ ինքն Արցախում է: Տանն ասել է, որ ինքը Հայաստանի սահմանին է, որտեղ ամեն ինչ կարգին է՝ նույնիսկ կրակոցներ չկան: Միայն տուն վերադարձի օրն են ծնողները նրա ընկերներից իմացել, որ որդին Արցախի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում է կռվել:
Կարող եք կարդալ նաև՝
«Ուժեղանալու ենք, հզորանանք, որ հակահարձակման անցնեք»
Ջավախքցի կամավորականն «Արիության» մեդալով է պարգևատրվել
Ջավախքցի Ռաֆիկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»