Վրաստանում «Տարվա լավագույն կամավոր» ամենամյա մրցանակաբաշխության 8-ից 3 անվանակարգում հաղթող են ճանաչվել Ջավախքի հայկական դպրոցների 3 աշակերտուհիներ։
«Երիտասարդների կամավորությունը Covid պանդեմիայի ժամանակ» խորագրով նախագիծն իրականացվել է «Helping Hand» կազմակերպության նախաձեռնությամբ և UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում, դեկտեմբերի 8-ին։
Ջավախքից մրցանակի են արժանացել Տաթև Խոցանյանը՝ «Մարդու իրավունքների պաշտպանություն» անվանակարգում, Հասմիկ Պետրոսյանը՝ «Կրթություն» անվանակարգում և Վեներա Ալեքսանյանը՝ «Մշակույթ» անվանակարգում։
17-ամյա Տաթև Խոցանյանը սովորում է Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի հանրային դպրոցում, նա իրականացրել է նախագծեր մարդու իրավունքների պաշտպանության և այլ թեմաներով՝ դասընթացների, մրցույթների, հանդիպումների տեսքով։ Տաթևն «Ալիք Մեդիայի» հետ զրուցում ասում է՝ ամենակարևորն իր համար կամավորությունից ստացած փորձն ու գիտելիքն է:
«Մրցանակը ևս ոգևորող ու նաև պարտավորեցնող է, մի բան է արժանանալ այս կոչմանը, այլ բան՝ փաստել, որ արժանի էիր: Ըստ այդմ զգում եմ, որ մեծ պատասխանատվություն է վստահված ինձ և մյուս հաղթողներին՝ էլ ավելի մեծ ջանքեր գործադրել հաջողակ նախագծեր ունենալու համար: Մեծ պատիվ է նաև այն, որ արդեն երկրորդ տարին է, ինչ այս ծրագիրն իրականացվում է, և լավագույնների շարքերում կան ազգությամբ հայ, հայկական դպրոցների աշակերտներ, ինչը բնականաբար տքնաջան աշխատանքի արդյունք է»,- ասում է Խոցանյանը:
16-ամյա Հասմիկ Պետրոսյանը Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղից է, նա արդեն մեկ տարի է ինչ ակտիվորեն ներգրավված է տարբեր ծրագրերում և կարծում է, որ քաղաքացիական ակտիվությունն ու կամավորությունը հաջողության գրավական է։ Հասմիկը առանձնակի կարևորություն է տալիս նախագծերը համատեղ ջանքերով իրականացնելուն, նա նշում է, որ իր նախագծերի մեծ մասն իրականացրել է ընկերուհու՝ Տաթև Խոցանյանի, ինչպես նաև այլ կամավորների հետ միասին։
«Ի սկզբանե այս կազմակերպության մեջ սկսել ենք աշխատել ընկերուհուս՝ Տաթև Խոցանյանի հետ, համատեղ ջանքերով իրականացրել ենք բազում նախագծեր և հաջողությամբ ավարտին հասցրել բոլորը։ Կարծում եմ յուրաքանչյուր գործում խմբակային աշխատանքը շատ կարևոր է, այս դեպքում նաև արդյունավետ: Չէի սպասում, որ լավագույն 8-յակում կլինեմ նաև ես, անսպասելի հաղթանակ էր, էլ ավելի ոգեշնչող, չնայած աշխատում էինք ոչ թե մրցանակի այլ փորձ ու գիտելիք ձեռք բերելու համար», — ասում է Հասմիկ Պետրոսյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։
14-ամյա Վեներա Ալեքսանյանը Կոչիո գյուղից իրականցրել է նախագծեր դասընթացների տեսքով և մասնակցել է խմբային կամավորական աշխատանքների։ Նա մասնակցել է միջոցառմանը առցանց․
«Կամավորական հիմունքներով կազմակերպել եմ տարբեր թրեյնինգներ, միջոցառումներ, և այլն: Ինձ մոտիվացնում էր դրական ու արդյունավետ աշխատանք կատարելու ցանկությունը, ինչը կբերի հաջողություն և՛ ինձ, և՛ հասարակությանը։ Այնուամենայնիվ, հույս ու սպասելիքներ ունեի կապված այս նախագծի հետ, որ կդառնամ լավագույն կամավորներից մեկը, քանի որ շատ ժամանակ էի տրամադրում ծրագրեր իրականացնելուն»։
Արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթում, այս տարի ընտրվել են 6 կամավոր երիտասարդներ հետևյալ անվանակարգերում՝ «Կամավորության խթանում», «Մարդու իրավունքների պաշտպանություն», «Կրթություն», «Բնապահպանություն», «Սպորտ և առողջ ապրելակերպ», «Մշակույթ», ինչպես նաև երկու կամավոր ընտրվել է ժյուրիի կողմից:
Միջոցառմանը ելույթ են ունեցել քաղաքապետի տեղակալ՝ Թինաթին Նիբլոշվիլին, պատգամավոր Սոսո Մանջավիձեն: Ներկա են գտնվել Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավորներ, ինչպես նաև՝ UNICEF-ի ներկայացուցիչը Վրաստանում՝ Ղասան Խալիլը, ով անձամբ է հանձնել «Մարդու իրավունքների պաշտպանություն» անվանակարգում հաղթողի մրցանակը։
Աղբյուրը՝ aliq.ge