Ախալքալաքի շրջանի Չամդուրա(Չամձվռալա) գյուղի 9-ամյա դպրոցում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Սեպտեմբերին դպրոցի 48 աշակերտները մուտք կգործեն վերանորոգված կրթօջախ։

2019 թվականի ԿԳ նախարարությունն Ախալքալաքի շրջանի դպրոցներում վերանորոգման աշխատանքների համար հատկացրել է 1 370 000 լարի: Այս գումարից 175 800 լարի է հատկացվել Չամդուրա գյուղի դպրոցի կապիտալ վերանորոգման համար:

Դպրոցի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 5-ին և ավարտին կհասցվի մինչև սեպտեմբերի 24-ը:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են, մինչև սեպտեմբերի 24-ը ժամանակ ունենք, սակայն մինչև սեպտեմբերի 15-ը պիտի ավարտենք շենքի ներքին աշխատանքները, որպեսզի դասերի ընդհատում չլինի: Հետո դրսի աշխատանքները՝ կաթսայատունը, ջեռուցման համակարգը երևի 15-ից հետո ավարտվի», – ասում է դպրոցի տնօրեն Սուսաննա Ֆիդանյանը։

3

Դպրոցի տնօրենի խոսքով, շինարարության ընթացքում անսպասելի աշխատանքներ են առաջացել՝ դպրոցի միջնապատի վերանորոգման ընթացքում պարզվել է, որ այն վթարային է, և ենթակա քանդման, որն էլ իրականացվել է չծրագրված աշխատանքների համար հատկացված գումարով՝ 5000 լարիով։

Սուսաննա Ֆիդանյանը պատմում է, որ իր աշխատանքի անցնելու պահին, 2012 թվականին դպրոցն ավերակ էր, և մի կերպ պահպանել են դպրոցի գոյատևումը։

«Ես, որ եկա դպրոցն ավերակ էր, դուռը մեջտեղից էր, ընդամենը երկու շաբաթ հետո քանդվեց, գերաններն ընկան, դպրոցը փակեցինք, դիմեցինք վարչություն, փոքր գումար հատկացրին: Շատ դժվարությամբ ձմռանն անտառից ծառեր կտրեցինք, գերաններ կապեցինք, որ դպրոցը փուլ չգա: Ուսուցչանոցում նստած կարող էիր աստղերը հաշվել։ Գարունը եկավ արդեն դիմեցինք և պետությունը տվեց դպրոցին վթարային կարգավիճակ և կարևոր մասերը՝ տանիքը և պատուհանները փոխվեցին»,- պատմում է դպրոցի տնօրենը, ավելացնելով, որ մինչև այսօրվան դպրոցը հասել է խելացի ու խնայողաբար ծախսեր անելով։

1

Չամդուրա գյուղի դպրոցը 9-ամյա է: Այստեղ ընդամենը 48 աշակերտ է սովորում: Այս տարի դպրոցն ավարտել է 6 աշակերտ և նույնքան էլ առաջին դասարանցի կընդունի:

Չամդուրայի դպրոցը նորոգումից հետո կունենա սպորտդահլիճ, լուսավոր ու ընդարձակ դասասենյակներ, ջեռուցման համակարգ և այլն: Տնօրենը նշում է, միակ խնդիրը որ դպրոցը կունենա վերանորոգումից հետո, դա համակարգիչների բացակայությունն է: Համակարգչային սենյակ կա, սակայն համակարգիչները շատ հին են: Դպրոցում չեն գործում նաև էլեկտրոնային մատյանները:

Դպրոցում ուսանում է նաև մեկ սահմանափակ ունակություններով երեխա, ով ուսուցիչների հատուկ ուշադրությունն է ստանում և տնօրենի խոսքով արդեն ընկերություն է անում համադասարանցիների հետ:

«Երեխան, որ նոր եկավ դպրոց անսովոր էր բոլորի համար, իսկ հիմա նա բոլորի ընկերն է, հաշմանդամության վարկածը չկա իր մոտ և նա իրեն լավ է զգում, շրջապատն իրեն ընդունել է այնպես ինչպես կա»,- նշում է Ֆիդանյանը։

2

Չամդուրա գյուղի դպրոցում աշխատում է 18 ուսուցիչ և, տնօրենի խոսքով, իրենց կրթօջախն ապահովված է լավագույն մասնագետներով։ Դպրոցի մանկավարժները մասնակցել են քննության և բոլորն անցել են։ Իսկ, որպես կենսաթոշակառու դպրոցը լքել է միայն մեկ ուսուցիչ՝ տարրական դասարանների դասվարը։

Տնօրեն Սուսաննա Ֆիդանյանը առանձնակի հպարտությամբ է խոսում իրենց դպրոցի սաների հաջողությունների մասին:

«Դասարաններում աշակերտների քանակը քիչ է, ինչը նպաստում է, որպեսզի երեխաներն ավելի լավ սովորեն: Այստեղ կտրված են դրսի, առօրյա կյանքից, դրա համար էլ իրենց համար սովորելն առաջնահերթ է», – ասում է տնօրենը, հավելելով, որ Չամդուրայի դպրոցի սաներից շատերն այսօր բարձրագույն կրթություն են ստանում տարբեր ԲՈՒՀ-երում։

Ռիմա Մառանգոզյան