Օրերս Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ջավախահայության անունից հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում ՀՀ ներկայիս իշխանություններին անցնցում հեռանալ երկրի ղեկից: Սա բավականին մեծ իրարանցում առաջացրեց ջավախքյան սոցցանցերի տիրույթում, շատերը իրենց դժգոհությունն էին արտահայտում, որ Խորհուրդը հանդես է եկել ամբողջ ջավախահայության անունից, այնինչ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել:
Jnews-ն առանձնացրել է ֆեյսբուքյան ջավախքցի օգտատերերի առավել ուշագրավ մեկնաբանություններն ու հարցադրումները:
«Նույն էժանագին, ինքնակոչ հայտարարությունները։ Ծիծաղելի եք ուղղակի։ Ինչ խորհուրդ, ցնդել ե՞ք լրիվ»:
«Բայց ինչի՞ Ջավախքցիներս տեղյակ չենք ինքնահռչակ խորհրդի գործունեությունից, որը մեր անունից ինքնագլուխ հայտարարություն է տարածում։ Երևի մինչ էս պահը խորհրդի հիմնադիրը դիրքերում կյանքի ու մահվան կռիվ է տալիս տեղյակ չէինք։ Ամոթ է, ազգի ցավը սեփական էժանագին խաղերի համար օգտագործելը։ Մեկը ես եմ Ջավախքցին, իմ ընտանիքն ու ընկերները եւս ու մեզանից ոչ ոք այս հայտարարության հետ համաձայն չէ։ Ու ես լինելով Վրաստանի քաղաքացի, ցավոք չեմ կարողացել զենքով կանգնել սահմանին, չեմ օգնել կռվող զինվորին իմ ներկայությամբ, բայց գոնե փորձել եմ թիկունքն ամուր պահել ու ամոթ է թիկունքից հարվածելը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա՝ երբ շատ բան հստակ չէ»։
«Ջնջեք շատ մարդիկ չտեսնեն։ Նժարին միայն իշխանափոխության հարցը չի, մեր պետականության հարցն է։ Ուզում եք վերանանք որպես ազգ»:
«Տաք գլխով մի բարձրաձայնիր Ջավախքի հայերի անունից… հանգստացեք… համբերեք… Լավատես եղեք… հավասարակշռված… տեսնենք հետագա դեպքերի զարգացումը… խաղաղապահների մուտքը…»
«Այս նյութը գրողը ջավախքցիների կարծիքը հարցրել է ընդհանրապես, որ ամպագորգոռ հայտարարություններով է հանդես գալիս»:
«Ո՞վքեր են Խորհրդի ղեկավարները, անունները»:
«Հերիք չէ սուտ լուրեր տարածեք։ Սա կարող է ինչ որ մեկի կարծիքն է, բայց չի նշանակում, որ վերաբերվում է ամբողջ ջավախահայությանը»։
«ՍԵրժն ու Քոչարյանը փայ են խոստացել, որ սենց կեղծ լուրեր եք տարածում»:
«Նյութի մեջ նշված է, որ իրենք տեքստը տեղադրում են առանց փոփոխության: Իրենք տեղադրել են, բայց չի նշանակում, որ խմբագրության կարծիքը համընկնում է այդ կազմակերպության կարծիքի հետ»:
«Ջավախքցիներից ո՞վ է կողմ այստեղ նշված դիրքորոշմանն ու պահանջին։ Հայտնեք ձեր կարծիքը, որ հասկանանք այս կազմակերպությունների հայտարարությունը ինչքանով է ներկայացնում ջավախքցիների մեծամասնության դիրքորոշումը»։
«Էս ինչ դուք ձեր գլխին որոշում եք ընդունում: Օրինակ. ես ու իմ ճանաչած բոլոր մարդիկ Ջավախքից վստահում ենք Նիկոլ Փաշինյանին»:
«Ջավախքցիները զինվորի կողքին են ու ունեն մի պահանջ խաղաղության, իսկ որ ուրիշ կոչեր ունի թող խոսի իր անունից ոչ թե ջավախքցիներիս…»:
«Հայաստանի նախագահի նման ինտերնետից ենք տեղեկանում մեր կարծիքի մասին»:
Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը տեղյակ չեն, թե ի՞նչ կազմակերպություններ են մտնում Խորհրդի կազմի մեջ: Ուստի ներկայացնում ենք այն կազմակերպությունները, որոնք մտնում են Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կազմի մեջ. «Ակունք» միություն, «Ա-ինֆո» միություն, «Ջավախք ժողովրդական շարժում», «Վիրք» կուսակցություն, «Մտավորականների միություն», «Լեռնաշխարհ» միություն, Ջավախքի պատանեկան միություն, «ՀՕՄ-ի մեկուսի վարչություն», «Ազատամարտիկ վետերանների խորհուրդ», «Երիտասարդների կամուրջ» հասարակական կազմակերպություն, «Զորի Զորյան», «Համազգային հայ կրթական և մշակութային միություն», «Ջավախք» հասարակական կազմակերպություն և «Երիտասարդական միություն»:
Jnews-ը դիմել է Խորհրդին, թե օրեր առաջ տարածած հայտարարությունը ինչքանով էր արտահայտում ջավախահայության տեսակետը, քանի որ որոշ օգտատերեր իրենց դժգոհությունն են հայտնում այս հարցի շուրջ:
«Խորհուրդը համբերատար սպասեց ամբողջական պատկերի մասին գաղափար կազմելու համար. Մեր հայտարարության միջոցով հայտնած դիրքորոշման շուրջ դժգոհություն արտահայտած անձանց մեկնաբանություններից պարզ դարձավ, որ վերջիններս, առանց հիմնական նյութը կարդալու, հայտարարությունը ներկայացնող մեկ նախադասություն տեսնելով իրենց թույլ են տվել կարծիք հայտնել դրա մասին՝ հաճախ շրջանցելով տարրական քաղաքավարության կանոնները, նույնիսկ հիմնականում լինելով ջավախքյան իրականությունից դուրս գտնվողներ: Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, ի լրումն իր նախորդ հայտարարության, հաստատում է հայտնած դիրքորոշումն ու դրա հիմնավորումները՝ կոչ անելով ազգային անվտանգության մասին չմտածողներին զերծ մնալ անհատապաշտությունից և թողնելով համազգային վերահաս աղետի իրական աղբյուրները՝ սպառնալիքներ չփնտրել այնտեղ, ուր դրանք չկան», – հայտնում են Խորհրդից: