Դամալան Ասպինձայի շրջանի ամենամեծ և միակ հայաբնակ գյուղն է, որտեղ բնակիչների համար կարևոր նշանակության, 81 ամյա մշակույթի տունը գտնվում է փլուզման եզրին։

Մոտավորապես 300 հոգանոց դահլիճը, որտեղ ժամանակին հյուրընկալվել են տարատեսակ ներկայացումներ և համերգներ, այսօր վերածվել է վտանգավոր տարածքի, այստեղ միջոցառումներ անցկացնելն անգամ ռիսկային է։

«Գյուղում մանկական ներկայացումներ ենք բեմադրում, փորձերը դպրոցում ենք անցկացնում, միայն ներկայացման օրը բեմ ենք բարձրացնում երեխաներին։ Վերանորոգելու խնդրանքով դիմել ենք տեղական իշխանությանը, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել», – մեզ հետ զրույցում ասաց Դամալայի մշակույթի տան վարիչ Սահակյան Վարսենիկը։

zal5

Մշակույթի տան հետնամասը, որտեղ նախկինում եղել են կուլիսները, վերածվել է քարերի կույտի, տանիքը ծածկող թիթեղները ցանց են հիշեցնում, իսկ գյուղացիները կես կատակ կես լուրջ ասում են, որ իրենց մշակույթի տունը շատ ռոմանտիկ վայր է, հատկապես անձրևի ժամանակ։

zal2

«Արդեն քսան տարի կլինի, որ ես եմ մշակույթի տան վարիչը, և այդ ընթացքում ոչ մի կարգի վերանորոգում չեն իրականացրել։ Մշակութի տունը կառուցվել է 1936 թվականին և վերջին անգամ քառասուն տարի առաջ են վերանորոգել։ Հիմա գյուղի պարի խմբի սաներն են շենքում պարապում ու կրկին վտանգավոր պայմաններում, ուղղակի այլընտրանք չունենք»,- ասաց Սահակյան Վարսենիկը։

Մեր այցելության ժամանակ բեմում պարի խմբի պարապմունքն էր: Ականատես եղանք թե ինչպես երեխաների քայլերին համընթաց բեմի արդեն փտած փայտերը շարժվում էին, տպավորություն ստեղծելով թե ամեն վայրկյան այն կարող է փլվել, կամ, որ երեխաներից մեկի ոտքը կհայտնվի անցքի մեջ։

zal4

Դամալացիները տեղական իշխանության դիմումի անպատասխան վիճակից հուսահատված մշակույթի տան վերանորոգման այլ ճանապարհներ են փնտրել և այդ խնդրանքով դիմել տարբեր բարեգործական հիմնադրամների, որոնք նույնպես դեռ ոչինչ չեն արել։

Ջուլիետա Տոնականյան