Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղի Մշակույթի տան վերանորոգման համար հատկացվել է 40 000 լարի:

Դամալան Ասպինձայի մունիցիպալիտետի միակ հայաբնակ գյուղն է: Դամալա գյուղի Մշակույթի տունը գտնվում է փլուզման եզրին:

Մշակույթի տան դահլիճը նախատեսված է մոտավորապես 300 մարդու համար: Ժամանակին այնտեղ տարբեր բեմականացումներ եւ համերգներ են կայացել: Բեմում, ըստ գյուղացիների, խաղացել է հայտնի հայ դերասան Վահրամ Փափազյանը: Ներկայումս այն վտանգավոր է դարձել, այստեղ միջոցառումներ անցկացնելը ռիսկային է:

damalaklub1

Այս դահլիճում իր պարի դասերն էր անցկացնում «Կարին» գյուղական պարային համույթը, սակայն վթարային վիճակի պատճառով գրեթե մեկ տարի է նրանց թույլ չեն տալիս պարապմունքներն այնտեղ անցկացնել: Նրանք արդեն ունեն նոր պարադահլիճ:

Ասպինձայի մունիցիպալիտետը մտադիր է Դամալա գյուղի Մշակույթի տունը վերանորոգել աստիճանաբար: Այս տարի, ըստ տնօրեն՝ Վարսենիկ Սաղաթելյանի, նախատեսվում է վերանորոգել շենքի տանիքը:

«Ասացին, որ տանիքը վերանորոգելու համար 40 հազար լարի են հատկացրել, եւ աստիճանաբար, տարեցտարի, ինչ-որ բան կվերանորոգվի: Ամբողջովին Վերանորոգումը, հավանաբար, կտեւի երեք տարուց ավել», – ասաց Վարսենիկ Սաղաթելյանը:

damalaklub

Շուշան Շիրինյան