Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում ութ տարի է հիվանդանոցը չի գործում և շենքը արդեն սկսում է քանդվել:

Ալաստան գյուղը գտնվում է Ախալքալաքի հյուսիս արևմտյան մասում և դասվում է հեռավոր գյուղերի շարքին: Այդ մասում են շրջանի շատ այլ գյուղեր: Ձմռան ամիսներին այդ ճանապարհը շատ հաճախ անանցանելի է: Հարկ է նշել, որ վատ ճանապարհի հետևանքով ամռանը նույնպես այդ գյուղեր մարդիկ դժվարությամբ են հասնում: Խորհրդային կարգերի փլուզումից հետո և մինչև 2007թ. Ալաստանում հիվանդանոցը գործում և սպասարկում էր շրջակա 5-6 գյուղերի բնակիչներին: Հիվանդանոցում աշխատել է Թբիլիսիից ժամանած բժշկուհի՝ Եկատերինա Ազարովան և բնակիչների խոսքերով՝ լավ է աշխատել:

2007թ. պետական միջոցներով շենքը վերանորոգեցին, ընդարձակեցին և Թբիլիսիից ժամանած պաշտոնյաների ներկայությամբ պաշտոնական բացում կազմակերպեցին: Չնայած այդ ամենին, այն մինչև հիմա չի գործում:

Բնակիչները արդեն մի քանի տարի է բողոքում են շրջանի ղեկավարությանը, որպեսզի հիվանդանոցը գործի, սակայն ապարդյուն: Նրանց ասում են, որ համապատասխան բժիշկ չեն կարողանում գտնել:

Հարկ է նշել, որ Ալաստանում և շրջակա գյուղերում բուժկետ չկա, և անհրաժեշտության դեպքում բնակիչները չեն կարողանում ստանալ առաջին բուժօգնություն:

Մադոյան Իսկուհին Կոկիա գյուղից ասում է, որ եթե հանկարծ հիվանդանաս, ապա մեկը չկա, որ մինչ շտապ օգնության գալը առաջին բուժօգնությունը ցույց տա:

-«Իմ սկեսուրը ընկել է ու մեջքը ցավացրել: Նա 80 տարեկան է, մեքենա չի կարողանում նստել, որ քաղաք տանենք: Իսկ եթե Ալաստանի հիվանդանոցը աշխատեր, այնտեղ մենք ինչ որ մի կերպ կտանեինք: Ինչու այդքան փող ծախսեցին նորոգեցին, եթե պիտի չբացեին: Հիվանդանոցը հիանալի վերանորոգել են: Ոչ բժիշկ կա, ոչ էլ քույր, ու շենքն էլ արդեն քանդվում է: Ամեն մի փոքր խնդրի համար հո չենք կարող գնալ քաղաք»,- դժգոհում է Իսկուհի Մադոյանը:

Գյուղացիների խոսքերով, 2007թ հիվանդանոցի վերանորոգման համար ծախսվել է 180 հազար լարի:

Կոկիա, Ալաստան, Վարևան գյուղերի բնակիչների հետ զրույցում բոլորը մեկ մարդու պես խնդրում էին օգնել հիվանդանոցը բացել:

Եղիզաբեթ Սերոբյանը Ալաստան գյուղից ասում է, որ ինչպես է, որ առաջ հնարավոր էր Թբիլիսիից բժիշկ ուղարկել, իսկ հիմա ոչ:
-«Թող հիմա էլ որևէ մեկին ուղարկեն»,- ասում է նա:

Վաչագան Մելիքյանը Ալաստան գյուղից չի հասկանում, թե ինչու ունենալով պատրաստի և նորոգված շենք, նրանք չեն կարողանում այն օգտագործել: Գոնե մեկ սենյակ հատկացնեն մանկապարտեզի համար, քանի որ գյուղը մանկապարտեզ չունի, իսկ պահանջարկ կա:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեկսանդր Թորոյանի խոսքերով, այն ինչ կառուցված է Ալաստանում՝ հիվանդանոց չէ, այլ ամբուլատորիա է, որը իրենց չի պատկանում:

Շուշան Շիրինյան