Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքում ընթանում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Ախալքալաքցի սպորտսմենները` Արտյուշ Գոմցյանը եւ Օթար Երանոսյանը, մեկական հաղթանակ են տարել, երկրորդ հաղթանակի դեպքում նրանք կհայտնվեն կիսաեզրափակչում:
Նոյեմբերի 9-ից Իսպանիայում տեղի է ունենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են հիմնականում եվրոպական երկրների անվանի մարզիկներ: Առաջնությունում Վրաստանից մասնակցում է 10 մարզիկ, նրանցից յուրաքանչյուրը մրցում է տարբեր քաշային կարգերում: Նրանցից երկուսը Ախալքալաքի սպորտային համալիրի մարզիկներն են:
Երեկ, նոյեմբերի 11-ին, 60 կգ. քաշային կարգում Օթար Երանոսյանը հաղթեց բուլղարացի բռնցքամարտիկին: Վաղը` նոյեմբերի 13-ին, նա կպայքարի ֆրանսիացի բռնցքամարտիկի՝ ներկայիս աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ օլիմպիական մեդալակիրի դեմ:
Նոյեմբերի 11-ը Վրաստանի համար հաղթական օր էր, երկրորդ մարզիկը` Լաշա Գուրուլին, առաջնությունում նույնպես գրանցեց իր առաջին հաղթանակը:
Վրաստանի վաստակավոր մարզիչ, Ախալքալաքի սպորտային համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը հույս ունի, որ մեր մարզիկների հաղթելու են:
«Երկուսն էլ լավ պատրաստված են: Երկուսի հետ էլ մեծ հույսեր ենք կապում: Օթար Երանոսյանի առաջիկա պայքարը շատ կարեւոր եւ դժվար է, քանի որ նա պիտի պայքարի աշխարհի չեմպիոնի հետ: իսկ Արտյուշ Գոմցյանը փորձառու չէր պրոֆեսիոնալ մենամարտում` համեմատելով առաջնության մյուս բռնցքամարտիկների հետ: Քանի որ նա վերջերս պրոֆեսիոնալ մակարդակի վրա անցավ: Նրա հաղթանակը տպավորիչ էր», – ասում է նա:
Առաջնության առաջին իսկ օրը` նոյեմբերի 9-ին, Վրաստանն սկսեց հաղթանակներով: Սլովենիայի բռնցքամարտիկ Գուզեյ Ալեքսի հետ մենամարտում՝ 56 կգ քաշային կարգում, Արտյուշ Գոմցյանը հաստատակամ հաղթանակ է տանում հենց առաջին իսկ փուլում:
Նոյեմբերի 15-ին նա պայքարելու է բելգիացի բռնցքամարտիկի հետ՝ առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Նոյեմբերի 9-ին Նոդար Դարբաիձեն 52 կգ քաշային կարգում նույնպես հաղթեց իտալացի մրցակցին:
Նոյեմբերի 10-ին, Եվրամիության առաջնությունում, Վրաստանի պատվիրակությունն էին ներկայացնում՝ Էսկերհան Մադիեւը եւ Նիկոլոզ Բեգաձեն, ցավոք, Նիկոլոզ Բեգաձեն պարտվեց իտալացուն, սակայն Մադիեւը հաղթեց: