Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղը Ախալքալաքից 8 կմ արևմուտք է ընկած։ Ինչպես մյուս գյուղերում, այստեղ էլ բնակիչները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Բացառություն չեն, գյուղում ունեն խնդիրներ՝ գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհներից մինչև ընդհանուր թանկացում:

Գյուղում ընդամենը 90 ընտանիք է ապրում: Այստեղից հիմնականում ապրելու են տեղափոխվում Ռուսաստան: Իսկ ովքեր մնացել են, փորձում են գյուղում միջոց ստեղծել ու ապրել։ Նշում են՝ գյուղացու աշխատանքը չի գնահատվում, հակառակը՝ ամեն ինչ օր-օրի թանկանում է, բացի գյուղմթերքից:

«Գյուղացին միշտ էլ խնդիրներ ունի։ Հիմա բերքահավաքի ժամանակ է, ամեն ինչ թանկացրին, ժողովրդի ձեռքը գումար չկա, հնձելը արժի 3-ից 3․50 լարի, դիզվառելիքը թանկացրին։ Կարտոֆիլն էլ գին չունի։ 120 լարի պարարտանյութին են տվել գնել, ու հիմա կարտոֆիլն արժեք չունի։ Ամենաքիչը պետք է 1 լարի արժենա, որպեսզի գոնե մի քիչ շահույթ տեսնի գյուղացին, չհաշված իր ֆիզիկական աշխատանքը։ Վախենում ենք կարտոֆիլի ինքնարժեքը հաշվենք», – ասում է գյուղի բնակիչ Ստեփանյան Արութը։

Ավելացնում է՝ գյուղում կա ոռոգման համակարգ, ինչպես նաև խմելու ջուր, սակայն այս պահին խմելու ջուրը չի բավականացնում գյուղին, քանի որ բնակիչները խմելու ջրով այգիներն են ջրում:

vorogum

Դաշտերեը ոռոգում են գյուղի արհեստական լճի ջրով, որն էլ անցած տարվա համեմատ թանկացել է, մեկ հեկտարի համար հիմա վճարում են 1 500 լարի։ Լճից օգտվում են ոչ միայն Կիրովականի բնակիչները, այլ նաև՝ հարակից գյուղերի։

vorogman hamakarg

Մինչև գյուղ ճանապարհն ասֆալտապատ է, սակայն գյուղամիջյա ճանապարհները քանդված վիճակում են, իսկ անձրևների ժամանակ անանցանելի են դառնում։

Հարթեցման աշխատանքներ տարվում են, սակայն ավազ չեն լցնում, ուղղակի հարթեցնում են, ինչն էլ անձրևից հետո ավելի է բարդացնում իրավիճակը։

Երիտասրադները նույնպես գյուղի առաջնային խնդիր համարում են գյուղամիջյան ճանապարհների անբարեկարգ վիճակը, ինչպես նաև ճանապարհաեզրերի ջրատար անցքերը։

«Մեզ առաջնային պետք է նաև ճանապարհների կողքի ջրատար համակարգի վերանորոգումը, որպեսզի անձրևների ժամանակ ջուրը մարդկանց տներ չլցվի: Հատվածներ կան, որ խցանված են, ջարդված են, վերանորոգման կարիք կա։ Որ ասեմ մեր գյուղի խնդիրները շատ են՝ չէ», – ասում է գյուղի երիտասարդներից Կարեն Ղարագյոզյանը։

Կիրովականում երիտասարդների զբաղմունքի կենտրոն կա, մարզադաշտ է կառուցվել, ինչպես նաև ակումբ, որը ցանկացել են ցանկապատել, որպեսզի անասունները չմտեն ու կեղտոտեն, սակայն գործերն սկսել են ու կիսատ թողել։

marzadasht

Երիտասարներն այս սեզոնին հիմնականում գնում են աշխատելու, կատարում են գյուղական տարբեր աշխատանքներ, իսկ ազատ ժամանակ զբաղվում են մարզադաշտում կամ սպորտդահլիճում։ Ասում են՝ մեծամասնությունը հիմա արտագնա աշխատանքի է գնում: