Գրեթե մեկ դար առաջ, ներկայիս Զրես լճի տարածքում ոչինչ չկար՝ միայն ճահիճ էր: Այսօր այս ջրամբարը պարունակում է հարուստ ձկնաշխարհ, ծառայում է որպես ոռոգման աղբյուր և իր բնաշխարհով զբոսաշրջիկների և տեղի բնակիչների աչքն է շոյում:
Զրես լիճը արհեստական ջրամբար է, որը ձևավորվել է անցյալ դարի 30-ական թվականներին:
«Ջուրը փոքրիկ ձորից ջրանցքով ներհոսում է այնտեղ: Նախկինում այն ճահճացած էր, ջրի մեջ մեծ մասամբ ջրիմուռներ էին», – պատմում է Ախալքալաքի բնակիչը, ով սիրում է զբաղվել որսով և ձկնորսությամբ:
Մոտավորապես 70-ականների վերջերին ջրամբարը սկսեցին բարեկարգել. Լճի ափին ձկնաբուծարան հիմնվեց, որտեղ սկսեցին աճեցնել ծածաններ, սպիտակ ամուրներ, հաստաճակատներ: Սպիտակ ամուրները կերան ջրիմուռները և ի հայտ եկավ լճի հայելայնությունը:
«Նախկինում դեպի ջրամբար չվում էին ջրային թռչունների տարբեր տեսակներ՝ բադեր, սագեր, արագիլներ, իբիսներ, կիվիվներ… Մենք հաճախ էինք գնում այնտեղ որսի, այնտեղ շատ հետաքրքիր և հարուստ ֆաունա էր: Հիմա ինչ-ինչ պատճառներով դրանք չկան, բադերը գրեթե անհետացել են ամբողջ շրջանում», – կիսվում է որսորդը:
Զրես լճում տարածված են նաև խեցգետինները: Առաջին անգամ Ջավախքի շրջանում նրանք հայտնվել են հենց այս ջրամբարում: Այս պահին ջրամբարին հարող տարածքում որսը թույլատրվում է արտոնագրով:
Զրես ջրամբարը շատ խորը չէ՝ միջինը 2,5 մ խորությամբ: Լճի մակերեսը տատանվում է 150-ից 180 հա-ի միջև՝ կախված սեզոնից: Երբ սկսվում է ոռոգման սեզոնը, ջրի մակարդակը նվազում է:
Այժմ այս լիճը ազգայնացված է, բայց այն մասնավոր վարձակալության է տրված, և օրենքով արգելվում է ձկնորսությունն այս տարածքում, այնուամենայնիվ, խիզախ ձկնորսները պարբերաբար օգտվում են ջրամբարի ձկնապաշարից:
Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական օգտագործման համար այս լճի ջուրը շատ հարմար է: Բոլոր շրջակա գյուղերից կան ջրանցքներ, որոնցով էլ պոմպերի միջոցով հոսում է ոռոգման ջուրը:
Ամալյա Բաբայան