Այս տարի, առաջին դասարանցիները հույս ունեին, որ ուսումնական տարին կմեկնարկեր առկա կարգով, սակայն նրանց համար «առաջին զանգը» կղողանջի հոկտեմբերի 4-ին, բայց փաստ չէ, որ դասերը հաստատ կսկսվեն դպրոցներում, ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից: Միևնույն ժամանակ, երկրում արդեն կա աշակերտների կատեգորիա, ովքեր իրենց առաջին դասարանը «հաճախել» են առցանց: Ինչպե՞ս է դա ազդել նրանց ուսման մակարդակի վրա մեկ տարի անց:
Առաջին դասարանցիների ծնողները հիմնականում դժգոհ են առցանց ուսուցման հեռանկարից: Նրանք կարծում են, որ առաջին դասարանի աշակերտը պետք է սկսի ճանաչել դպրոցը տեղում, հակառակ դեպքում նա ոչինչ չի սովորի:
«Ինչպե՞ս երեխային սովորեցնել առցանց: Նա նոր է դպրոց գնում: 6-7-րդ դասարաններում դա հնարավոր է, բայց էլի ցանկալի չէ: Ուսուցիչը պետք է այդ երեխային սովորեցնի այբ, բեն, գիմ, նստեն տետ-ա-տետ, կանչեն գրատախտակի մոտ: Դե իսկ առցանց, երեխան կարող է վերցնի, մի կողմ գցի տետրը և գնա խաղալու: Առաջին դասարանի երեխան ուսուցչի կարիքը ունի, ով նրան կսովորեցնի առերես: Առցանց ուսուցումը ոչ մի առավելություն չունի, կան միայն թերություններ», – ասում է Թոթխամ գյուղից տղամարդը, ով պատրաստվում է իր թոռնիկին ուղարկել առաջին դասարան: Երեխայի ընտանիքի անդամները հավելում են, որ գաջեթների անընդհատ օգտագործման պատճառով առաջին դասարանցու տեսողությունը վատացել է:
Ծնողները, որոնց երեխաներն իրենց առաջին դասարանն անցկացրել են առցանց և պատրաստվում են գնալ արդեն երկրորդ դասարան, նույնպես դժգոհ են ուսման արդյունքներից: Նրանց կարծիքով՝ առցանց ուսուցումն անարդյունավետ և սթրեսային է երեխայի համար:
«Նախ, ես ունեմ ավելի փոքր երեխա, որին պետք է խնամք, նա ինձ խանգարում էր առաջին դասարանցու հետ նստել և տնային աշխատանքներ կատարել: Օրվա առաջին կեսին, ես նրա ուսուցչուհին էի, մյուս կեսին` ծնողը, առավոտյան՝ բացատրիր, երեկոյան՝ տնային աշխատանք կատարիր նրա հետ: Երեխայի համար դա նույնպես սթրեսային էր, առցանց ուսուցումն անարդյունավետ է, նրանք ոչինչ չսովորեցին: Եվ ոչ բոլոր առարկաներն էին ուսումնասիրում նորմալ, միայն ամենակարևորները»:
Ըստ տարրական դասարանների ուսուցչուհու, ով անցյալ տարի առաջին դասարանի դասվարն էր, առցանց ուսուցման տարին շատ բացասական հետքեր թողեց երեխաների վրա բոլոր ոլորտներում` կրթություն, սոցիալականացում, ֆիզիկական առողջություն:
Նրա կարծիքով, ուսումնական նյութը ավելի վատ էր յուրացվում, նաև տուժում էր ուսումնական կարգապահությունը:
«Անցյալ տարի մեզ հաջողվեց դասարանում մի քանի տառ անցնել, իսկ մնացածն առցանց էինք սովորում: Նախ, նրանք սխալ էին գրում տառերը, դրանք իրար միացնում էին սխալ, որքան էլ ես չջանայի, ես տեսագրում էի տեսանյութեր: Երբ անցյալ տարի վերաբացվեցինք առցանց ուսուցումից հետո, երեխաները եկան դպրոց, և ամեն ինչ կարծես նորից էր սկսվում:
Երկրորդը՝ կարգապահությունն է: Յուրաքանչյուր ծնող կարծում է, որ եթե իր երեխան գոռա ճիշտ պատասխանը, ապա ես կմտածեմ, որ դա հիանալի է: Ես հերթով միացնում էի աշակերտների խոսափողերը և խնդրում նրանցից յուրաքանչյուրին պատասխանել: Ծնողները, սակայն, իրենք էին միացնում խոսափողերը և խրախուսում իրենց երեխաներին բացականչել ճիշտ պատասխանը. «Դե, պատասխանի՛ր դու»: Երբեմն ամբողջ ընտանիքը հավաքվում էր երեխայի շուրջը: Սա շատ էր խանգարում: Երեխաները միայնության մեջ ավելի ազատ են զգում, քան եթե ծնողները նստած են իրենց կողքին: Նրանք կաշկանդված են, կարծում են, որ «եթե սխալ ասեն, ամոթ կլինի», կամ սպասում են, որ ծնողները պատասխանը կասեն», – մեկնաբանում է նա:
Ըստ տարրական դասարանների դասվարի, երեխաներին անհրաժեշտ է կենդանի շփում, որը կազմում է նրանց սոցիալականացման ճանապարհին առաջին քայլերը, առանց դրա նրանք ավելի պարփակված են դարձել: Բացի այդ, միայն դպրոցի պատերի ներսում է, որ երեխաները լուրջ են վերաբերում ուսմանը և տրամադրվում աշխատելու:
«Երբ նրանք ինձ տեսնում էին դպրոցում միշտ վազում և գրկում էին, իսկ հետո նրանք ինձ տեսնում էին փողոցում, նույնիսկ բարև չէին ասում: Նույնիսկ մեկ անգամ տեսան տնօրենին և չբարևեցին: Հետո, երբ եկան դպրոց, նրանք կարծես վախեցած լինեին, վախենում են միմյանցից, իրենց հեռու էին պահում միմյանցից»:
Առցանց կրթության միակ առավելությունը, ըստ ուսուցչի, այն է, որ կարող ես շնորհանդեսներ ցուցադրել, ինչը դպրոցներում չկա: «Առցանց կան նաև դրական կողմեր, բայց ավելի սակավաթիվ աշակերտներով, եթե 5-ական հոգի լինեն»:
Տեսնելով առցանց ուսուցման ողբալի արդյունքները՝ Ախալքալաքի առաջին դասարանի շատ դասվարներ սկսեցին աշակերտներին հրավիրել մասնավոր դասերի տանը՝ խմբերով:
«Ամռանը ես ընդհանրապես չէի հանգստանում, այլ դասարանների երեխաների բոլոր ծնողները նույնպես ցանկանում էին, որ երեխաները պարապունքների գնան: Մենք տան 2 սենյակները միավորել էինք հատուկ դասեր անցկացնելու համար: Երբ առցանց ուսուցումը սկսվեց, տարրական դասարանների մեկ այլ ուսուցիչ սկսեց իր աշակերտներին կանչել իր բնակարան: Մեր ծնողները նույնպես ցանկացան, և ես սկսեցի դասավանդել տանը»:
«Իմ որդին առաջին դասարան է գնում, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է սովորելու, ես իմ սեփական դասաժամերն ունեմ, սկեսուրս՝ իրենը: Նա չի ճանաչում իր ուսուցչին, չգիտի իր համադասարանցիներին: Ինչպե՞ս է նստելու համակարգչի դիմաց», – ասում է նա:
Ըստ Կրթության նախարարության, Վրաստանի դպրոցներում կրթությունն օնլայն պետք է սկսվի այսօր՝ սեպտեմբերի 15-ին, իսկ հոկտեմբերի 4-ից՝ օֆլայն՝ երկրորդից մինչև 12-րդ դասարանների աշակերտների համար, իսկ առաջին դասարանցիների համար՝ հոկտեմբերի 4-ից: Միևնույն ժամանակ, նման որոշման համար նախապայման է հանդիսանում ուսման մեկնարկի պահին տվյալ քաղաքում կամ գյուղում վարակվածության ցածր մակարդակը: Բոլոր ուսուցիչներն ու ծնողները դեռ հույս ունեն, որ իրենց երեխաները կսկսեն սովորել անմիջապես դպրոցներում, այլ ոչ թե համակարգչի էկրանների առջև: