Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հաշվի առնելով ջավախահայության դիրքորոշումն ու մոտեցումները հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Հայաստանի հանրապետության ներկայիս իշխանբություններին անցնցում հեռանալ երկրի ղեկից:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի տարածած հայտարարությունն առանց որևէ փոփոխության ներկայացնւոմ ենք ստորև.
«Վերջին մեկ ու կես ամսում մեր տարածաշրջանն ալեկոծվում էր Արցախյան՝ տարիներով ծխացող հարցի սրման պատճառով. Թուրքիայի անմիջական դրդմամբ և հովանավորությամբ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ընդդեմ Արցախի՝ իր վայրագ գործողությունների շրջանակը տարածելով առաջնահերթ խաղաղ բնակչության վրա:
Այս ողջ ընթացքում հայկական կողմի արած հայտարարությունները առ այն, որ ռազմական գործողություններում ադրբեջանական կողմից ներառված են վարձկան ահաբեկիչներ, նույնպես ստացան իրենց հիմնավոր ապացույցները: Աշխարհասփյուռ հայությունը արագ մոբիլիզացրեց իր ուժերը և ռեսուրսները՝ նյութապես հայրենիքին աջակցելու, կամավորներ առաքելու, իրենց բնակության երկրներից Արցախյան իրողություններին իսկական և արդար գնահատական տալու և միջոցներ ձեռնարկելու կոչերի տեսքով:
Ջավախահայությունը, որ առավել մոտ է զգում հայրենիքի զարկերակը, արագ կազմակերպեց հումանիտար եւ դրամական օգնության առաքում դեպի Արցախ աշխարհ, որը մի քանի անգամ կրկնվեց: Հավաքված զգալի գումարը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ջավախքում հաշվի առնվեց այն հանգամանքը, որ Վրաստանն ի սկզբանե հայտարարել է տվյալ հարցում երկու հարևան պետությունների կոնֆլիկտի շուրջ իր պաշտոնական չեզոք դիրքորոշումը, ինչպես նաև այն, որ աշխարհը փոթորկող համաճարակի պատճառով երկրի պետական սահմանները փակ են: Այստեղ ևս կազմակերպվեց բազմամարդ խաղաղ ցույցեր՝ ի աջակցություն Մայր Հայաստանի, որոնք ուղեկցվեցին խաղաղության կոչերով:
Շուրջ քառասունհինգ օր համայն հայությունը սրտատրոփ լուրերի էր սպասում ռազմաճակատից: Ամեն օր Պաշտպանության նախարարության մամլո խոսնակի մակարդակով պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրվում, ըստ որի կատաղի պատերազմում հայոց զորքը ամուր է իր դիրքերում, կան որոշակի մարտավարական խուսանավումներ, որոնք շտկելի են: Սակայն նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի կողմից գաղտագողի ստորագրված պայմանագրով պարզ դարձավ, որ հայությունն այս ամբողջ ընթացքում համակողմանիորեն խաբվել է:
Ջավախքում անհանգստացած են գաղտագողի ստորագրված պայմանագրի բովանդակությամբ և արդարացիորեն նկատում են, որ այն իր բոլոր կետերով անխուսափելիորեն հանգեցնելու է համազգային աղետի: Այս առումով Ջավախքից ՀՀ են ուղղվում ողջամտության և անկեղծության, հանուն սեփական աթոռի հայոց դարավոր երազանք հանդիսացող և վերջապես իրագործված պետականությունը չվտանգելու, հայոց սուրբ նահատակների արյունը առուծախի առարկա չդարձնելու կոչեր:
Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հաշվի առնելով ջավախահայության դիրքորոշումն ու մոտեցումներն այս հարցում, ըստ որոնց լավագույն ճիշտ ճանապարհը ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականն է, կոչ է անում ՀՀ ներկայիս իշխանություններին անցնցում հեռանալ երկրի ղեկից և այս ծանր կացությունից դուրս գալու ուղիներ գտնելու հնարավորություն տալ, այն է՝ ձևավորել նոր կառավարություն և բանակցային գործընթացին տալ տրամաբանական բովանդակություն՝ զերծ մնալով հայության իրավունքների ապօրինի ոտնահարումից»: