Ախալքալաքի միակ հասարակական զուգարանը, որը կառուցվել է անցյալ տարի, սակայն դեռ չի աշխատում, հնարավոր է, գործի այն ժամանակ, երբ կողմերը գան ընդհանուր հայտարարի:

Վերջերս Jnews-ը գրել էր, որ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որին հանձնվել է հասարակական զուգարանի սպասարկումը, հրաժարվում է ընդունել այն: Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը նշել է մերժման մի քանի պատճառներ՝ ջրի ցածր ճնշումը, կոյուղու և աշխատողների տեղի բացակայությունը:

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Ալբերտ Նահակակյանը, ով հասարակական զուգարանի շինարարության ընդունման հանձնաժողովի նախագահն էր, պարզաբանում է:

«Բացի ինձանից աշխատանքներն ընդունել է «Խրիզոլիտ» կազմակերպությունը, որը տվել է իր եզրակացությունը: Եթե կասկածում են, որ աշխատանքները թերի են կատարվել, կա սմետա, թող սմետայով կետ առ կետ ստուգեն », – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Ալբերտ Նահատակյանի խոսքերով, եթե ջրատարում թույլ է ճնշումը, ապա դա արդեն Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման կենտրոնի գործն է՝ լուծել այդ խնդիրը:

«Կոյուղու համակարգը աշխատում է նորմալ, այն միացած է հանրային ռեեստրի կոյուղուն: Ամբողջ ձմեռը ջուրը բաց է եղել, որ չսառի, եթե կոյուղի չկա բա ջուրը ուր է գնացել: Իսկ այն, որ աշխատողի համար տեղ չկա, կարող են պահեստում պատուհան բացել և այնտեղ աշխատողի համար հարմարացնել », – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Այն բանից հետո, երբ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հրաժարվեց սպասարկել հասարակական զուգարանը, Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման կենտրոնը սկսեց աշխատանքներ իրականացնել ջրախողովակներում ջրի ճնշման մեծացման ուղղությամբ, ինչի արդյունքում պետք է լուծվեր կենտրոնական զբոսայգու մոտ ապրող 7-8 բաժանորդի խնդիրը, ովքեր արդեն 4 տարի տներում նորմալ ջուր չունեն:

Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է, որ տեսել է, որ աշխատում են ջրի ճնշման բարձրացման վրա, բայց արդյունքների մասին դեռևս չգիտի:

«Այսօր նրանք ինձ մոտ էին, ես նրանց ասացի, որ թող ամեն ինչ նորմալ վիճակի բերեն ու ես կնդունեմ և կսպասարկեմ: Ես շինարարական ընկերություն չեմ, և ինձ մոտ շինարարական աշխատանքների համար ծախսեր նախատեսված չեն », ասում է Արմեն Բիչախչյանը:

Շուշան Շիրինյան