Մեկ տարի առաջ, երկու ընկերներ՝ Մարտին Թարզյանն ու Միխայիլ Չոմարյանը, որոշեցին անսովոր բիզնես սկսել Ախալքալաքում, մինչդեռ նրանց շրջապատում բոլորը հիմնականում կարտոֆիլ են աճեցնում, նրանք սկսեցին ազնվամորի տնկել: Այսօր նրանց բիզնեսն արդեն տվել է իր առաջին չնչին, բայց հուսադրող արդյունքները:
Մարտին Թարզյանն աշխատում է Ախալքալաքի Սակրեբուլոյում: Լսելով «Տնկիր ապագան» պետական ծրագրի մասին, որը ֆինանսավորում է տարբեր պտղատու ծառերի և թփերի աճեցումը, որոշեց ինքը զբաղվի այդ բիզնեսով:
Ըստ Մարտինի՝ ծրագրով նախատեսված պայմանները նրան ձեռնտու չէին, քանի որ նրանք չունեին սեփական հողեր: Հետևաբար, նա որոշեց ինքնուրույն զբաղվել ազնվամորու աճեցմամբ՝ իր ընկերոջ Միխայիլի հետ միասին:
Նրանք վարձակալեցին հողատարածք և տնկեցին ավելի քան 1000 ազնվամորու թուփ: Ըստ Մարտինի, այս տարի նրանք ստացել են իրենց առաջին բերքը, թեպետ և փոքր քանակությամբ:
«Մենք ծախսել ենք մոտ 5 հազար լարի՝ 1000-ից ավելի ազնվամորու թփեր աճեցնելու համար: Այս տարի շատ քիչ բերք էր, բայց մենք չենք վախենում, առաջին տարին միշտ էլ այդպես է», – ասում է ախալքալաքցի առաջին ֆերմերը, ով այս մասշտաբով ազնվամորի է աճեցնում:
Մարտինը նշում է, որ ազնվամորի աճեցնելու նպատակը ոչ միայն բիզնեսն է, այլև լավ օրինակ է հանդիսանում:
«Մենք ուզում ենք մեր շրջանի ժողովրդին ցույց տալ, որ Ջավախքում կարելի է կարտոֆիլից բացի շատ այլ բաներ աճեցնել», – ասում է Մարտին Թարզյանը:
Մարտինն ու Միխայիլը ծրագրում են ապագայում հաղարջ աճեցնել: Ըստ նրանց, եթե ամեն ինչ ընթանա լավ, ապա հետագայում նրանք ցանկանում են ավելի շատ ազնվամորի տնկել և դրանք վաճառել ամբողջ Վրաստանում:
Այժմ նրանք աճեցնում են վարդագույն հատապտղի երեք տեսակ՝ Նովա, Կարոլինա և Քեմբրի: Բոլոր երեք սորտերն ամերիկյան են:
Ըստ Մարտինի՝ նրանք կտեսնեն, թե երեք սորտերից որն է առավելագույն բերք տալիս, և ապագայում միայն այս տեսակն են աճեցնելու:
«Հուսով եմ, որ երկրորդ կամ երրորդ տարում մեկ թուփն արդեն կտա ավելի քան 2 կգ ազնվամորի», – ասում է նա:
Ազնվամորին շատ է սիրում ջուր, հատկապես գարնանն ու ամռանը: Կարևոր է, որ արմատները բավարար հեղուկ ստանան: Մարտինն ու Միխայիլը հաջորդ տարի նախատեսում են ոռոգման համակարգ տեղադրել:
Ըստ Մարտինի, մեր կլիման հարմար է ազնվամորի աճեցնելու համար: Սկսնակ ֆերմերները հույս ունեն, որ ապագայում ազնվամորու աճեցումը տարածում կգտնի մեր տարածաշրջանի բնակիչների շրջանում:
Բրատիսլավ Իգիթխանյան