Այսօր, նոյեմբերի 11-ին Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղում տեղի ունեցավ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման արարողությունը:
Չամդուրա գյուղի դպրոցն 9-ամյա է: Այստեղ ընդամենը 41 աշակերտ է սովորում: Այս տարի դպրոցն ավարտել է 6 աշակերտ և նույնքան էլ առաջին դասարանցի է ընդունել:
Սեպտեմբերի վերջին դպրոցը արդեն հանձնված էր վերանորոգումից հետո և դասապրոցեսը ընթանում է, սակայն պաշտոնական բացման արարողությունը որոշվել է անել հիմա, «Վրացական երազանքի» արշավի շրջանակներում, երբ իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում բնակչության հետ:
Վերանորոգման աշխատանքների պատճառով կրթական պրոցեսն այս դպրոցում սկսվեց մեկ շաբաթ ուշացումով: Չամդուրայի դպրոցը վերանորոգումից հետո սպորտդահլիճ ունի, լուսավոր ու ընդարձակ դասասենյակներ, ջեռուցման համակարգ և այլն:
Նոր ուսումնական տարին Չամդուրայում կսկսեն վերանորոգված շենքում
«Օրը տոնական է, հիշարժան հատկապես չամդուրեցիների համար: Անցյալ դարում կառուցված, փլուզման եզրին կանգնած շենքը հիմնովին վերանորոգվել է, վերարժեքավորվել և համայնքի համար, մեզ համար այն անփոխարինելի նվեր է դարձել: Այս տարի վերանորոգված 21 դպրոցներից մեկը մեր դպրոցն էր, և արդյունքում ունենք այն, ինչը շատերը կուզենային իմանալ: Մեր երկրի իշխանությունները մեր փոքրաթիվ աշխակերտների համար հատկացրեց բավականին մեծ գումար, որով վերջնական տեսքի բերվեց մեր հանրակրթարանը: Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով ինձ հաջողվել է հասնել այսօրվան», – ելույթի ժամանակ ասաց Չամդուրա գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Ֆիդանյանը:
Չամդուրա գյուղի դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց երկրի իշխանություններին, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումն ու ընդլայնումը պետության ուշադրության կենտրոնում է գտնվում:
2019 թվականի ԿԳ նախարարությունն Ախալքալաքի շրջանի դպրոցներում վերանորոգման աշխատանքների համար հատկացրել է 1 370 000 լարի: Այս գումարից շուրջ 175 800 լարի է հատկացվել Չամդուրա գյուղի դպրոցի կապիտալ վերանորոգման համար: Դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվել և ավարտվել են՝ օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 24-ը:
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, գյուղի հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք: