Կիմա Նորսոյանը Նինոծմինդայից է, 8 տարեկանից հաճախում է կարատեի: Չնայած, որ 16-ամյա աղջիկը հասցրել է բազում հաղթանակներ գրանցել, սակայն դրանցով չի բավարարվում և շարունակում է ամենօրյա մարզումները, որպեսզի իրականացնի իր և ծնողների երազանքը: Կիման 2020 թվականին ճանաչվել է Վրաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող մարզիկը, իսկ 2016 թվականին ստացել «լեդի կարատե» կոչումը։ 50-ից ավելի մեդալ և պատվորգիր ունի։
Սպորտի ընտրությունն ու որոշումը ծնողներինն է եղել։ Հայրը՝ Վարդան Նորսոյանը վերադառնալով Ռուսաստանից, տեսնում է, որ Կիման իրենց բակի ամենաբարձր ծառից ներքև չի իջնում, և կարծես մարզվում է, վախենալով, որ երեխան իրեն վնաս չպատճառի սխալ շարժումներով, որոշում է աղջկան կարատեի տանել։
«Նախքան տանելը հարցրեցինք, ի՞նչ ես ուզում, Կիման պատասխանեց՝ գիմնաստիկա, այդ ժամանակ մեր մոտ չկար, դրա համար որոշեցինք կարատեի ուղարկել։ Մտածում էինք, որ փոքր ժամանակ կգնա, հետո կմեծանա չի շարունակի, բայց սխալվեցինք։ Երեք աղջիկ ունեմ, երեքն էլ տարբեր հետաքրքրություններ ունեն, օրինակ՝ միջնեկս կարպետագործությամբ է զբաղվում, փոքրս՝ երգ ու պար է սիրում»:
Արդեն 8 տարի է Կիման սպորտով է զբաղվում։
«Այս տարիների ընթացքում հասցրել եմ գրավել բազում հորիզոնականներ և մեդալներ, որոնք իմ կյանքում ունեն իրենց յուրովի դերն ու նշանակությունը»
Մարզուհին իր հաղթանակներից առանձնացնում է Լեհաստանում տեղի ունեցած աշխարհի 7-րդ առաջնությունը, որտեղ թիմակիցների՝ Աքսաննա Ավետյանի և Նիկոլե Դեմուրաշվիլիի հետ, թիմային կուլիտեում գրավել է երկրորդ հորիզոնականը։
Շեշտում է, իր հաջողությունների համար պարտական է մարզիչներին՝ Ռաֆայել Դարբինյանին և Մաքսիմ Արզումանյանին։
Կիման բոլոր մեդալները խնամքով է պահում, բայց առանձնահատուկ կարևորություն է տալիս աշխարհի առաջնության ժամանակ ստացած մեդալին:
Նա զբաղվում է կարատեի շոտոկան մարզաձևով։ Ինչպես ինքն է նշում, այս սպորտաձևը վստահություն է տալիս իրեն, ամեն իրավիճակում պաշտպանված է զգում։ Արդեն հասցրել է ստանալ շագանակագույն գոտի, և ձգտում է, որ սև գոտի ստանա, որպեսզի և՛ վարկանիշը բարձրանա, և՛ մարզիչ դառնա։
«Շատ նպատակներ ունեմ, չեմ պատրաստվում սպորտը թողնել, բայց իմ առաջնային նպատակն է հասնել սև գոտուն»:
Կիման հաղթանակների հետ ունեցել է նաև պարտություններ։ Նա իր մրցակցին պարտվել է հենց առաջին մրցույթի ժամանակ, բայց դա նրան ավելի է ուժ տվել։
«Հաղթանակներիս կողքին ունեցել եմ պարտություններ, բայց ինձ համար այդ պատությունները ավելի նշանակալից են եղել, քանի որ ես հենց այդ պարտությունների արդյունքում եմ դարձել այն, ինչ կամ այսօր։ Ինձ թվում է այդքան կարևոր չէ՝ պարտվում ես, թե հաղթում, առավել կարևոր է, թե ինչպես ես պարտվում, քանի որ այդ պարտության հետևանքով դու կարող ես ձգտվել, այդ պարտությունը վերածել հաղթանակի: Ինչպես ասում են՝ յուրաքանչյուր պարտություն տանում է դեպի փայլուն հաղթանակ», – հավելում է Կիմա Նորսոյանը։
2014 թվականին, 8 տարեկանում Կիման հենց առաջին մրցույթում պարտվել է մրցակցին, որը նրան պայքարելու ուժ ու ձգտում է տվել: Այսօր Կիման ցանկանում է մրցակցել հենց այն մարզիկի հետ, ում առաջին անգամ պարտվեց։ Երազում է մասնակցել օլիմպիական խաղերին։
Ապագա մասնագիտության հարցում Կիման դեռ չի կողմնորոշվել, բայց հայրը ցանկանում է, որ աղջիկն ընդունվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմանկան համալսարան և մայոր դառնա։ Կիման փոքրուց սիրել է զինվորականի մասնագիտությունը, բայց Ղարաբաղի կռվից հետո նրա մոտ հարցեր են առաջացել, տատանվում է:
Եթե սկզբում Կիմայի շրջապատը չի ընդունել նրա կարատեիստ լինելու փաստը, ապա հիմա արդեն կան աղջիկներ, ովքեր հետաքրքրվում և հարց ու փորձ են անում նրան կարատեի նրբությունների վերաբերյալ։
«Սկզբում շատ էին բացասական ռեակցիաները, թե դա այդքան էլ աղջկա սպորտ չէ, բայց նման կարծիքներին ուշադրություն չդարձրի ու շարժվեցի առաջ, հիմա արդեն նորմալ են վերաբերվում։ Հաղթանակած վերադառնալուց հետո բարեկամններս ու ընկերներս մեծ շուքով և ուրախությամբ են դիմավորում։ Նկատել եմ, որ իմ հաջողություններից հետո շատ աղջիկներ են փորձում զբաղվել հենց այս սպորտաձևով։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացա կոտրել մեր հասարակության մեջ մտած այդ կարծրատիպը»:
Եթե կարատեում Կիման նպատակասլաց է, ապա տանը հակառակը՝ զիջող։ Բացի կարատեից նա զբաղվում է պարով, երաժշտությամբ, նկարչությամբ, ասեղնագործությամբ, ինչպես նաև արդեն տիրապետում է ննչակների մարտարվեստին։ Մեդալակիր է ոչ միայն սպորտի, այլ արվեստի բնագավառում։
Մարզուհին կարծում է, որ իր հաջողության գրավականը աշխատասիրությունն է, կամքի ուժը, որ պարտությունը վերածում է հաղթանակի։
Գայանե Ակոջյան