Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում մարդիկ պնդում են, որ նորմալ կյանքի համար նրանց հարկավոր է բուժքույր, անցանելի ճանապարհ և ոռոգման ջուր:
Բալխո գյուղը շրջանի փոքր գյուղերից մեկն է, այնտեղ ապրում է մոտ 600 մարդ: Ախալքալաքից դեպի Բալխո գյուղ մեքենայով 30 րոպե է: Վատ ճանապարհները գյուղի խնդիրներից մեկն է: Երբ մեր մեքենան գնում էր դեպի Բալխո գյուղ, սկսվեց հորդառատ անձրև, որն ավելի վատթարացրեց ճանապարհի վիճակը:
Արտյուշ Կարապետյանը դժգոհում է, որ վատ ճանապարհների պատճառով, նույնիսկ շտապօգնության մեքենան միշտ չի գալիս գյուղ:
«Մեր կարտոֆիլի բերքը այս տարի վատ է, եղանակը չորային էր, իսկ ջրելու հնարավորություն մենք չունենք», – ասաց Արտյուշ Կարապետյանը:
Ըստ Արշակ Մելքոնյանի իրենց գյուղը ամենից պրոբլեմային գյուղն է:
«Ցանքի համար հողատարածք չկա, իսկ ինչ էլ որ կա, հոկամցիները տարել են, ոչ ջուր կա, ոչ լույս, հոսքագծերը հին են, անընդհատ փչանում են, չգիտեմ թե ինչ ասեմ: GEOCEL-ի օպերատորը գյուղում տեղադրել է իր սարքավորումները և օգտվում է մեր էլեկտրաէներգիայից: Տեղի ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում»,- դժգոհում է Արշակ Մելքոնյանը:
Սպարտակ Գրիգորյանը կարծում է, որ բազմաթիվ խնդիրների պատճառով իրենց գյուղում մեծ է արտագաղթը (միգրացիա):
Հերմինե Մկրտչյանը, Թամար Մինասյանը խնդրել են օգնել, որ իրենց գյուղը ունենա բուժքույր:
«Երեխաները ծնվում են, չկա մեկը, որ նրանց պատվաստում անի: Ասում են, որ պետք է անի Բուխաշենի բուժքույրը, իսկ նա, իր հերթին ուղարկում է Գոմանի բուժքրոջ մոտ: Երբեք չես իմանա, թե ինչ կարող է պատահել երեխայի հետ, ամեն ինչ կարող է պատահել, մենք ոչ ոքի չենք կարող դիմել, մինչ շտապօգնության ժամանումը: Չնայած նախկին բուժքույր Մանուշակը մեզ կրկին օգնում է », – ասում է Հերմինե Մկրտչյանը:
Գյուղում նաև դժգոհում են, որ գյուղատնտեսական ապրանքների գինը ցածր է, իսկ Բալխո գյուղի գյուղացիները ապրում են կարտոֆիլից և մսից ստացված եկամտի հաշվին:
Շուշան Շիրինյան