Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում, վրացական գերեզմանատան տարածքում, կա մի մեծ, ուղղանկյունաձև քար, որը, ըստ բնակիչների, մեծ ուժ ունի, «հիվանդները բուժվում են, եթե աղոթում են քարի մոտ»։ Գյուղի քարի մասին մի քանի լեգենդներ են պտտվում, բայց ամենակարևորն այն է, որ բնակիչները վստահ են, որ գյուղում համապատասխան ենթակառուցվածքների բարեկարգման դեպքում քարը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին և գրավել նրանց դեպի Մուրջախեթ գյուղ։
Մուրջախեթ գյուղի բնակիչ Ենոք Բաբաջանյանի խոսքով, քարի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն Վրաստանում, այլեւ Հայաստանում։ Ոչ ոք չգիտի, թե ինչու և երբ են տեղադրվել այս քարերը։
«Մենք գալիս ենք այստեղ իբր սրբավայր, մոմեր ենք դնում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու են դրանք տեղադրվել և երբ: Ծալկայում ևս նման քար կա: Ամենահետաքրքիրն այն է, որ քարը պտտվել է: Ես տեսել եմ 1952 թվականի լուսանկար, և, եթե այսօրվա լուսանկարի հետ համեմատենք, կտեսնեք, որ քարը 20-25 աստիճանով պտտվել է: Ավելի ուշադիր նայելու դեպքում քարի վրա կարելի է տեսնել աղջկա պատկեր»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Բնակիչների խոսքով, նախկինում գիտնականները հաճախ էին գալիս ուսումնասիրում քարը, նույնիսկ ցանկացել են տանել, սակայն տեղացիները թույլ չեն տվել դա անել։
Գյուղի քարի մասին բազմաթիվ լեգենդներ են պատմում։
Լեգենդ առաջին
Լեգենդներից մեկի համաձայն, սա տապանաքար է և կոչվում է «վիշապ»։ Շատ ուժեղ մարդկանց անվանում էին վիշապներ, իսկ երբ նրանց թաղում էին, այսպիսի քարեր էին դնում նրանց գերեզմանների վրա։
Լեգենդ երկրորդ
Մեկ այլ լեգենդ էլ ասում է, որ վիշապ նշանակում է «ջուր», եղել են ջրային վիշապներ, իսկ այն վայրերում, որտեղ եղել են ջրի աղբյուրներ, տեղադրվել են այսպիսի քարեր, որպեսզի մարդիկ հեռվից տեսնեին, որ այդ վայրում ջուր կա։
Լեգենդ երրորդ
Ոմանք էլ պատմում են, որ այդ քարերով պարսպապատվել են թագավորությունների տարածքները։
Լեգենդ չորրորդ
Լեգենդներից մեկը վկայում է, որ քարը կապված է աստղերի հետ, իբր քարի ուղղվածությունը և դրանց վերևում գտնվող գրությունները կապված են աստղագիտության հետ։
Լեգենդ հինգերորդ
Այն վկայում է, որ քարը Մետաքսի ճանապարհի համար փարոս է ծառայել։ Ըստ այդմ, եթե քարի վրա ճրագ կամ մոմ դնես, և Ծալկայի նմանատիպ քարի վրա մեկ ուրիշը, կանգնես մեջտեղը, ապա երկու լույսերն էլ կարելի է տեսնել, և քարավաններն այս փարոսներով կարող էին կողմնորոշվել իրենց ճանապարհին։
Ենոք Բաբաջանյանը հակված է կարծել, որ լեգենդների լավ ներկայացմամբ և քարի շրջակայքի բարեկարգմամբ նա կկարողանա հետաքրքրել զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջիկները կգան Մուրջախեթ գյուղ, և, իհարկե, այն կսկսի զարգանալ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղը գտնվում է Ախալքալաքից ոչ հեռու, մեքենայով ընդամենը 15 րոպեի ճանապարհ է։ Մուրջախեթը երկազգ գյուղ է, այստեղ ապրում են և՛ հայեր, և՛ վրացիներ։