Ախալքալաքի փողոցներում հաճախ կարելի է նկատել աղավնիների, որոնց նկատմամբ քաղաքում հատուկ ուշադրություն են դարձնում երկու քաղաքացի, սակայն վերջերս աղավնիներին սկսել են սատկացնել, ինչն էլ խնամակալի դժգոհության առիթ է հանդիսացել։

Այսօր առավոտյան լացակումած, սպանված աղավնին և թակարդը ձեռքին մեզ դիմեց դերձակ Անուշը, ով տարիներ շարունակ գարի և ցորեն է գնում կար ու ձևով վաստակած գումարով, որպեսզի կերակրի թռչուններին: Հենց այդ թռչուններին բռնելու համար մի քաղաքացի թակարդ է դրել։

spanvac aghavnin

Առավոտյան նա գործի գալուց տեսել է, որ աղավնին ցած է ընկել, սկզբից մտածել է, որ կատուներն են որսացել, սակայն մոտ գալուց հետո բացահայտել է թակարդը։

«Գարի եմ գնել, որպեսզի կերակրեմ մեր խաղաղության աղավնիներին։ Ինչո՞ւ ագռավներին չեն սատկացնում, չէ որ աղավնին Նոյի խաղաղության աղավնին է։ Առավոտյան եկա, տեսա աղավնին ձեռքին։ Նրա ընկերը հասավ, որ դոխի վիզը քաշի, վազեցի և ձեռքից վերցրի։ Հատուկ տախտակ ունեն, որի վրա էլ կտրում են թռչունների գլուխները։ Աղավնին ճյուղը բերեց, որ մենք խաղաղ ապրենք, հիմա ինչու են սպանում, մեղք չեն», – թախծոտ աչքերով պատմում էր դերձակ Անուշը։

doxi spanman taxtak]

Դերձակը նաև համոզված է, որ եթե երիտասարդի ընտանիքի անդամները իմանան, ապա անպայման կսաստեն նրան։ Անուշը փորձում է ամեն ձև պայքարել, որպեսզի այս խաղաղասեր թռչուններին չորսան։

Նինո Ինասարիձեն նույնպես արդեն երեք տարի է կերակրում է եկեղեցու մշտական բնակիչներին։

«Ես կենդանիներ շատ եմ սիրում, երբ եկա այստեղ աշխատելու, եկածս օրվանից սկսեցի կերակրել նրանց։ Շատ են սիրում արևածաղկի սերմեր, 2 կգ տալիս եմ երեք օրվա ընթացքում», – ասաց Նինոն։

arevacaghik

Նրա ընկերները և ծանոթները, երբ իմացել են Նինոյի աղավնիների մասին, գյուղից նրան գարի և ցորեն են տարել։

Նինոյի աղավնիներին չեն որսում, սակայն նա էլ է անհանգստացած, աղավնիները «խռովել» են իրենից։

«Արձակուրդ էի գնացել մի շաբաթով, վերադարձա, սկսեցի կերակրել, սակայն եկեղեցու կտուրից չիջան, արդեն մի քանի օր է չեն իջնում, խռովել են ինձանից», – հավելեց Նինոն։

Նա տարբեր միջոցներ է փնտրում, որպեսզի «բարիշի» իր սիրելի թռչունների հետ, քանի որ նրա տված արևածաղկի սերմերը այդպես էլ մնում են գետնին։

keraskur

Մենք կփորձենք ճշտել թե՝ ո՞վ և ինչու՞ է որսում աղավնիներին և կտեղեկացնենք այդ մասին:

Գայանե Ակոջյան

՛