Երկքաղաքացիության խնդիրը, որն արդիական է Ջավախքում օրինապես լուծված է, սակայն իրականում բնակիչները չեն կարող օրինականացնել իրենց Վրաստանի քաղաքացիությունը և բազմաթիվ այլ խնդիրների առջև են հայտնվում:

59-ամյա Կոլյա Մանասյանը Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից է: Նա երիկամային անբավարարություն ունի, արդեն երկու տարի է շաբաթական երկու անգամ գնում է Ախալցիխե հեմոդիալիզի և ամեն անգամ 200 լարիից ավելի գումար է ծախսում: Բանն այն է, որ վերջինս Վրաստանի քաղաքացի չէ, այդ պատճառով նրա բուժումը վճարովի է:

Երիկամների խնդիր դեռ 18 տարեկան հասակում է ձեռք բերել, երբ Վրաստանում բժիշկները նրան սխալ բուժում են արել, այնուհետև ծնողները նրան տարել են Ռուսաստան բուժումը շարունակելու։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, որպեսզի հիվանդության թոշակ ստանա, սակայն այդ ժամանակ ծնողները հասարակական բարքերից ելնելով որոշել են թոշակ չհանել, որ չասեն հիվանդ է՝ թոշակ է ստանում։ Այդպես էլ մինչև օրս վերջինս ոչ մի կոպեկ չի ստանում:

Կոլյա Մանասյանը դիմել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, բայց՝ ապարդյուն, նա չի կարողացել հանձնել քննությունը։

«Անցած տարի փորձեցի ստանալ, սակայն չկարողացա։ Վճարեցի 350 լարի, որպեսզի երկու ամսում ստանամ անձնագիր, կարելի է նաև վճարել 250 լարի, որի դեպքում երեք ամիս է տևում, սակայն ես մտածեցի, որ շուտ լինի։ Գնացի Թբիլիսիի արդարադատության տուն, բերեցին վրացերենով թեստը դիմացս դրեցին, ես վրացերեն չգիտեմ, մեր ժամանակներում վրացերեն ո՞վ էր սովորում», – պատմում է նա:

Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերում Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու խնդիրն արդիական է: Մարդիկ ժամանակին ձեռք են բերել Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի կարողանան մեկնել արտագնա աշխատանքի կամ կրթական, կամ բժշկական պատճառներով: Վերջին տարիներին Ջավախքի բնակչները հերթով կորցնում են Վրաստանի քաղաքացիությունը։ Որոշ մարդիկ քաղաքացիությունից զրկվելու ծանուցագիր են ստանում, որոշներն էլ սահմանին են տեղեկանում։

2017 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխություններ, որոնք արգելում են Վրաստանի քաղաքացիությունից զրկելը՝ մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում: Իսկ 2018 թվականին «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում երկրի քաղաքացիները ստացան երկքաղաքացիության իրավունք:

Ինչպես նաև այն մարդկանց, ովքեր այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, իրավունք տրվեց վերականգնելու: Քաղաքացիությունը վերականգնելու գործընթացը ժամանակավոր է, սկզբից մինչև 2019 թվականի օգոստոսի 15-ն էր, սակայն ծրագիրը երկարաձգվեց մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հարց է առաջանում, ինչո՞ւ չեն դիմում ջավախքցիները որպեսզի վերականգնեն կորցրած քաղաքացիությունը, չէ որ օրինական բոլոր պայմանները պետությունը ստեղծել է:

Փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ իրավաբան Գուրգեն Եզոյանից, ով օգնում է մարդկանց քաղաքացիություն ստանալու և վերականգնելու հարցերով:

«Քաղաքացիությունը վերականգնելու դիմումների մերժման պատճառները ավելի պարզ են, քան քաղաքացիությունը պահպանելու հարցում։ Այս դեպքում հանձնաժողովը հստակ պահանջներ է ներկայացրել, եթե անձն ուզում է վերականգնել քաղաքացիությունը, ապա պարտադիր պետք է հանձնի քննություն։ Քաղաքացիություն վերականգնելու համար Ջավախքից դիմողներ եղել են, սակայն շատ քիչ։ Երբ գալիս և տեղեկանում էին, որ պետք է վրացերենի քննություն հանձնել, չէին դիմում։ Հիմնականում բոլորի խնդիրը քննությունն հանձնելն է, այսինքն՝ լեզվի չիմացությունը», – պարզաբանում է նա:

Սակայն սկզբնական շրջանում քաղաքացիությունը վերականգնելու համար քննություն չկար, միայն հարցազրույց էր և լեզվի չիմացությունը խոչընդոտ չէր: Այդ պահով իրավաբանն ասում է հետևյալը.

«Պրակտիկան ինձ ցույց տվեց, որ կա մարդկանց որոշակի խումբ, որոնք ստանում են, իսկ որոշները՝ ոչ: Օրինակ. մի անգամ ամուսիններից մեկին հաստատել էին, մյուսին՝ ոչ, նույն սկզբունքով, նույն ձևով ներկայացրել են դիմում: Այդ պատճառով շատերը չեն դիմում», – պարզաբանում է Գուրգենը։

Բանն այն է, որ շատ բնակիչներ զրկվել են քաղաքացիությունից, բայց կան նաև շատերը, որոնք օգտվում են և Վրաստանի քաղաքացիությունից, և այլ երկրի քաղաքացիությունից՝ ուղակի այն թաքցնելով: Եվ շատերը, իմանալով անհիմն մերժումների մասին շարունակում են օգտվել երկու անձնագրով, ամեն անգամ սրտի թրթիռով անցնելով սահմանը և վախենալով, որ կարող է կորցնեն Վրաստանի քաղաքացիությունը:

Գուրգեն Եզոյանը նշում է, օրենքի հաստատման սկզբնական շրջանում դիմողները շատ էին, սակայն երբ տեսան արդյունքները, որ մարդիկ չեն կարող պահպանել իրենց քաղաքացիությունը, մյուսներն այլևս չեն դիմում։

Սերյոժա Ունանյանի որդին դերասան է, ապրում է Հայաստանում և մասնագիտության բերումով հաճախ է շրջագայում, այդ պատճառով էլ տարիներ առաջ ստացել է Հայաստանի երկքաղաքացիության անձնագիր: Տարիներ շարունակ նա կարողացել է ունենալով և Վրաստանի, և Հայաստանի անձնագիր առանց որևէ խնդրի շրջագայել: Սակայն մի գեղեցիկ օր Սերյոժա պապիկը որդու անունով նամակ է ստանում, որից պարզ է դառնում, որ որդուն զրկել են Վրաստանի քաղաքացիությունից:

Արդեն 9 ամիս է Սերյոժա Ունանյանն իր որդուն չի տեսել, կորոնավարակով պայմանավորված փակ սահմանների և քաղաքացիության պատճառով նա չի կարող այցելել ծնողներին:

Իրավաբան Եզոյանն իր վրա պատասխանատվություն չի վերցնում խորհուրդ տալու, որ մարդիկ անպայման օրինականացնեն «թաքցրած» քաղաքացիությունը, քանի որ հասկանում է, որ հետագայում կարող են իրեն մեղադրել:

«Եթե անձը ցանկանում է օրինականացնել իր երկքաղաքացիությունը և բանից դուրս գա, որ 250 լարի վճարի, ներկայացնի հայկական անձնագիրը, ու երեք ամիս հետո պարզվում է, որ այլևս Վրաստանի քաղաքացի չէ: Այնինչ հայկական անձնագիր ունենալով, նա ոչ մի խնդիր չուներ: Եթե ես խորհուրդ տամ դիմել քաղաքացիության պահպանման համար, ապա այդ մարդուն հակառակը՝ կորցնել կտամ քաղաքացիությունից», – բացատրում է նա։

Քաղաքացիության պահպանման դիմումների պատասխանի գերակշիռ մասը բացասական է գալիս, իսկ մերժման պատճառ հիմնականում նշում են, որ նպատակահարմար չեն գտնում տվյալ անձի քաղաքացիության պահպանումը։ Jnews-ը երկու ամիս առաջ հարցադրում է ուղարկել Վրաստանի արդարադատության տուն, որպեսզի իմանա, թե քանի դիմում է եղել Ջավախքից քաղաքացիության պահմանման հարցով և քանիսն է բավարարվել, կամ մերժվել, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Արդարադատության տնից մեր հարցերին քաղաքացիության պահպանման դժվարությունների և խնդիրների մասին պարզաբանեցին.

«Ըստ Վրաստանի քաղաքացիության մասին օրենսգրքի, եթե անձը դադարեցրել է Վրաստանի քաղաքացիությունը, ապա մինչև տարեվերջ կարող է դիմել այն վերականգնելու համար, եթե արդեն բացասական պատասխան է ստացել, ապա պետք է սպասի մեկ տարի, որ նորից կարողանա դիմել։ Ինչ վերաբերում է վրաց լեզվի քննությանը, ապա դա նույնպես օրենքով պարտադիր է, քննությունից ազատվում է այն անձը, այն քաղաքացին, ով կներկայացնի առողջության մասին հաստատող N100 փաստաթուղթ այն մասին, որ նա ֆիզիկական իրավիճակից ելնելով չի կարող ներկայանալ քննության և չի կարող գրել։ Այդ փաստաթուղթը կքննարկվի պետական ծառայությունների զարգացման Գործակալության կողմից և այնուհետև կուղարկվի նախագահին»,- հայտնում են նախարարությունից։

Քաղաքացիության մասին Վրաստանի օրգանական օրենքը սահմանում է.

քաղաքացիություն
Infogram

Քաղաքացիության մասին Վրաստանի օրգանական օրենքը նաև նախատեսում բացառության կարգով Վրաստանի քաղաքացիության շնորհում նախագահի կողմից հատուկ վաստակ ունեցող այլ քաղաքացիների համար:

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագրում խոսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների մասին։ Բայց քաղաքացիության վերականգնելու մասին ծրագիր չկա։

Սակայն քանի որ Ախալքալաք-Նինոծմինդաի մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանն ըստ ընտրությունների նախնական արդյունքների հաղթել է, ապա դիմեցինք տեղեկանալու, թե այս խնդիրը լուծելու համար ապագայում ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկելու։

«Դեռ որևէ քայլ չեմ ձեռնարկել, քանի որ մենք դեռ խորհրդարան չունենք, երբ կառավարությունը ձևավորվի այդ ժամանակ էլ խնդիրը կներկայացնեմ խորհրդարան», – ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը։

Ջավախքցու համար առաջին անելիքն է ընտանիք պահելը և դրա համար նա տարբեր ժամանակներում տարբեր լուծումներ է գտնում: Ժամանակին նման լուծում հանդիսացավ Հայաստանի երկքաղաքացիությունը, ինչը հետագայում դարձավ այլ, գրեթե անլուծելի խնդիր:


Գայանե Ակոջյան