«Զորամասում էի, Հադրութում, սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ 7 անց 15-ի սահմաններում էր, վաշտը շարել էի, որ ճաշարան գնանք, սմերչը խփեց Հադրութ քաղաքին: Արագ թաքստոց իջանք, ամբողջ օրը ռմբակոծում էին, ինտենսիվ գործողություններ էին ընթանում, ջոկերով արագ զինվել ու բարձրացել ենք դիրքեր, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը»:

Ծնունդով Ջավախքից ավագ լեյտենանտ Գրիգոր Համբարյանը դժվարանում է պատմել իր ծառայության մասին, ներկայացնել իր տեսած պատերազմը:

Յուրաքանյուր բառ արտասանելիս երկար մտածում է՝ պատմի տեսած պատերազմի մասին, թե ոչ…

«Սկզբից, որ դիրքերում չէի, միտքս անընդհատ առաջնագծում էր, թե ինչ է կատարվում, չնայած կապի միջոցով լսում էի որոշ բաներ: Հենց առաջին օրը մեր գումարտակը թշնամու 4 զրահատեխնիկայից 3-ը խոցեց, մեկը կարողացավ նահաջել: Մենք բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել»:

IMG-20210206-WA0008

26-ամյա զինվորականի համար պատերազմը սպասելի է եղել՝ Ադրբեջանը զորավարժություններ էր անցկացնում:

«Ինձ համար շատ հետաքրքիր մնաց, թե Հադրութ քաղաքը ոնց գրավեցին, հակառակորդին հաջողվել էր առանց լուրջ մարտեր վարելուց վերցնել քաղաքը: Իսկ մեր մարտական դիրքը հակառակորդի համար անհասանելի էր, մեր թիկունքը թույլ էր, իսկ առաջնային գիծը շատ ամուր, ու դա մեր հրամանատարական կազմի շնորհիվ էր: Պրոֆեսինոնալ հրամանատարական կազմի շնորհիվ մեր դիրքը շատ ամուր էր, ուղղակի երբ քաղաքը վերցրին և հակառակորդը արդեն բոլոր կողմերից հարձակվում էր, արդեն մենք չէինք կարողանում պահել դիրքը: Մենք մի կողմից ելք ունեինք, դեպի Մարտունի, որտեղով էլ դուրս ենք եկել հոկտեմբերի 28-ին, 32 օր մեր դիրքը պահելուց հետո հակառակորդը հայտնվել էր մեր թիկունքում էր, գրավել էր, մտել Ջաբրայիլի հատվածից, մենք այլ ելք չունեինք, անհնար էր…»

Քառօրյա պատերազմի ժամանակ Գրիգորը կուրսանտ է եղել: Իրադարձությունների բերումով Վազգեն Սարգսյանի անվան վարժարանի սանը վերապատրաստման նպատակով Արցախում էր գտնվում, ավելի կոնկրետ Հադրութում, ինչպես այս պատերազմի ժամանակ:

«Թույլ չենք տվել հակառակորդի առաջխաղացումը թիկունք, լավ կլիներ այդ ժամանակ պատերազմն այդ ժամանակ շարունակվեր, ոչ թե կանգներ»:

44-օրյա այս պատերազմը, սպայի խոսքով, այնքան ինտենսիվ էր ընթանում, այնքան շատ էր ԱԹՍ-ների կիրառությունը, որ իրենց շատ հաճախ չէր հաջողվում նախահարձակ լինել: Կռվել են Արցախի հերոս Շաքարյանի հրամանատրության ներքո, ունեցել են՝ և հաջողություններ, և անհաջողություններ

IMG-20210206-WA0000

Փոքրուց Գրիգորը մեծացել է Արցախյան առաջին պատերազմի մասին հոր պատմությունները լսելով:

«Հայրս առաջին Արցախյանի մասնակից է, միշտ պատմում էր, ասում՝ գոյություն ունի հայրենիք, ազգ, որը սրբություն է, պետք է ամուր պահել, միշտ ասում էր այսօր Շուշին ենք ազատագրել, ինքնակազմակերպվել ու հարձակվել, և այլն, և այլն»:

Վերջինս ընդգծում է, մի բան է լսել Սումգայիթի ջարդերի, ցեղասպանության, Արցախի կռվի մասին, մեկ այլ՝ երբ ինքնդ ես կռվում: Արյունը մեջդ եռում է, անընդհատ մի ձայն քեզ ասում է՝ վրեժ…

«32 օր Հադրութում եմ եղել, 2-3 օր հանգստանալուց հետո բարձրացանք Շուշի, ամսի 5-ից մինչև 8-ը Շուշիում եմ եղել: Այդ օրերը իմ համար անմոռանալի են: Իմ գումարտակը նորակոչիկների գումարտակ էր, երբ ասացին, որ պետք է բարձրանանք Շուշի, մտածում էի, տեսնես կարողանալու են կռվել երեք ամսվա զինվորները: Հենց դիրքեր բարձրացանք 5 րոպե չէր անցել թեժ մարտեր սկսվեցին: Հակառակորդի զինվորները շատ էին, բազմաթիվ, իմ կարծիքով իրենք «Յաշմայից» էին, մեր դեմ Թուրքիան էր կռվում: Մենք անցանք շրջանաձև պաշտպանության, հակառակորդին չի հաջողվում մտնել Շուշի, բայց մենք արդեն շրջափակման մեջ էինք, մոտ 300-400 հոգի, հակառակորդը երևի մի 3-4 հազար հոգի կլիներ, Քարին տակով, Լաչինի ճանապարհով: Իրենք մշտապես հակահարձակման էին անցնում, ու իրենց չէր հաջողվում, զոհ էին դառնում, մենք նույնպես զոհեր էինք տալիս, վիրավորներին օգնել չէինք կարողանում… Նոյեմբերի 7-ի լուսադեմին պետք է հակահարձակման անցեինք, ամեն ինչ պարզ էր, կամ մենք կամ իրենք»:

IMG-20210206-WA0005
Գրիգորը այսօր էլ զարմանում է, որ թշնամու գնդակն իրեն չի կպել, պատերազմից հետո վերլուծելով այդ օրերի ապրումները, նորովի է արժեվորում կյանքը:

«Պադրոնները դեմովս անցնում էին, ես մտածում էի՝ հիմա ինձ կկպնի, ես չէի մտածում, որ կփրկվեմ»:

«Շուշիում երեք օր ոչ մի օգնություն չի եկել, ստացանք հետնահաջ հրամանը, մենք ոչ մի բան չունեինք, երկու տանկ էր մնացել, շատ վիրավորներ ու զոհեր ունեինք, ոչ մեկիս չէր հաջոցվում վիրավորներին իջեցնել: Գիշերը անտառով փորձում էինք Ստեփանակերտ իջնել, այդ ժամանակ 6 հոգանոց խումբ դուրս եկավ դիմացներս, մեկն ասաց՝ Հովո, դու ես, մեր վաշտի հրամանատարն ասաց, որ հայրեր են, և ասում են ճանապարհը բաց է, ես ասացի՝ չեմ հավատում, դրանք թուրք են, ես ճիշտ էի, բոլորն էլ թուրք էին, անմիջապես կրակում եմ, մեր կրակոցներից հետո ակտիվ փոխհրաձգոթյուն է սկսվում, բոլորին ոչնչացնելով առաջ ենք շարժվում: Պայմանավորվեցինք, որ խումբ-խումբ շարժվենք, ճեղքենք պաշտպանությունը և դուրս գանք դեպի Ստեփանակաերտ: Ես մնացի ընկերոջս՝ Արմանի հետ, նա ասում էր, որ սպասենք տանկերը կգան մեզ կփրկեն: Մինչև անտառից դուրս եկանք այդպիսի 3 խմբի հանդիպեցինք, ամենուր զոհեր էին, վիրավորներ…»:

Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի մասին ասում է. «իրավիճակը գնահատելով շատ ճիշտ էր, բայց ցավ էր, որ այդքան տղաներ զոհվեցին հանուն հայրենիքի ու… շատ դժվար է, չգիտեմ… չեմ ասի 100, բայց 90 տոկոսը ղարաբաղյան հատվածում կզոհվեր, որովհետև Լաչինը փակ էր, մենք շրջափակման մեջ էինք»:

Պատերազմում հայկական կողմի կրած անհաջողությունների վրա զինվորականը չի կենտրոնանում, ասում է՝ պետք է կենտրոնանալ ապագայի վրա՝ «մենք ուժեղանալու ենք, հզորանանք, որ հակահարձակման անցնենք»:

IMG-20210206-WA0002

Կարդացեք նաև՝ Ջավախքցի կամավորականն «Արիության» մեդալով է պարգևատրվել հոդվածը: Անդրանիկն ու Գրիգորը եղբայրներ են:

Տեսանյութն ու լուսանկարները JNEWS-ին է տրամադրել Գրիգոր Համբարյանը: