Մի ժամանակ մոտ 5000 բնակչություն ունեցող բարգավաճող գյուղն աստիճանաբար դատարկվում է։ Կարծախից երիտասարդությունն արտագաղթում է, քանի որ գյուղում գազ, ջուր կամ այլ հարմարություններ չկան։
Կարծախ գյուղը գտնվում է Ախալքալաքից 35 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի հետ սահմանին։ Գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում՝ ոռոգման ջուրն ու դաշտերը բավարար չեն, որ մարդիկ հողագործությամբ զբաղվեն։
«Մենք հսկայական լիճ ունենք, ինչո՞ւ չի կարելի դրանից մի ջրանցք անցկացնել, որպեսզի դաշտերը ջրենք։ Այն մոտ 1000 հեկտար ցանքատարածություն կսպասարկեր»,- ասում է գյուղի բնակիչ Խաչիկ Սաղաթելյանը։
Ոռոգման ջրից բացի, տարիներ շարունակ գյուղում արդիական է նաև խմելու ջրի խնդիրը։ Բնակիչները բազմիցս դիմել են տեղական իշխանություններին՝ խնդրին լուծում տալու խնդրանքով։ 2017 թվականին Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության կողմից հաստատվել է Կարծախում խմելու ջրի ջրամբար ստեղծելու նախագիծը, սակայն իրականացումից հետո նախագիծն իրեն չարդարացրեց, և արդեն 2018 թվականին գյուղում սկսեցին մտածել այլընտրանքային ջրամատակարարման գիծ անցկացնելու մասին։ 2020 թվականին մունիցիպալիտետը 8 484 լարի է հատկացրել Կարծախ գյուղում նոր ջրատարի նախագծային փաստաթղթերի պատրաստման համար, սակայն, ինչպես ասել է այդ ժամանակ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, մունիցիպալիտետն այդ աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու միջոցներ չուներ։ 2021 թվականին մունիցիպալիտետը, այնուամենայնիվ, հայտարարել է Կարծախ գյուղում ջրամատակարարման գծի անցկացման մրցույթ՝ 411 341 լարիով, այն հաղթել էր ՍՊԸ «ՆԴՍ Մշենեբլոբա» ընկերությունը՝ 402 821 լարիով։ Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրումից 240 օրացուցային օր հետո, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև 2022 թվականի նոյեմբերի 7-ը։
Ջրամատակարարումը Կարծախում. վերականգնման նախաձեռնողների բացատրությունը
Կարծախում խմելու ջուրը՝ երազանք է
Կարծախ գյուղի բնակիչները բողոքում են…
Կարծախ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Գաբրիել Կարապետյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ոռոգման նոր համակարգը կառուցվել է 2022 թվականի ամառվա վերջին։ Նա նշեց, որ համակարգն իսկապես այս տարի շարքից դուրս է եկել, սակայն այս պահին ամեն ինչ վերականգնված է։ Նա նաև հավելեց, որ գյուղացիներից ոմանց ջուրն, այնուամենայնիվ, չի հասնում, քանի որ գյուղացիներն այն օգտագործում են ոռոգման նպատակով։
«Բնակիչներն այն օգտագործում են ոռոգման համար, իսկ հետո էլ բողոքում են: Հետևաբար խմելու ջուրը ոմանց չի հասնում։ Այնտեղ խնդիրներ կային, բայց հիմա ամեն ինչ շտկվել է»,- մեկնաբանեց Գաբրիել Կարապետյանը։
Ջրամատակարարման խնդրից զատ գյուղում չկա բնական գազ։
«Միշտ աթար ենք սարքում, մենք տներում ջեռուցում չենք կարող անցկացնել, մեզ գազը հարկավոր է ճաշ պատրաստելու համար»,- ասում է Խաչիկ Սաղաթելյանը։
Գյուղի միջով բեռնատարների ավելացած հոսքը նույնպես խնդիրներ է առաջացնում գյուղացիների համար։
«Արդեն հոգնել ենք, միշտ աղբ, փոշի»,- հավելում է գյուղացիներից մեկը։
Այս ամենը միասին մեծացնում է արտագաղթը գյուղից։ Ինչպես նշում են տեղի բնակիչները՝ երիտասարդները չեն ամուսնանում։ Ըստ նրանց՝ Կարծախի բնակիչները հիմնականում արտագաղթում են Հայաստան, իսկ վերջին շրջանում՝ նաև Ռուսաստան։ Ժամանակին գյուղում 5000-ից ավելի բնակիչ կար, անցած դարի 60-ականներին այս գյուղին ուզում էին քաղաքի կարգավիճակ տալ, բայց այդպես էլ չարեցին։ Այս պահին գյուղի բնակչությունը չի գերազանցում 1000 հոգին։ Գյուղն ունի մանկապարտեզ և 12-ամյա դպրոց, այս տարի դպրոցն ընդամենը 4 առաջին դասարանցի ունի։ Չնայած ռուբլու արժեզրկմանը, գյուղացիները վստահեցնում են, որ տղամարդկանց մեծ մասը, միևնույն է, գնում է խոպան։
Թուրքիայի հետ սահմանին մոտ լինելը բնակիչներին տալիս է և՛ խնդիրներ, և՛ առավելություններ։ Գյուղից մի քանի անգամ անասուններ են գողացել, ենթադրաբար թուրքերը՝ այնտեղ կովերը շատ ավելի թանկ են, քան Վրաստանում։ Թեև Կարծախի բնակիչները գնումները կատարում են հիմնականում Թուրքիայից, քանի որ ճանապարհը դեպի այնտեղ, և դեպի Ախալքալաք նույնն է, իսկ Ախալքալաքում գները շատ ավելի թանկ են։
«Դեպի Չըլդըր կամ Արդահան ճանապարհը 50 րոպե է, նույնչափ է և դեպի Ախալքալաք: Եթե ծննդյան օրեր են լինում կամ այլ առիթներ, բնակիչները գնում են այնտեղից [Թուրքիա] գնումներ անելու»,- ասում է գյուղի բնակիչ Ժորա Ափինյանը։
Կարծախցիների միակ խնդրանքն իշխանություններից նրանց գոնե տարրական կենցաղային պայմաններով ապահովելն է, որպեսզի գյուղը չշարունակի դատարկվել։