Jnews-ը մեկ շաբաթ է փորձում է Ախալքալաքի քաղաքապետարանից մեկնաբանություն ստանալ 2021-2022 թվականներին մունիցիպալիտետի աշխատանքում առկա թերությունների մասին, որոնք նշված են Պետական աուդիտի ծառայության եզրակացության մեջ, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել Ախալքալաքի քաղաքապետի հետ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի աշխատանքային խումբը քննարկել է «Ախալքալաքի մունիցիպալիտետի համապատասխանության ստուգման հաշվետվությունը 2021-2022 թվականներին»՝ մունիցիպալիտետի ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, որոնք պատասխանատու են հաշվետվության մեջ նշված աշխատանքների համար: Ախալքալաքի սակրեբուլոյի աշխատանքային խումբը Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և քաղաքապետարանի ծառայությունների պետերի հետ քննարկել են Պետական աուդիտի ծառայության հանձնարարականները, քանի որ պետական աուդիտից ստացել են պաշտոնական գրություն՝ նկատողությունները քննարկել և ուղղել դրանք հետագա աշխատանքում:
Քննարկման ընթացքում քաղաքապետարանի յուրաքանչյուր ծառայության պետ խոսեց իր աշխատանքի մասին, ինչպես նաև մեկնաբանեց նկատողությունը, որը վերաբերում էր կոնկրետ իր ծառայությանը։
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքով, աուդիտի մեկնաբանությունների մեծ մասը շտկվել է 2023 թվականին։
«Մեկնաբանությունների 80-90 տոկոսն արդեն շտկվել է: Անավարտ աշխատանքները ավարտին են հասցվել 2023 թվականին: Մենք նամակով դիմել ենք քաղաքապետարան, պարզելու, թե որ նկատողություններն են արդեն ուղղվել, որպեսզի պարզենք. թե ինչ է մնացել և ինչի վրա հետո պետք է աշխատել։ Օրինակ՝ նրանք այնտեղ գրել են ՕԳԾ-ով աշխատանքների մասին, որ բնակչությունը չի տեսել ՕԳԾ-ի որոշ աշխատանքների արդյունքը, այս աշխատանքներն ավարտվել են 2023 թվականին։ Շատ բան կար անավարտ նախագծերի մասին։ Ծառայությունների ղեկավարները բացատրել են, թե որտեղ, ինչ է իրականացվել»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Քաղաքապետարանից պատասխան ստանալուց հետո սակրեբուլոն պատասխանը կուղարկի Պետական աուդիտի ծառայություն, տեղեկացնելու, թե որ աշխատանքներն են արդեն շտկվել և որոնց վրա պետք է աշխատեն։