Ախալքալաքի շրջանում Վարազդատ Հակոբյանը հազվադեպ մարդկանցից է, ով եվրոպական կովեր է ներկրել և բազմացնում է: Նա վստահ է, որ իր բիզնեսը զարգացման հեռանկար ունի: Սակայն ներդրումը, որը անհրաժեշտ է այս պահին, չի կարող անել, մեծ վարկը չի թույլ տալիս:

Դադեշ գյուղում բոլորն են անասնապահությամբ զբաղվում, այդ թվում նաև Վարազդատը, սակայն նրա կովերը տարբերվում են մնացածից:

kovik

Հակոբյանները նախկինում 10 կով ունեին, սակայն պահում էին տեղական կով և բացառապես իրենց համար, որպեսզի սնունդ ունենան: Իսկ բիզնեսը սկսվեց պատահական և անսովոր կերպով, որը դեռ շահույթ չի բերում նրանց:

«Ուզում էի, ինչ որ մի բիզնես սկսեի, ընկերս խորհուրդ տվեց անասնապահություն, բայց ոչ տեղականը, որովհետև մենք նախկինում էլ ունեցել ենք 10-11 հատ կով, բայց արդյունք չենք տեսել», – պատմում է նա:

hortukner

Ֆերմերը փոքր անասնաֆերմա է ստեղծել: Նա ասում է՝ իր տնտեսությունում այսօր 20 գլուխ անասուն կա: Սակայն ընդամենը երկու տարի առաջ այս ամենը չկար:

«Հիմա արդեն բավականին հեշտ է անասնապահությունը, – ասում է Վարազդատը, – տարբեր տեսակի տեխնիկա ունենք, օրինակ՝ կթելու սարք: Շատ հարմար տեխնիկա է, ուզում եմ խոտ աղալու սարք գնել, սակայն դեռ չեմ կարողանում»:

ktelu sarq

2017 թ.-ից Հակոբյանները պարտքերի մեջ են խրվել, վարկ վերցրել և առաջին անգամ սկսել են աշխատել ոչ թե իրենց, այլ շուկայի համար:

«Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, սա հեռանկարային շուկա է: Մենք գյուղում ապրող, արդար քրտնքով աշխատող մարդիկ ենք: Պետությունը պետք է հատկապես սկսնակ ֆերմերներին աջակցի, որ կարողանանք ոտքի կանգնել», – ասում է նա:

gom

Հակոբյաններն իրենց բիզնեսն էլ ավելի ընդլայնելու մասին են մտածում, սակայն սահմանափակ հնարավորությունները ռեալ խոչընդոտում են զարգացմանը: Շուկայում մրցակցության մասին չի խոսում, մտածում է, որպեսզի ֆերման մեծացնի, դրա համար նա դեռ շատ պետք է աշխատի:

«Սկսելու համար 60 000 լարի եմ բանկից վերցրել, տունն եմ գրավի տակ դրել, շատ դժվարությամբ, մինչև հիմա էլ չարչարվում ենք ու բանի չենք կարողանում հասնել: 44 տարեկան եմ, միշտ անասնապահությամբ եմ զբաղվել: Հաշվարկ արեցի, որ 3 տարի հետո արդեն շահույթ կստանամ: Բայց արդեն չեմ կարողանում, սրանք եվրոպական կովեր են, նուրբ են, խնամքն ու պահանջը շատ մեծ է: Խոտն աղացած են ուտում, գարի, բանջարեղեն եմ տալիս, որպեսզի վիտամին ստանան: ֆերման մեծացնել ենք ուզում, կովերն առաջին անգամ հորթ են ունեցել, գոմը փոքր է, արդեն կապելու տեղ չունեմ», – պատմում է սկսնակ ֆերմերը:

kat
Վերջին տարիներին Դադեշում և հարևան գյուղերում հաճախ են կրկնվում անասնագողության դեպքերը: Այն դիտարկմանը, թե չեն վախենում անասունների համար, ֆերմերը պատասխանեց.

«Աշնանը հաճախ են գյուղից կովեր գողանում: Հիմա լավ է ոստիկանները հսկում են: Մենք էլ այդ պատճառով շուն ենք պահում, պարտադիր տնից մեկը չոբան է գնում: Չնայած արոտավայրը մեր տանը մոտ է, միայն գոմն է փակ, որտեղ կովերը ձմեռում են: Իսկ տաք եղանակին նրանք ազատ արածում են», – ասում է նա:

Վարազդատի կովերից յուրաքանչյուրն օրական 36-37 լիտր կաթ է տալիս, իսկ մեկ լիտր կաթը հանձնում է ընդամենը 90 թեթրիով: Վերջինիս խոսքերով ինքնարժեքը չի փակում:

«Մեկ լիտրը մինիմում մեկ լարի պետք է լինի, որ շահավետ լինի: Կաթը պահանջարկ ունի, Նինոծմինդայից երկու օրը մեկ գալիս տանում են: Եթե մի քիչ աջակցություն լիներ պետությունից, հենց տեղում կաթի մշակման արտադրամաս կհիմնեի, անասնագոմս կմեծացնեի: Բայց ուր գնում եմ, ասում են՝ արդեն ուշ է, ոչ մի ծրագիր չկա, չգիտեմ ինչ անեմ, ուր դիմեմ», – ասում է Վարազդատ Հակոբյանը:

Dadesh

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն նշում է՝ սկսնակ ֆերմերները կարող են ագրովարկ վերցնել ցածր տոկոսադրույքով:

«Այս տարի պետությունը 20 մլն լարի է հատկացրել գյուղատնտեսության զարգացմանը: Բայց կոնկրետ ինչպես է բաշխվելու գումարը դեռ պարզ չէ: Ես չգիտեմ այդ մարդն ինչի ագրովարկ չի վերցրել, երևի տեղյակ չի եղել: Ֆերմերները կարող են միանալ և կոոպերատիվ ստեղծել, որին կօգնի պետությունը», – ասաց Ռամազ Գոգոլաձեն:

gyux Dadesh

Վրաստանը անցկացնում է տարբեր ծրագրեր գյուղատնտեսության աջակցման համար, սակայն ինչպես տեսնում ենք, ոչ բոլորը, ում իրականում կօգնեին այդ ծրագրերը, օգտվում են դրանցից:

Աղունիկ Այվազյան