Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի հատման կետում տեղի ունեցած վթարից հետո, որը խլեց 40-ամյա կնոջ կյանքը, երեկ՝ փետրվարի 11-ին, տեղադրվել են ճանապարհային նշաններ: Ի՞նչ պատճառով են տեղադրվել նշանները և արդյո՞ք դրանք տեղադրվելու են այլ անցումային կետերում, Jnews-ը փորձում է պարզել պատասխանատուներից:
Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, ԲԹԿ երկաթգծի վրա, որտեղ հունվարի 19-ին գնացքը բախվել էր «Hyundai» մակնիշի մեքենային, երկու կողմերում տեղադրված են ճանապարհային նշաններ. «Երկաթուղային անցում առանց ուղեփակիչի» և «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է»: Ըստ տեղացի տաքսու վարորդների՝ ճանապարհային նշանները տեղադրվել են երեկ՝ փետրվարի 11-ին:
ԲԹԿ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած կինը մահացել է
Մահացու ելքով ավտովթար ԲԹԿ-ի վրա. բնակչության անվտանգությունն ապահովված չէ
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղյակ չէին, թե ո՞վ կամ ո՞ր ընկերությունն է տեղադրել ճանապարհային նշանները, որից հետո Jnews-ը փորձեց դա պարզել ՍՊԸ «Մարաբդա-Կարծախ» ընկերությունից:
«Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Jnews-ին հայտնեցին, որ նշանները տեղադրվել են «Ադրբեջանական երկաթուղիների» վրացական մասնաճյուղի կողմից:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, տեղի էր ունեցել ՃՏՊ՝ մարդատար մեքենան բախվել էր գնացքին: Մեքենայի մեջ գտնվող ամուսիններին ՃՏՊ-ից հետո ծանր վիճակում տեղափոխել էին Ախալքալաքի շրջանային հիվանդանոց: Տղամարդուն անմիջապես տեղափոխել էին Թբիլիսի, իսկ կնոջը վիրահատել էին Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցում: Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած 40-ամյա կինը գիշերը մահացել էր՝ շտապօգնության մեքենայով Թբիլիսի տեղափոխելու Ճանապարհին:
Բախվել են գնացքն ու ավտոմեքենան. երկու հոգի ծանր վիճակում են
«Մարաբդա-Կարծախ երկաթուղին» մեկնաբանում է Նինոծմինդայում տեղի ունեցած ավտովթարը