Դամալայի տոնի շրջանակներում գյուղում բացվեց պարադահլիճ: «Կարին» պարի համույթն իր պարապմունքներն արդեն կարող է անցկացնել այնտեղ:
Գյուղապետարանի շենքում երկու սենյակ վերածվել է մեկ մեծ պարադահլիճի, այն վերանորոգել են եւ հատկացրել «Կարին» համույթին՝ այնտեղ պարով զբաղվելու համար: Պարադահլիճի բացմանը ներկա էին Վրաստանի, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ Սամցխե-Ջավախեթիի հոգեւորական այրեր:
Դամալա գյուղի ակումբը գտնվում է վթարային վիճակում: Տեղի «Կարին» պարային համույթը պարի դասերն անցկացնելու ոչ մի տեղ չուներ: Այժմ նրանք ունեցան դրա հնարավորությունը, մինչ կվերանորոգվի գյուղի մշակույթի տունը:
Դամալայի մշակույթի տունը՝ փլուզման եզրին
Դամալայում բեմը փլվեց համերգի ժամանակ
Շենքը վերանորոգվել է ծագումով Դամալա գյուղից Շահեն Ղուկասյանի օգնությամբ, ով այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում:
«Կարծում եմ, Դամալայի յուրաքանչյուր բնակիչ, հնարավորության դեպքում, պետք է ինչ-որ բան անի գյուղի համար: Ես ուզում էի վերանորոգել ակումբի ճակատային մասը, սակայն ինձ առաջարկեցին վերանորոգել այս դահլիճը», – ասում է Շահեն Ղուկասյանը:
Շահեն Ղուկասյանն առաջին անգամն է իր միջոցները հատկացնում հայրենի գյուղի համար, սակայն խոստացավ, որ սա վերջինը չի լինի:
Շուշան Շիրինյան