Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում զոհված, շարքային Ռաֆիկ Արսենի Հակոբյանը Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով, հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր նրա շիրիմի մոտ ծնողներին են հանձնել որդու պարգևը:
Արմատներով Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղից Ռաֆիկ Հակոբյանը ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Գառնալիճ գյուղում։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոց և այն ավարտելուց հետո անմիջապես զինվորական ծառայության է կոչվել ՀՀ Զինված ուժերում:
2019 թվականին ծառայության է անցել Արմավիրի մարզի N զորամասի տանկային ուսումնական վաշտում, որպես տանկի մեխանիկ-վարորդ և 6 ամիս անց տեղափոխվել Արցախի ՊԲ Մատաղիսի N զորամաս, որպես տանկի վարորդ` մարտական ծառայությունը կատարելով Թալիշի և Մատաղիսի դիրքերում։
Ռաֆիկի զինվորական ծառայության մեկնելուց 21 ամիս սկսվում է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը: Այդ պատերազմը չխնայեց նաև Ռաֆիկ Հակոբյանին: Նա թշնամու դեմ անձնվիրաբար կռիվ էր տալիս Թալիշի դիրքերում: Թեժ մարտերի ժամանակ կորցնում է իր մարտական տանկը և զինակից ընկերներին: Այնուհետև 17 ընկերների հետ, նահանջի ժամանակ հայտնվում է շրջափակման մեջ: 7 օր դիմադրում են թշնամուն և դուրս գալիս շրջափակումից: Ռաֆիկը բարձր ջերմությամբ տեղափոխում է Ալաշանի հոսպիտալ և համապատասխան բուժում ստանալուց հետո, երեք օր անց վերադառնում է Ալաշանի անտառներում գտնվող զինամթերքի պահեստ։ Արդեն հոկտեմբերի 14-ի առավոտյան 60 հոգանոց խմբով մեկնում է Մարտունի 2, Մաղավուզի դիրքեր և մասնակցում թեժ մարտերի։
Զորքին զենք, զինամթերք հասցնելու ճանապարհին թշնամու ինքնաթիռի արձակած արկից հերոսաբար զոհվում է հանուն հայրենիքի։ Ռաֆիկը տան կրտսեր զավակն էր:
Ռաֆիկին մնացել էր ծառայելու ընդամենը 84 օր, որն այդպես էլ մնաց անկատար երազանք, իսկ ընտանիքը մնաց որդուն հավերժ սպասող։
«Ջավախքը հայի կողքին» բարեգործական հիմնադրամի ջանքերով նրա մարմինը զոհվելուց 105 օր հետո, ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր է լինում ճանաչել:
2021 թվականի փետրվարի 1-ին Շիրակի մարզի Արփի համայնքապետարանի հովանավորությամբ՝ նրան հողին են հանձնում հայրենի Գառնալիճ գյուղում, հերոսին վայել արարողակարգով։
Ռաֆիկ Արսենի Հակոբյան: Հավերժ փառք մեր ընկած հերոսին։