Աղավնիների որսի մասին նյութը զարգացում ունեցավ: Այն մարդու կինը, ում Անուշ Մելքոնյանը մեղադրում է աղավնիների որսի և սպանության մեջ, կռվել է Անուշի հետ, այդ փաստով քրեական գործ է հարուցված: Որսացողը ասում է, որ աղավնիներին բռնել է ոչ ուտելու, կամ սպանելու նպատակով:
Երեկ մեզ տեղեկացրել էին, որ Ախալքալաքում աղավնիներ են որսում և այդ փաստը վրդովեցրել էր աղավնիներին կերակրող դերձակ Անուշ Մելքոնյանին։ Նա դիմել էր այն երիտասարդին, ով որսում է թռչուններին, որպեսզի այլևս նման բան չանի, սակայն բազմաթիվ վիրավորական խոսքեր ստանալուց հետո վերադարձել էր իր աշխատանքի վայր։
«Տեսա թե ինչպես է բռնում աղավնուն, որ սատկացնի, մոտեցա և ասացի, որ մեղք չեն, ինչու ես սպանում, պատասխան ստացա բազում վիրավորական խոսքեր, ինձ վիրավորեց, ես էլ իրեն վիրավորեցի, վերցրի արդեն սատկած աղավնին և վերադարձա գործիս», – ասաց Անուշ Մելքոնյանը։
Ըստ նրա աղավնիների որսագողը քաղաքացի Ռաֆոն է։
Դեպքի մանրամասների իր բացատրությունը տվեց նաև Ռաֆայել Մեսարգիշվիլին, ում էլ մեղադրում է Անուշ Մելքոնյանը։
«Ես դոխեր շատ եմ սիրում, պահում եմ։ Վերջին ժամանակահատվածում բոլոր դոխերս փախան, այս տարածքում երկաթ կա, որի մեջ ջուր է լցվում, դոխերը գալիս են ջուր խմելու, ես էլ մտածեցի մի քանի հատ բռնեմ, տանեմ տուն Սուրբ Սարգսի ժամանակ վաճառեմ։ Իսկ այդ օրը մի դոխ էր սատկել և կտուրից վայր էր ընկել, եկավ դա տեսավ ու սկսեց որդուս անիծել, ասում է ինչպես որ այդ դոխն է սատկել, այդպես էլ որդիդ սատկի։ Սակայն ես հաշվի չառա նրա ասածները։ Արյունոտ տախտակ է գտել ու տարածում է իբր դոխի արյուն է, բայց ես կարող եմ ապացուցել, որ այդպես չէ։ Տախտակի վրայի արյունն էլ դա խոզի արյուն է, քույրս խոզ էր մորթել, եղբայրս էլ գլուխը այդ տախտակի վրա էր մաքրել», – ասաց Ռաֆայել Մեսարգիշվիլին։
Ռաֆայելը գնացել է տուն և կնոջն հորդորել է, որ գնա ու խոսի Անուշի հետ, որ չանիծի որդուն։
Ռաֆայելի կինը գնացել է Անուշի տուն։ «Նախանցած գիշեր ժամը 11:00-ի սահմաններում նրա կինը եկավ մեր տուն, սկսեց հարց պարզել, ես նրան ասացի, որ հիմա գիշեր է և ես դուռս ոչ մեկի դեմ չեմ բացի», – ասաց Անուշ Մելքոնյանը։
Ամսի 22-ի կեսօրին նա գնացել է դերձակի արհեստանոց և սկսել է կռվել։
«Եկավ լեզվակռիվ սկսվեց մեր մեջ, ասաց, որ «Մարդս որսալու է, ես էլ ուտելու եմ», հետո ասացի, որ հեռանա իմ արհեստանոցից, այդ պահին նրա ամուսինը՝ Ռաֆոն ներս եկավ և ոտքով հարվածեց ինձ, ես ընկա, այդ ժամանակ կինը հարձակվեց վրաս և կոկորդիցս բռնելով սկսեց դեմքս չանգռել ու գլխիս խփել», – լացակումած պատմում է Անուշ Մելքոնյանը, ցույց տալով երեսի ու մարմնի վերքերն ու կապտուկները։
«Ես կնոջս ասացի, որ խոսի նրա հետ, չանիծի որդուս, նա գնացել էր ու կռվել էին, կինս խփել էր նրան», – ասաց Ռաֆայելը։
Անուշ Մելքոնյանը պնդում է, որ բացի կնոջից նրան ոտքով նաև Ռաֆոն է հարվածել, սակայն Ռաֆայելը դա հերքում է։
«Ես նրան անգամ մոտ չեմ գնացել, նա փայտը առավ ու հարձակվեց, դրան էլ չպատասխանեցի», – ասաց Ռաֆայել Մեսարգիշվիլին։
Ըստ Անուշ Մելքոնյանի, նրան սպառնացել են, որ եթե ոստիկանություն դիմի, ապա նրա տնակը կպայթացնեն, սակայն նա կռվի պահին զանգել է ոստիկանություն, դեպքի վայր ժամանած ոստիկանները նրանց երեքին էլ տարել են բաժին։
Դերձակը պատմեց, որ նրա վերքերը ստուգել են և դատաբժիշկը ասել է, որ ստացած հարվածները ուժեղ են եղել։
Ռաֆայել Մեսարգիշվիլին իր անմեղությունն ապացուցելու համար հարևանությամբ գտնվող շենքի վիդեոտեսագրությունները ներկայացրել է ոստիկանություն։
«Ոստիկանությունը գործ է հարուցել կնոջս նկատմամբ, ոչ իմ, սակայն ինչ հոդվածով չգիտեմ», – ասաց Ռաֆայելը։
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ Ռաֆայել Մեսարգիշվիլիի կնոջ՝ Ռիպսիմեի նկատմամբ գործ է հարուցվել “Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը նշանակում է պարբերաբար ծեծ կամ այլ կարգի բռնություն, որն էլ ֆիզիկական կամ հոգեբանական տանջանք է պատճառում անձին։ Օրենքը նախատեսում է ազատության սահմանափակում երկու տարով կամ ազատազրկում մեկից երեք տարի։
Գայանե Ակոջյան