«Մարաբդա-Կարծախ» երկաթուղային ընկերությունում պնդում են, որ Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, երկաթգծերի վրա տեղի ունեցած, գնացքի և մեքենայի բախման մեջ մեղավորը մեքենայի տուժած վարորդն է:
Այսօր՝ հունվարի 19-ին, Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, գնացքի և մեքենայի բախման արդյունքում, տուժել են մեքենայի մեջ գտնվող ամուսինները Սաթխա գյուղից: Երկուսն էլ գտնվում են ծանր վիճակում:
«Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը մեկնաբանել է կատարվածը:
«Ամեն ինչ տեղի է ունեցել մեքենայի վարորդի մեղքով, քանի որ այնտեղով չի կարելի անցնել, նա խախտել է երթևեկության կանոնները, այնտեղ որտեղով մեքենաները կարող են հատել մեր գիծը կան ուղեփակոցներ: Վարորդն է մեղավոր, հետաքննությունն արդեն սկսվել է, նրանք կպարզեն », – ասացին «Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար մեքենան բախվել է գնացքին:
Մեքենայի մեջ գտնվել են ամուսիններ, նրանք Նինոծմինդայի բնակիչներ են, ծնունդով Սաթխա գյուղից: Երկուսն էլ գտնվում են ծանր վիճակում, տղամարդուն տեղափոխել են Թբիլիսի, կինը վիրահատվել է Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցում:
Վրաստանի ՔՕ 275-րդ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության կամ երկաթուղային, ջրային, օդային կամ կախովի տրանպորտային փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով հարուցվել է քրեական գործ: