Առավոտյան Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ սեզոնային աշխատանքի մեկնողներին փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է տեղեկանք, որը պետք է տա քաղաքապետարանը։ Սակայն այս լուրն իրականությանը չի համապատասխանում՝ փոխհատուցում ստանալու համար գրանցվողներին տեղեկանք պետք չէ:
Jnews-ը հիմնվելով կառավարության կողմից տրամադրված փաստաթղթի վրա՝ գրել էր, որ գրանցվելու համար անձնական տվյալներից բացի ուրիշ ոչ մի տվյալ անհրաժեշտ չէ:
Այսօր Ախալքալաքի մոնիցիպալիտետի տարածած՝ տեղեկանքի անհրաժեշտության մասին լուրը ճշտելու համար Jnews-ը դիմեց Վրաստանի աշխատանքի ընդունման խթանման պետական գործակալություն։ Գործակալությունից մեզ հայտնեցին, որ գրանցման համար անհրաժեշտ է միայն՝ անուն ազգանուն, անձնական համար, հեռախոսահամար, բանկային հաշվեհամար, իսկ այն հատվածում, որտեղ պահանջում է տեղադրել ինչ որ փաստաթուղթ, պետք է տեղադրել անձնագրի առաջին էջի լուսանկարը, այնպես, որ այն ընթեռնելի լինի: Այլ փաստաթուղթ, օրինակ՝ տեղեկանք ներկայացնելու կարիք չկա։
«Ոչ մի տեսակի տեղեկանք պետք չէ ներկայացնել, այդ մասում պետք է տեղադրել գրանցվող անձի անձնագիրը՝ նկարած։ Նկարը պետք է որակով լինի, որպեսզի ընթեռնելի լինի։ Իսկ, թե ինչո՞ւ է այդպիսի տեղեկություններ տարածվել, ես չեմ կարող ասել, ի սկզբանե եղել է անձնագրի նկարի տեղադրումը։ Հուսանք, այդ տեղեկությունը շատ մարդկանց սխալմունքի մեջ չի գցել, բացարձակապես ոչ մի տեղեկանք պետք չէ»,- ևս մեկ անգամ հաստատեցին Աշխատանքի ընդունման խթանման պետական գործակալությունից։
Խոպանչիները փոխհատուցում կստանան
Սեզոնային աշխատանքի մեկնողները փոխհատուցում ստանալու համար պետք է գրանցվեն
Հիշեցնենք, որ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնող Վրաստանի քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար պետք է մինչև հուլիսի 15-ը գրանցվեն compensation.moh.gov.ge կայքում:
Վրաստանի կառավարությունը կօգնի այն քաղաքացիներին, ովքեր 2019 թվականին մեկնել են տարբեր երկրներ սեզոնային աշխատանքի, սակայն այս տարի COVID-19-ի համաճարակի պատճառով չեն կարողացել:
Գայանե Ակոջյան