Նոյեմբերի 12-ի ուժեղ քամին մեծ վնաս հասցրեց Ախալքալաքի շրջանի գյուղերին, այն պոկեց նաև Ախալքալաքի նախկին զինվորական քաղաքի շենքերից մեկի կտուրը:
Ամբողջ Վրաստանի տարածքում նոյեմբերի 12-ին արձանագրվեցին բնական աղետներ` երկրի տարբեր մասերում զանազան բնույթի: Ախալքալաքում աղետը տեղի ունեցավ ձյան և ուժեղ քամու տեսքով, այն պատճառեց մեծ վնաս: Շրջանի տարածքում ուժեղ քամին պոկեց շենքերի կտուրներ ու գցեց դրանք մեքենաների վրա, երկաթյա իրեր շպրտեց այս ու այն կողմ, որոշ դեպքերում քանդեց նույնիսկ տների պատեր:
Բարեբախտաբար մարդիկ չվնասվեցին: Նախկին զինվորական ավանի №428 շենքի կտուրը, որը վերջերս էին կառուցել, բնակիչների խոսքերով քամին առաջին անգամը չէ որ վնասում է:
«Շատ ուժեղ քամի էր: Երեկ մոտավորապես ժամը 12:00-ին, մենք նստած էինք ու լսեցինք աղմուկ: Մտածեցինք, ինչ-որ բան է կատարվում մեր մեքենայի հետ, հարևանը հեռախոսով նկարահանեց, կտուրի մի մասը ընկավ մեր «Գազելի» ու հարևանի ավտոմեքենայի վրա, իսկ մյուս մասը կախվեց մեր պատշգամբի վրա: Զանգահարեցինք 112, շտապ օգնությունից եկան և իջեցրին կտուրի մնացած մասը: Տուժեցին մեր երկու ավտոմեքենաները, մերը և հարևանի կանաչ մեքենան: Անցած անգամ քամին ալյումինե ծածկը պոկեց, իսկ այս անգամ ոչ միայն ծածկը, այլև փայտյա գերանները: Նայեք այնտեղ` կարծես մեխեր չկան: Մի քանի տեղում կան, որպեսզի հենց այնպես պահեն, – պատմում է նշված տան բնակիչ Լաուրա Հակոբյանը, ավելացնելով, – մեր տղամարդիկ գնացին տեղական իշխանությունների մոտ: Ամենայն հավանակությամբ կտուրը կնորոգեն, բայց մտածում ենք, որ կօգնեն նաև ավտոմեքենաների պահով»:
Նշված շենքի մի բնակչուհի ինքնիրեն հանգստացնում է նրանով, որ այսպիսի ուժեղ քամու ժամանակ լավ է զոհեր չեղան:
«Ավտոներից մեկը մերն էր, կոտրվեց դիմապակին: Մենք դիմել ենք տեղական իշխանություններին, մեզ ասացին, որ կտուրը կվերանորոգեն, բայց ավտոմեքենաների վերաբերյալ, ասացին` երևի չկարողանան օգնել: Լավ է, որ այդ պահին փողոցում մարդիկ չկային», – պատմում է նա:
Ախալքալաքի շրջանի վարչության տեղեկատվությամբ` ստեղծվել է վնասների գնահատման հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովը բաժանվել է 4 խմբերի ու մեկնել է գյուղեր, որպեսզի արձանագրեն ու գնահատեն վնասները: Ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանի խոսքերով, ամենից մեծ վնաս է պատճառվել Գոգաշեն, Ափնիա, Ազմանա, Քարսեպ և այլ մի քանի գյուղերի: Ինչ միջոցներով կփոխհատուցվեն այդ վնասները և ինչպես դա կարվի` դեռ անհայտ է: Այժմ ընթանում է գնահատման գործընթացը:
Քրիստինա Մարաբյան