Գիշերը Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում մահացել է 58-ամյա կին, ով տուժել էր երեկ՝ մարտի 2-ին, Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ։ Վթարի հետևանքով ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին վթարը տեղի է ունեցել մարտի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնում է տեղական «Ռադիո NOR»-ը։ 1965 թվականին ծնված կինը ժամը 16.00-ի դրությամբ տեղափոխվել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց։ Մինչեւ մարտի 3-ի ժամը 03:30 բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, անգամ ռեանիմոբիլ են կանչել՝ վերջինիս Թբիլիսի տեղափոխելու համար, սակայն ժամանած բրիգադը հիվանդի առողջական վիճակի կայունացում չի գրանցել, որպեսզի նրան տեղափոխի։

«Մեր հիվանդանոց է տեղափոխվել մեկ պացիենտ: Նա ծայրահեղ ծանր վիճակում է եղել, ունեցել է տրավմատիկ շոկ, գանգուղեղային վնասվածք, ստորին ձախ վերջույթի ներքին տրավմատիկ ամպուտացիա: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել: Մինչ մահը երկու անգամ սրտի կանգ է արձանագրվել: Նրան չի հաջողվել փրկել»,- ասաց Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:

Եվս քանի՞ հիվանդ է տեղափոխվել և ո՞ր հիվանդանոցներ ու ի՞նչ վիճակում են հիմա նրանք գտնվում, Jnews-ը փորձում է պարզել։

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով, այն է՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում»։ Այս փուլում, հոդվածի կոնկրետ կետը, որով կշարունակվի հետաքննությունը, դեռևս չի նշվում։