Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում նախկին հիվանդանոցի մի մասը վերանորոգվում է, որպեսզի ամբուլատորիա բացվի: Աշխատանքներն իրականացնում են գյուղի բնակիչները:

Այս տարի տեղական իշխանությունների կողմից վերանորոգվող 6 ամբուլատորիաների շարքում է նաև Ալաստան գյուղի ամբուլատորիան: Բնակիչները բուժօգնություն ստանալու համար չգիտեին ուր գնային և ում դիմեին, չնայած նրան, որ ժամանակին գյուղում գործել է հիվանդանոց:

Ալաստան գյուղի նախկին հիվանդանոցի շենքի մի մասն ամբուլատորիա դարձնելու շինարարական աշխատանքների տենդերն արդեն կայացել է: Այն 35 900 լարիով շահել է անհատ ձեռներեց Լևոն Քերոփյանը, 40 562 լարի նախնական գումարի պայմաններում: Այս պահի դրությամբ, Պետական գնումների պաշտոնական կայքում տենդերը գտնվում է պայմանագրի կնքման կարգավիճակի մեջ, բայց տեղում աշխատանքներն արդեն սկսվել են:

Ամբուլատորիան կառուցվում է Ալաստան գյուղի նախկին հիվանդանոցի շենքում, որը մինչև 2007 թվականը գործել և սպասարկել է մոտակա 5- 6 գյուղերի բնակիչներին: Այժմ ամբուլատորիայի համար կառուցվում է երկու սենյակ և սանհանգույց: Նախկին հիվանդանոցի մնացած մասը կմնա առանց օգտագործման, սակայն նորմալ վիճակում:

амбулатоия1

Աշխատանքներով զբաղվում են գյուղացիները: Աշխատանքները կատարողը կարծում է, որ այդպես կապահովվի աշխատանքի որակը: Տենդերը շահած ձեռնարկատիրոջ ներկայացուցիչն ասում է, որ նրանք աշխատանքները կավարտեն նախատեսվածից ավելի շուտ:

«Մենք ունենք 2 ամիս, արդեն աշխատում ենք 5 օր և կավարտենք 15 օր հետո: Բանվորներին վարձել ենք գյուղից, որպեսզի նրանք նորմալ աշխատեն, քանի որ իրենք իրենց համար են կառուցում: Առ այժմ խնդիրներ չեն առաջացել », – ասում է ներկայացուցիչ Գրիգոր Քերոբյանը:

Շուշան Շիրինյան