Պետական աուդիտի ծառայությունն ուսումնասիրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018-2019 թվականների աշխատանքը և բացահայտել թերություններ: Ծառայությունը մշակել է թերությունները շտկելու առաջարկներ: Ախալքալաքի քաղաքապետարանը քննարկել և պատասխանել է Աուդիտի ծառայությանը, թե որքան ժամանակում կշտկվեն սխալները:
Պետական աուդիտի ծառայությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատանքի մեջ հայտնաբերել է թերություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը JNEWS- ի հետ զրույցում ասաց, որ Աուդիտի ծառայության կողմից հայտնաբերված թերությունները հիմնականում կապված են ենթակառուցվածքային աշխատանքների հետ: 2018-ի սկզբից Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում գործում են ներքին աուդիտի և վերահսկողության ծառայություններ, որոնք իրավասու են վերահսկել ինչպես քաղաքապետարանի ծառայությունների աշխատանքը, այնպես էլ ենթակառուցվածքային աշխատանքները:
Հարցին, թե ինչու են թերություններ եղել, եթե կան ծառայություններ, որոնք վերահսկում են այդ գործընթացները, Յուրիկ Ունանյանն ասաց հետեւյալը.
«Մենք ունենք հանձնաժողով, որն ընդունում է աշխատանքները, չհաշված Վերահսկողության ծառայությունը, որը վերահսկում է գործընթացը: Հանձնաժողովը գնում է և տեսնում, թե որքանով է հանձնաժողովը իրավասու … Չնայած հանձնաժողովում կան շինարարներ: Մեծամասամբ, մեծ աշխատանքների համար կա Քրիզոլիտը (խմբ. փորձագիտական կազմակերպություն Թբիլիսիից), որը եզրակացություններ է տալիս մեզ, նրանք գնահատում և հետազոտություն են անցկացնում: Թերությունները հնարավոր է տեսնել, եթե դրանք տեսանելի են », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Տվյալ փորձագետները սակայն գործընթացում երևի թերություններ չեն նկատել …
«Մենք չունենք այնպիսի բարձր մակարդակի մասնագետներ, մենք չունենք բարձր մակարդակի շինարարներ, այդպիսի աշխատողներին մենք վարձում ենք Խրիզոլիթից: Մեզ մոտ կա վերահսկողություն, որը պետք է վերահսկի ընթացիկ աշխատանքները: Աուդիտն իր նախաձեռնությամբ կարող է անցկացնել պլանային ստուգումներ: Ֆինանսական մասով մենք բացարձակապես ոչինչ չունենք, բոլոր թերությունները եղել են ենթակառուցվածքում », – ասաց Յուրիկ Ունանյանը:
JNEWS- ը քաղաքապետի հետ զրուցեց նաև որոշ կոնկրետ նախագծերի շուրջ, որոնցում Աուդիտը հայտնաբերել է թերություններ:
Վարեւան գյուղի ակումբը: Ակումբի վերականգնման համար հատկացվել է 61 408 լարի, որից 58 337 լարին ծածկվել է պետական բյուջեով, իսկ մնացած մասը՝ տեղական բյուջեով: Ակումբը վերականգնվել է «Յակոբ» ՍՊԸ-ի կողմից, 2018 թ.֊ին։
«Շահագործման հանձնելուց հետո անցավ մեկ տարի, և հետո միայն պարզ դարձավ, որ աշխատանքներն անորակ են անցկացվել: Առաստաղը կախվել էր, իսկ լամինատը ուռել էր: Մենք մի քանի անգամ տեղեկացրեցինք ընկերությանը, որ նրանք վերացնեն թերությունները, նրանք չեկեան, մենք գործն ուղարկեցինք դատարան։ Հավանաբար աշխատանքն ընդունելու ընթացքում այդ թերությունները չեն նկատել»:
Ալաթուման գյուղի ջրամատակարարման համակարգը: Գյուղում 2018 թ.-ին կառուցվել էր ջրամատակարարման նոր համակարգ, որի համար տեղական բյուջեն հատկացրել էր 205 840 լարի, սակայն, սխալ կազմված նախագծի պատճառով, ջուրը չէր հասնում գյուղ: 2020 թվականի օգոստոսի 21-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները համաձայնվեցին նորից տեղական բյուջեից 61 162 լարի հատկացնել Ալաթուման գյուղում ջրամատակարարման համակարգի կառուցման համար:
«Մենք շինարարական ընկերությանը չվճարեցինք 27 000 լարին (խմբ. քանի որ արդյունք չկար), նրանք հայց ներկայացրեցին դատարան և հաղթեցին, քանի որ ապացուցեցին, որ իրենք կառուցել են ըստ նախագծի, որ սխալը թույլ է տվել նախագծողը: Անցյալ տարի մենք կրկին կառուցեցինք, նորից կազմեցինք նոր նախագիծ, շրջանցելով բարձունքը: Մենք չգիտեինք, թե որքան գումար կծախսվեր, պետք է իմանայինք վնասի չափը: Մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան ընդդեմ նախագծողի », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Խուլգումոյի մանկապարտեզը: Խուլգումո գյուղի մանկապարտեզի շենքը ձեռք էր բերվել 2014-ին 32 000 լարիով: Այս տարիների ընթացքում մանկապարտեզի շենքում վերանորոգման աշխատանքների վրա ծախսվել է 16 000, 24 000, 42 000, 2 700 լարի և 1536 լարի: Ջրի բացակայության պատճառով մանկապարտեզը դեռևս փակ է:
«Մանկապարտեզում ջուր արդեն անցկացվել է։ Այն այս տարի կսկսի աշխատել»:
Ինչ վերաբերում է գույքագրման թերությանը, երբ Աուդիտի ծառայությունը նշում է, որ քաղաքապետարանը չի իրականացրել մունիցիպալիտետի գույքի գույքագրումը, քաղաքապետը պատասխանեց, որ մունիցիպալիտետի գույքի գույքագրումն իրականացվել է:
Իսկ քաղաքապետարանին վնաս պատճառելու հարցի շուրջ, որ գույքն օգտագործվում է չարտոնված անձանց կողմից առանց վարձավճարը վճարելու, Յուրիկ Ունանյանը նշեց, որ նկատի ունեն տոնավաճառի տարածքը:
«Մենք փաստացի ավելի քան երկու տարի է տոնավաճառի տարածքը տվել ենք անվճար, վաճառողները չեն վճարում իրենց տեղերի, ինչպես նաև այնտեղ գտնվող տաղավարների համար: Մեկ տաղավար այժմ օրենքից դուրս է գտնվում: Ինչ վերաբերում է արոտավայրերին, ապա երբ մենք եկանք 2017 թ.֊ին, ես անմիջապես փոխեցի արոտավայրերի հատկացման սկզբունքը: Դրանից առաջ մենք այս հողերից եկամուտ ունեինք տարեկան 50 000 լարիից փոքր֊ինչ ավելի, ես փոխեցի սկզբունքը, և հողերը սկսեցին վարձակալել աճուրդով, և եկամուտն աճեց 4 անգամ, դառնալով շուրջ 200 000 լարի », – բացատրեց Յուրիկ Ունանյանը:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, պետական գնումներում թերությունը վերաբերում էր մի դեպքի, որը նրանք կատարել են օրենքի համաձայն:
«Մենք որակազրկեցինք ընկերությանը, իսկ մյուս ընկերությունը շահեց այն 10 000 լարի տարբերությամբ: Եթե մենք չորակազրկեինք և թողնեինք այդպես, ապա գնումների ծառայությունը մեզ կտուգաներ 1500 լարիով, քանի որ այնպիսի թերություններ ուներ (խմբ. մասնակիցը ), որ հետագայում տենդերի մասնակից այլ ընկերությունները կբողոքարկեին », – ասում է Յուրիկ Ունանյանը:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, քաղաքապետարանի բոլոր ծառայությունները սահմանել են այն ժամկետները, որոնց ընթացքում նրանք կարող են վերացնել Պետական աուդիտի զեկույցում նշված թերություններն ու բացթողումները: Հունվարի 29-ին նրանք արդեն նամակ են ուղարկել Պետական աուդիտի ծառայություն, թերությունները վերացնելու համար սահմանած ժամկետներով հանդերձ: