Ծնունդով Ջավախքից Անդրանիկ Համբարյանը, ով մասնակցել է Արցախյան պատերազմին, արժանացել է «Արիության» և «Փառապանծ մարտիկ» մեդալների։

Անդրանիկը ծնվել է 1996 թվականին, Ախալցիխեի շրջանի Վալե քաղաքում։ Արդեն 12 տարի է, ինչ ընտանիքի հետ բնակվում է Հայաստանում։

Վերջինս կարևորում է հայ լինելը, անկախ բնակավայրից, լինի Ջավախք, Արցախ թե Հայաստան, որևէ նշանակություն չունի:

4

Մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Համբարյանն արժանացել է Արիության մեդալի: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ՀՀ բանակի տոնի առթիվ, նրան զանգահարել է հրամանատարը և հայտնել, որ Արայիկ Հարությունյանի անունից մեդալը պետք է փոխանցի Անդրանիկին։

8

9

Պատերազմի առաջին օրերից մարտի դաշտ մեկնած Անդրանիկը, լսելով, որ պատերազմ է սկսվել, ժամ առաջ շտապել է Արցախ հասնել։

Անդրանիկ Համբարյանը բանակային չէ, սակայն 6 տարի սովորել է Տիգրան Մեծի անվան ռազմական հատուկ վարժարանում, չի աշխատել, բայց բանակայինի զգեստը շատ է սիրում։ Նրա ընտանիքի անդամներից և բարեկամներից շատերը հիմա էլ շարունակում են ծառայել Հայոց բանակում։

Անդրանիկը պատմում է, թե ինչպես է իմացել պատերազմի սկսվելու մասին:

«Սեպտեմբերի 23-ն էր, ընկերոջս հետ Երևան գնացի, այնտեղ ենք աշխատում։ 27-ի առավոտյան ժամը 7։30 էր, հեռախոսս զանգեց, տեսա եղբայրս է, մտածեցի առավոտ շուտ ինչո՞ւ է զանգում, դեռ չէի մտել ինտերնետ, պատասխանեցի, ասաց՝ ոտդ Ղարաբաղ չտեսնեմ, կռիվ է սկսվել։ Այդ պահին ասացի լավ, սպասիր կզանգեմ, մտա ինտերնետ և հասկացա թե ինչ է կատարվում», – հիշում է նա:

Անդրանիկի եղբայրը՝ Գրիգոր Համբարյանը Հայոց բանակի սպա է: Այսօր էլ նա շարունակում է հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան գործը:

1

Պատերազմի մասին լուրն Անդրանիկին հանգիստ չի տալիս, անընդհատ մտքով Արցախում էր:

«Գնացի գործի, չէի կարող աշխատել, ընկերոջս ասացի, որ ես գնում եմ, ընկերս էլ նախանցած տարի էր զորավարժություններին մասնակցել, նման դեպքերի ժամանակ առաջինը նրանց են կանչում։ Եկանք գյուղ, գյուղում հավաքվել էին 12 հոգի, ասացի եթե գնում եք, ես ձեր հետ գամ, առավոտյան գնացի Թալինի զինկոմիսարիատ և որպես կամավոր գրանցվեցի», – ասում է Անդրանիկ Համբարյանը:

Որպեսզի հնարավորինս շուտ մեկնի Արցախ, հայորդին զանգում է իր հրամանատարին։

9

«Զանգեցի հրամանատարիս՝ Կորյուն Ղումաշյանին, նրան ասացի կամանդիր չեք գնում, ասաց, ոնց չենք գնում, ասացի՝ գրանցեք մինչև գամ հասնեմ։ Ամսի 29-ին ընկերոջս հետ արդեն Ղարաբաղում էինք»,- պատմում է Անդրանիկը։

Մատաղիս, Հադրութ, Ֆիզուլի… Անդրանիկ Համբարյանը եղբոր հետ կռվել է հանուն հայրենիքի պաշտպանության: Հիշում է Ֆիզուլիում իրենց դիրքն ինչպես են պաշտպանել:

«Ֆիզուլիում թշնամին արդեն հասել էր մեր խրամատ, մեր տղաներից 4-5 հոգի, սկսեցին կրակ բացել նրանց ուղղությամբ, իհարկե մյուս դիրքերի զինվորների օգնությամբ, կարողացանք պահել մեր դիրքը։ Մեր զինվորները շատ լավ կռվեցին, hալալ է նրանց, հալալ է մեր վարորդներին, նրանք գիշերով շատ լավ էին վարում մեքենաները»,- պատմում է նա։

Երկու եղբայրով կռվել են Հադրութում, մի եղբայրը քաղաքի մի հատվածում, մյուս եղբայրը՝ մյուս։ Հարկ է նշել, որ Անդրանիկի հայրը նույնպես ազատամարտիկ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Անդրանիկը պատմում է, որ իրենց դիրքի տղաներով այնքան են մտերմացել, որ իրեն մեկ-մեկ թվում է, թե փոքրուց նրանց հետ է մեծացել:

«13 հոգիս հիմա այնպիսի ընկերություն ունենք, կարծես հազար տարվա ծանոթ լինենք, կարծես մանկուց միասին ենք մեծացել։ Ու որ գիտես, ամեն հարցում մեջքիդ կանգնած են», – նշում է նա:

Մարտի դաշտ մեկնելիս Անդրանիկը երբեք չի մտածել զոհվելու մասին։

«Երբեք չեմ մտածել զոհվելու մասին, որ ասենք գնամ ու կարող է զոհվեմ։ Ինչ որ տեսա հոկտեմբերի 3-ին Մատաղիսում երբեք չեմ մոռանա, այդ ժամանակ գիտակցեցի, թե ինչքան քաղցր է կյանքը, լավ է երկու ոտք ու ձեռք չունենաս, բայց ողջ մնաս»,- ավելացնում է նա:

3

«Այդ ժամանակ պետք է գիտակցել, որ թեկուզ հարազատ եղբայրդ, հարազատ ընկերդ զոհվի, դու պետք է սառը դատես», – վստահեցնում է ԱՆդրանիկ Համբարյանը։

Այս պատերազմը Անդրանիկի մասնակցած երկրորդ պատերազմն է, նա ապրիլյան քառօրյայի ժամանակ զինծառայող է եղել։

Ծառայության ընթացքում ևս Անդրանիկը պարգևատրվել է մեդալներով:

Գայանե Ակոջյան