Անհատ ձեռնարկատեր Արարատ Հովհաննիսյանը ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում, LAG-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի օգնությամբ, ձեռք է բերել օդալուսանկարահանման սարքավորում՝ ճշգրիտ GPS ընդունիչով։ Տեխնիկան 2 տարի ծառայել է ձեռնարկատիրոջը, իսկ այժմ պարապուրդի է մատնված գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցման կարգում փոփոխությունների պատճառով։
Ողջ Վրաստանում հողամասերի գրանցման խնդիրը եղել և մնում է արդիական։ Մունիցիպալիտետում մեծամասնությունը չի գրանցել իր հողատարածքները։ Գրանցման ժամանակ ոմանք բախվել են օդալուսանկարահանիչ սարքի ոչ ճշգրիտ աշխատանքի խնդրին, հաճախ հողատարածքները համընկնում են միմյանց հետ։ Արարատ Հովհաննիսյանն ընկերոջ՝ Թեյմուրազ Մանվելյանի հետ որոշում է մասնակցել ԵՄ ճշգրիտ GPS սարքի ձեռքբերման մրցույթին և սկսում զբաղվել օդալուսանկարահանմամբ։
Նրանք մասնակցում են LAG-ի (Տեղական զարգացման խումբ) մրցույթին և շահում դրամաշնորհ: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 35 000 լարի, որից 12 250 լարին ինքնաֆինանսավորումն է, 22 750-ը՝ դրամաշնորհը։ Անհատ ձեռնարկատեր Արարատ Հովհաննիսյանը դրամաշնորհով ձեռք է բերել GPS սարք և գրասենյակային գույք։
«Պահանջարկը մեծ էր, մարդիկ գոհ էին: Մեր քաղաքում նման ճշգրտությամբ ապարատ չկար: Շատերը մեզ դիմում են մեզ անձամբ ճանաչելով, վստահելով մեզ, մենք ամբողջ ընթացքը վերահսկում էինք»,- ասում է անհատ ձեռնարկատեր Արարատ Հովհաննիսյանը։
Նա դրամաշնորհը շահել է 2019թ.-ին: Երեք տարվա աշխատանքի ընթացքում, ըստ նրա, եղել են բոլոր գյուղերում, նկարահանել ու գրանցել մոտ 600 հողատարածք։ Մի հողատարածքի օդալուսանկարահանումն արժե 50 լարի։ Դիմողների մեծ մասը գրանցել է իրենց գյուղատնտեսական հողատարածքները։
2022 թվականի հունվարից այդ հողամասերի գրանցման գործընթացը կասեցվել է։ Գյուղատնտեսական նշանակության հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացի բարեփոխման արդյունքում մունիցիպալիտետների քաղաքապետարանները դադարել են մասնակցել այս գործընթացին։ 2022 թվականից մինչև 2024 թվականը հողերի գրանցման ամբողջ գործընթացը կիրականացնի Հանրային ռեեստրը։ Գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ, այդ թվում նաև՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում։
Արարատ Հովհաննիսյանը չի կարող աշխատել, քանի որ իրեն ասել են, որ հողերի գրանցման նոր կանոնակարգով նա կարող է մասնակցել մրցույթին և աշխատանքի անցնել, բայց չի կարող աշխատել սեփական շրջանում։
«Մենք գնացինք Թբիլիսի, մեզ ասացին, որ դուք չեք կարող աշխատել ձեր շրջանում, 1000 լարի աշխատավարձ են տալիս, մենք հնարավոր է այլ մունիցիպալիտետում աշխատենք: Մենք հրաժարվեցին: Հիմա մեր աշխատանքը կրճատվել է, գրանցում ենք միայն նրանց, ովքեր քաղաքում տուն են գրանցում, քանի որ վաճառում է կամ գնում: Բոլորը սպասում են ժամանակացույցին»,- պարզաբանեց Արարատ Հովհաննիսյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում հողերի գրանցումը կսկսվի միայն այս տարվա նոյեմբերին։ Մինչ այդ Հանրային ռեեստրում կադրեր են հավաքագրում։
Մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց հողամասը գրանցել առանց ժամանակացույցի, նրանք պետք է Հանրային ռեեստրում յուրաքանչյուր հողակտորի համար վճարեն 300 լարի, որին կգումարվի նաև օդալուսանկարահանման 50 լարին։
Ճիշտ է, նախագծում նրա կողմից ներդրած համաֆինանսավորման գումարի չափը մարվել է 2 տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում, սակայն ձեռնարկատերերը իրավիճակի նման շրջադարձ չէին սպասում և այժմ անորոշության մեջ են հայտնվել։