Այսօր, Վրաստանի 57 պետական դպրոցում կարելի է սովորել ռուսերենով, իսկ 11 դպրոցում դասավանդումն ընթանում է բացառապես ռուսերենով: Իսկ Ջավախքում 6 ռուսական դպրոց կա: Այս մասին «Նորություններ-Վրաստան»-ի թղթակցին հաղորդել են երկրի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգից:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գործում է 2084 հանրային դպրոց, ուսուցանումը մեծամասամբ անց է կացվում վրացերենով:
Թբիլիսիում 21 դպրոց հնարավորություն է տալիս սովորել ռուսերենով: Միևնույն ժամանակ, երկու դպրոցում դասընթացներն անցկացվում են միայն ռուսերենով, մնացած 19 դպրոցներում գործում է ռուսական սեկտոր:
Թբիլիսիի դպրոցներից մեկում ռուսական սեկտորի հետ միասին գործում է հայկական սեկտոր, մեկ այլ դպրոցում էլ՝ ադրբեջանական: Ընդհանուր առմամբ, Թբիլիսիի դպրոցների ռուսական սեկտորում սովորում է ավելի քան 6000 աշակերտ:
Սամցխե-Ջավախքի շրջանի 6 դպրոցում հնարավոր է սովորել ռուսերենով: Դրանցից չորսում գործում է ռուսական սեկտոր, ևս երկուսում դասընթացներն անցկացնում են բացառապես ռուսերենով: Ռուսերենով ուսումնառությունն ընտրել է շրջանի 1079 աշակերտ:
Քվեմո-Քարթլիի շրջանում 14 դպրոցում հնարավոր է սովորել ռուսերենով: Դրանցից չորսում դասընթացներն անց են կացվում ամբողջությամբ ռուսերեն լեզվով, իսկ մնացած տասում՝ վրացական դպրոցում գործում է ռուսական սեկտոր: Քվեմո-Քարթլիի ռուսական սեկտորում սովորում է 3564 աշակերտ:
Աջարիայում կա ընդամենը 8 հանրային դպրոց, որոնցում գործում է ռուսական սեկտոր, և ներկայումս այնտեղ սովորում է 1975 դպրոցական:
Կախեթիի շրջանի չորս դպրոցում ռուսերենով սովորում է ընդամենը 137 աշակերտ, դպրոցներից մեկում դասավանդումն ամբողջությամբ ռուսերենով է, իսկ երեքում՝ կա ռուսական սեկտոր:
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում, ռուսական սեկտորով ընդամենը երեք դպրոց կա: Այստեղ սովորում է 437 աշակերտ: